«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2010-04-24 | #75, 2010-04-27 | #76, 2010-04-28


ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ «ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է. ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՈՐ ԿԱՐՈՂ Է ՄՈՌԱՆԱԼ ԻՐ ԱՆՑՅԱԼԸ, ԱՆԲԱՐՈ Է»

«Մինչեւ 1965թ., ես` հայրենադարձս, Հայոց ցեղասպանության մասին աղոտ պատկերացումներ ունեի: Ապրիլի 23-ից հետո միանգամից գալիս էր ապրիլի 25-ը, 24 չկար: Ցեղասպանության մասին պատմություններ լսել եմ հարեւաններից: Երեկոյան մթության մեջ կիսել էինք խմում ու լսում Եղեռնի մասին տիկին Սրբուհու եւ պարոն Գեւորգի պատմությունները: Բայց 1965-ին անմոռանալի բան եղավ, քնած ժողովուրդը զարթնեց: Մեջս մի բան է տպավորվել: Մենք անկարգապահ ժողովուրդ ենք, բայց այդ օրը 100.000 հոգուց ոչ մեկը մի ծաղիկ, մի կանաչ չտրորեց... զարմանալի բան էր», «Դե ֆակտո» ակումբում հիշում է գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը :

«7-8 տարի առաջ ինձ զանգահարեց «Ազգ» օրաթերթի խմբագիրը, ասաց «Հյուրիեթից» մի լրագրող է եկել ուզում է հետդ հանդիպել, հարցազրույց վերցնել: Երբ հանդիպեցինք, ասացի, որ մեր զրույցը չի կարող ստացվել, եթե չզրուցենք Հայոց ցեղասպանության մասին: Համաձայնեց, երկար զրուցեցինք: Հայը երբեք չպետք է մոռանա իր անցյալը: Հիշողությունը բարոյականություն է, իսկ այն ժողովուրդը, որը կարող է մոռանալ իր անցյալը` անբարո ժողովուրդ է», նկատում է նա:

Թեպետ Զեյթուցյանն ատում է թուրքերին, սակայն գիտակցում է, որ հարեւաններ ենք եւ ստիպված ենք միասին ապրել: «Հաշտություն երկու ժողովուրդների միջեւ երբեք չի լինի, սակայն նորմալ հարաբերություններն անհրաժեշտություն են: Սահմանները բացենք, դիվանագիտական հարաբերություններ ստեղծենք` չի խանգարի: Դրան կողմնակից եմ, բայց «շան հետ ընկերություն արա` փայտը ձեռքիցդ մի գցի», սա չպետք է մոռանանք: Միայն խղճում եմ այն դիվանագետներին, որ պետք է գնան Անկարա», ասում է նա:

Հրապարակախոսը մտավախություն ունի, որ սահմանների բացումը չի նպաստի ժողովուրդների երկխոսությանը, քանի որ ճշմարտությունը հնարավոր չէ կեղծել: «Երկու երկրների ժողովուրդները չեն կարող մոռանալ անցյալը, հատկապես հայերը, երկխոսությունն էլ դժվար ստացվի: Անդունդը երբեք չի լցվի, երկու ժողովուրդների միջեւ հսկայական վիհ կա»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4