Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում, ՀՀ Սփյուռքի նախարարության ու ՀԲԸ Միության հովանավորությամբ Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում ապրիլի 21-ին, 23-ին եւ 25-ին ներկայացվեցին Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» (հերոսապատում 2 մասից, բեմադրության հեղինակ` ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյան) եւ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» ներկայացումները (բեմադրությունը` Տիգրան Գասպարյանի): Ապրիլի 23-ին կայացած «Մուսա լեռան քառասուն օրը» ներկայացմանը նախորդեց ՀԲԸ Միության Երեւանի սկաուտական խմբերի կազմակերպած Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման հսկման արարողությունը, որի ընթացքում հանդիսականները, նախքան ներկայացման սկիզբը, թատրոնի նախասրահում սկաուտների ու արենուշների ուղեկցությամբ մոմավառությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Ներկայացմանը ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսանողներ, դպրոցականներ, ՀԲԸ Միության Երիտասարդ արհեստավարժներ, սկաուտներ ու արենուշներ, ինչպես նաեւ մեծ թվով հանդիսականներ: Լեփ-լեցուն դահլիճում ընթացած ներկայացումն արժանացավ հանդիսատեսների գնահատանքին ու ծափերին: