«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2010-04-23 | #74, 2010-04-24 | #75, 2010-04-27


ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆՏՐԵՑ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՏԱՐԲԵՐԱԿԸ»

ՀՀ նախկին արտգործախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանը երեկ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլին, գնահատել արձանագրությունների առկախումն ու իր մտահոգություններն արտահայտել ղարաբաղյան խնդրի կապակցությամբ: «Ազգին» ուղարկած հոդվածում Օսկայանը գրել է. «Եթե այս իրավիճակից դուրս գալու կես տասնյակ ելք կար` ոչինչ չանելուց միչեւ ստորագրության հետկանչ, իշխանությունն ընտրեց մեզ համար ամենաանբարենպաստ տարբերակը: Այժմ Թուրքիայի վրայից սահմանի բացման ամեն պարտավորություն հանված է` մինչեւ չլուծվի ղարաբաղյան խնդիրը, ինչը Թուրքիան հենց սկզբից ցանկանում էր: Հայկական կողմն արեց այն, ինչն ամենացանկալին էր Թուրքիայի համար` չվավերացնել արձանագրությունները, սակայն չհրաժարվել դրանցից` Թուրքիային հնարավորություն տալով շարունակելու ներգրավված մնալ ղարաբաղյան հարցում»:

ՀՀ արտաքին գերատեսչության նախկին ղեկավարը նկատում է, որ իշխանությունները մեկ տարի շարունակ հերքել են հայ-թուրքական գործընթացում առկա խնդիրներն ու քննադատությունը: Նույն երեւույթը Օսկանյանը նշմարում է այսօր Ղարաբաղի հարցում:

«Քննադատությանը հակադարձում են, թե ղարաբաղյան բանակցություններում ամեն ինչ լավ է ընթանոմ, ոչ մի վտանգավոր զարգացում չկա: Փաստը մնում է անփոփոխ. բանակցային գործընթացն ընթանում է մեզ համար անբարենպաստ հունով: Իրավիճակը պետք է շտկել, եթե դրա համար անհրաժեշտ է ոչ միայն շեշտադրումների, այլեւ քաղաքականության փոփոխություն: Իշխանությունները պետք է համարձակություն ունենան իրականությունը սթափ գնահատելու, լրջությունն ընդունելու, որպեսզի Ղարաբաղի հարցում էլ նույն իրավիճակում չհայտնվենք», գրում է Օսկանյանը` առաջարկելով իշխանություններին ընդունել առկա խնդիրներ, պարզել դրանց առաջացման պատճառներն ու վերջ տալ իրականությունը հերքելու ավանդույթին:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4