«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2010-04-24 | #75, 2010-04-27 | #76, 2010-04-28


ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 84 ՏՈԿՈՍԸ ԴԵՄ Է ՓՈԽԶԻՋՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻՆ

Նախորդ տարիների համեմատությամբՙ ղարաբաղցիների հետաքրքրությունը քաղաքական հարցերի եւ տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ մեծացել է: Պատճառն այն է, որ ղարաբաղցիները մտահոգություն ունեն, որ կգա մի օր, երբ առանց հարցնելու կորոշեն իրենց ճակատագիրը:

Ղարաբաղում հասարակության քաղաքականացվածությունը նկատվում է նաեւ սոցիոլոգիական տարբեր հարցումներում: Նմանատիպ վերջին հարցումը իրականացրել են «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի աշխատակիցները ապրիլի 8-10:

«Հետաքրքրությունը բարձրացել է, նրանք անտարբեր չեն իրենց ճակատագրի նկատմամբ», «Դե ֆակտո» ակումբում երեկ նկատեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը: Հարցումն անցկացվել է Ստեփանակերտում, վեց շրջկենտրոններում եւ 28 գյուղում: Հարցմանը մասնակցել է 1408 բնակիչ:

Վերջին շրջանում հաճախակի բնույթ են ստանում Ղարաբաղի ստատուս քվոյի մասին խոսակցությունները: «Շրջանների վերադարձի դիմաց ստատուս քվոյի տրամադրում» բանաձեւը բարկացնում է ղարաբաղցիներին:

Հարցվածների 84 տոկոսը դեմ է ղարաբաղյան հարցի լուծման փոխզիջումային տարբերակին, 0.2 տոկոսը Ղարաբաղի ապագան տեսնում է Ադրբեջանի կազմում, 10 տոկոսը փոփոխություններ չի ցանկանում` սպասելով, որ ժամանակը կթելադրի լուծում:

Սոցիոլոգը պատմում է, որ արցախցիներին հուզող հարցերից է նաեւ վերաբնակեցման խնդիրը: «Ոչ մի դեպքում»: Այսպիսին էր 92 տոկոսի պատասխանը Ղարաբաղում թուրքախոսների վերաբնակեցման հեռանկարի մասին հարցին:

Հայ-թուրքական հարաբերություններում անընդհատ խաղարկվող ղարաբաղյան կարգավորման հարցին եւ զիջման պարագայում սահմանի բացմանը դեմ է հարցվածների 85 տոկոսը: «Ո՛չ ադրբեջանցիներից ենք վախենում, ո՛չ թուրքերից, ձեզանից ենք վախենում», խոսելով հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հարցի մասինՙ Ղարաբաղում մի պաշտոնյա այսպիսի պատասխան է տվել սոցիոլոգին: Չի կարելի կարծել, որ սա Ղարաբաղի ողջ բնակչության տեսակետն է, սակայն պաշտոնյան արտահայտել է հասարակության որոշակի հատվածի տեսակետը, ինչն արդեն մտահոգիչ է:

Արցախցիները քաղաքական գործիչներից առավելապես վստահում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ադիբեկյանը դա պայմանավորում է Սարգսյանի ղարաբաղյան արմատներով: «Սերժ Սարգսյանն առաջնահերթ ընկալվում է ղարաբաղցի, ում վարձակալությամբ տվել են Հայաստանին որպես նախագահի»:

Երկրորդ հորիզոնականում` 25 տոկոս ձայնով, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն է, երրորդում` ռուսական Պուտին-Մեդվեդեւ զույգը` 9.9 տոկոս: Հատկանշական է, որ ԼՂՀ առաջին նախագահին, որը պատերազմի ժամանակ ընտանիքի հետ ապրում էր Ստեփանակերտում, վստահում է ընդամենը 6.8 տոկոսը: Սոցիոլոգը դա բացատրում է այն հանգամանքով, որ Ռոբերտ Քոչարյանը որոշումների կայացման մակարդակում չի գտնվում:

Պարզվում էՙ Ղարաբաղում կան մարդիկ, որ վստահում են Ադրբեջանի «սուլթան» Ալիեւին: 0.1 տոկոս կազմող խմբում հիմնականում գտնվում են խառնամուսնություններից ծնվածները կամ էլ նախկին պաշտոնյաները, ովքեր նախկին իշխանությունների ժամանակ ունեցել են պաշտոն, ունեցվածք, հարգանք եւ անուն, իսկ կարգերի փոխվելուց հետո կորցրել են ամեն ինչ եւ, առաջնորդվելով նոստալգիկ տրամադրություններով, ցանկանում են անցյալի վերադարձ:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4