«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2010-04-23 | #74, 2010-04-24 | #75, 2010-04-27


ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿ ՏԱՐԻՆ

Ինչպե՞ս ձերբազատվել միֆերից

Ապրիլի 24-ի նախօրեին հանրապետության նախագահը հայտարարեց Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին, ինչը նախանշեց երկկողմ հարաբերությունների ավարտը: Եվ այսպես, բազմաչարչար «ֆուտբոլային դիվանագիտությունն» այլեւս պատմություն է: Ի՞նչ տվեց այն մեզ: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մեկ տարին ոչ միայն բուռն էր, այլեւ ուսանելի, եւ պետք է հասկանանք, թե ինչ ստացանք այդ շփումներից եւ ինչ կորցրեցինք: Կարծում եմ, հիմնականը, ինչ մենք ձեռք բերեցինք, այն առասպելների վերացումն էր, որով մեզ տարիներ շարունակ «վախեցնում» եւ կերակրում էին տարբեր լրատվամիջոցներ եւ կազմակերպություններՙ «ժամանակակից, քաղաքակիրթ» Թուրքիայի մասին: Նախկինում հայկական մամուլում հաճախ կարելի էր հանդիպել այն պնդմանը, թե Թուրքիան փոխվել է եւ այժմ այլ երկիր է, իսկ պնդումը, թե մեր հարեւանը եղել ու դեռ երկար ժամանակահատված կմնա ցեղասպան երկիր եւ մեր ոխերիմ թշնամին, շատ «առաջադեմների» կողմից ընկալվում էր որպես կարծրատիպերով մեր հարեւանին նայելու փորձ: Սակայն «թուրքը մնում է թուրք» հայտնի կարգախոսը նոր թարմություն եւ իմաստ ստացավ վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «ջանքերով», որի հակահայ ելույթները եւ հայտարարություններըՙ անօրինական բնակվող հայերին վտարելու մասին, նույնիսկ մեծագույն «թուրքասերներին» վերջնականապես համոզեցին, որ, իսկապես, հարեւան երկրում վերջին 100 տարում ոչինչ էլ չի փոխվել: Այսինքնՙ այն, ինչը չէին կարող անել հայրենի հեղինակները Թուրքիայի իրական դեմքը բացահայտելու գործում, լավագույնս կատարեց այդ երկրի վարչապետը: Քաղաքակիրթ թուրքի մասին երազողներին խոր հիասթափություն էր սպասում: Այդ երկիրն իր զարգացման մեջ ոչ մի քայլ առաջ չի շարժվել եւ մնում է որպես ագրեսիվ հարեւան, որի գործողությունները ուղղված են միայն Հայաստանի վրա ճնշում գործադրելուն եւ իր դիրքերը մեր տարածաշրջանում հնարավորինս ամրապնդելուն: Այսինքնՙ հայերի դեմ իրականացրած Ցեղասպանությունը եւ 1993-ից Հայաստանի Հանրապետության շրջափակումը դրվագային գործողություններ չեն, այլ այդ երկրի իրական դեմքը բացահայտող ծրագրված քաղաքականություն: Թուրքիայի վարչապետի ագրեսիվությունը եւ մեծամտությունը բացահայտում է միայն, որ նա եւ այդ երկրի քաղաքական բոլոր կուսակցությունները իրենց ճնշող մեծամասնությամբ Թալեաթի եւ Էնվերի քաղաքական կուրսի շարունակողներն են: Իսկ Ցեղասպանության շարունակական հերքումները, որոնք անընդհատ հնչում են պաշտոնական Անկարայից, մեկ անգամ եւս ապացուցում են, որ նրանք ոչինչ չեն սովորել իրենց պատմությունից, եւ բացառված չէ, որ հնարավորության դեպքում կրկնեն այն: Մնում է միայն հուսալ, որ գոնե մենք դասեր կքաղենք այս ամենից եւ հերթական անգամ չենք հայտարարի «նոր, փոխված, քաղաքակրթված» թուրքի մասին, որն իբր ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել իր հարեւանի հետ: Այսինքնՙ որեւէ երկխոսություն մեր հարեւանի հետ պետք է տարվի գիտակցությամբ, որ մենք գործ ունենք Ցեղասպանություն իրականացրած ժողովրդի ժառանգների հետ, որոնք չեն պատրաստվում զղջալ եւ ներողություն խնդրել իրենց նախնիների կատարած ոճրագործության համար:

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, Արմենական-ՌԱԿ փոխատենապետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4