«Ազգ» -ը նախորդ համարներում տեղեկացրել էր, թե ինչ միջոցառումներ է նախատեսել Ռուսաստանի հայերի միությունը` Մոսկվայում: Դեռեւս ապրիլի 23-ին կազմակերպվել է բողոքի պիկետ` Մոսկվայում թուրքական դեսպանատան առջեւ: Ապրիլի 24-ի առավոտյան Մոսկվայում կառուցվող Հայ առաքելական եկեղեցու բակում հավաքվել են հայկական հասարակական կազմակերպություններ, ՀՀ դեսպանատան ներկայացուցիչներ, ուսանողներ, դպրոցականներ, որոնք ծաղկեպսակ են դրել տեղի հայկական խաչքարի առջեւ: Այս արարողությունից հետո Ռուսաստանի հայերի միության պատվիրակությունը` նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, մասնակցել է կազմակերպված բողոքի ցույցին: Ելույթ ունենալով հավաքվածների առջեւ` Աբրահամյանը նշել է, որ ինքը կողմ է ՀՀ նախագահի ուղերձի բովանդակությանը` կասեցնել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը: Աբրահամյանն ընդգծել է, նաեւ, որ չնայած պետական մակարդակով դիմադրությանըՙ այսօր Թուրքիայում սկսվել է մի գործընթաց, որը վաղ, թե ուշ պիտի բերի Ցեղասպանության ճանաչմանը` հենց Թուրքիայում:
Ցույցին ելույթ են ունեցել հայկական կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՌԴ Պետդումայի պատգամավորներ ու ռուսական հասարակական, երիտասարդական կազմակերպությունների անդամներ:
Ապրիլի 24-ի երեկոյան Մոսկվայի Երաժշտության միջազգային տանը տեղի է ունեցել «Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հուշ երեկո», որը նույնպես կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միությունը, ինչպես նաեւ ՀՀ դեսպանատունը: Այս միջոցառմանը ելույթ են ունեցել Մոսկվայում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը , Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն ու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը :
Հ. Ա.