Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները Ռուսաստանում կրկին սրեցին ազգային անհանդուրժողականության հարցը: Քիչ թե շատ հանդարտված կովկասատյացությունը նոր փուլ թեւակոխեց, եւ ակնհայտ երեւում է, որ չնայած բազմաթիվ հայտարարություններին, երկրի ղեկավարությունը հստակ պատկերացում չունի, թե ինչպես կարելի է պայքարել ստեղծված ազգամիջյան, կրոնական, կենցաղային անհանդուրժողականության, ծայրահեղականության դեմ:
Ասվել է, որ Ռուսաստանի համար խնդիրը խրթին է նրանով, որ «կովկասցի» հասկացությունը վերաբերում է ե՛ւ սեփական քաղաքացիներին, ե՛ւ Անդրկովկասից եկած «անկոչ» օտարերկրացիներին: Բնական է, շատ ավելի բարդ է վերաբերմունքը հենց սեփական հյուսիսկովկասցիների նկատմամբ, որոնք, լինելով այդ երկրի բնակիչներ, իրենց մահաբեր գործողություններով սպանդի են ենթարկում միանգամայն անմեղ այլ համաքաղաքացիների, բարձրագույն իշխանություններին կանգնեցնելով անելանելի վիճակի առջեւ: Ի վերջո հիջաբՙ գլխաշոր կրում է ոչ միայն հյուսիսկովկասցի աղջիկը, այլեւ թաթար, բաշկիր, յակուտ կինը, որն ահաբեկչության հետ կապ չունի:
Փոխվե՞լ է, ուժեղացե՞լ է բացասական վերաբերմունքը բուն անդրկովկասցիների նկատմամբ: Ոչ այնքան: Ըստ էության, կովկասատյացությունը Ռուսաստանում սկսվեց նրանցից, երբ «անձնազոհ» պայքար մղելով Մոսկվայի ատելի լծից ազատագրվելու համար եւ ստեղծելով անկախ պետություններ, նրանք այնուհետեւ միլիոններով լցվեցին այդ նույն երկիրը, բնավ էլ իրենց չպահելով հյուրի պես: Սակայն հասնելով բարեկեցիկ կյանքի եւ որոշակի իմաստով ինտեգրվելով տեղացիների հետ, անդրկովկասցիները դարձել են նվազ անցանկալի անձինք:
Կթուլանա՞ այլատացության ալիքը ռուսաց հողում: Հազիվ թե: Եվ դրան ահաբեկչության հետ մեկտեղ նպաստում է նաեւ միգրանտների խնդիրը: Վերջերս Հայաստանի առաջատար թերթերից մեկում հոդված էր հրապարակվել Ռուսաստանում այդ գերազանցապես ապօրինի հայտնված ներգաղթյալների նկատմամբ «անարդար» վերաբերմունքի մասին: Թե ինչու ռուսները նրանց պիտի ընդունեն գրկաբաց, հայտնի չէ: Երբեմն այն տպավորությունն է ստեղծվում, որ նման հոդվածագիրները վաղուց չեն եղել Ռուսաստանում եւ անմիջականորեն չեն բախվել այդ երեւույթին: Ռուս չլինելով` փորձեք մարսել միջինասիական մուսուլմանական «միջնադարյան» գորշ զանգվածի ներկայությունը: Հնարավոր չէ «գորովագութ» դառնալ, երբ Մոսկվայի փողոցներում տեսնում ես նրանց «կոմունալ» թափառախմբերը: Բանը հասել է այնտեղ, որ «հնամյա» տաջիկներն իրենց հանցագործությունների քանակով արդեն տվել-անցել են անդրկովկասցիներին: Այնպես որ ճիշտ կլինի, որ Հայաստանում ոչ թե մտահոգվեն Ռուսաստանում միգրանտների նկատմամբ ստեղծված անհամակիր վերաբերմունքով, այլ սոցիոլոգիական խոր հետազոտություններ կատարեն, թե ինչու 100 թե 15 հազար ոչ լեգալ հայ միգրանտներ են հայտնվել ատելի, թշնամական, բարբարոս Թուրքիայում:
Ո՞րն է միգրանտների խնդիրը Ռուսաստանում եւ ինչո՞ւ ընդգծվեց այս պարագան: Խորհրդային Միության քայքայումից հետո նորանկախ պետություններում շարժում սկսվեց սեփական երկրներն ազգային առումով միատարր դարձնելու ուղղությամբ: Այսօր բազմազգ Թբիլիսին կամ Բաքուն գրեթե միատարր են դառնում, նույնիսկ հսկայական Ուկրաինան ձեռնամուխ է եղել երկիրը «ուկրաինացնելու» մասշտաբային գործին: Եվ այլազգիների նկատմամբ խտրական քաղաքականությունից էապես տուժեցին հենց ռուսները: Իսկ ինչո՞ւ բացառել (իսկ որոշ փորձագետներ դրանում համոզված են), որ Ռուսաստանը եւս կայսրապետությունից կփորձի անցնել ազգայինիՙ ռուս տարրի գերակայության պահպանմամբ: Եվ այստեղ կովկասցիները թե միջինասիացիները ինքնին ստեղծում են անցանկալի «օտարի» կերպարը: Անկոչ երկվորն աշխարհընկալման իր յուրահատկություններով դառնում է անընդունելի անձՙ արժանի մերժման ու վտարման: Ճիշտ է, ռուսների (Պուտինի արտահայտությամբՙ «բնիկների») նման անհանդուրժողական վերաբերմունքը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների, բայց դա արդեն ուրիշ հարց է: Համենայն դեպս ստեղծված իրողությունների ու դրանց զարգացման միտումների, գործընթացների հանդեպ վերլուծաբանների մի մասը բնավ էլ լավատեսորեն չի տրամադրված: Ահա մոսկովյան լրատվամիջոցներից մեկի տեսակետը. «Ազգի կազմավորումը չպետք է պարտադիր ուղեկցվի արյամբ: Սակայն դժվար է չվերհիշել հայերի ճակատագիրը, որոնք երկար տարիներ ապրել են Օսմանյան կայսրությունում, սակայն որոնց տեղ չգտնվեց նորաստեղծ թուրքական պետությունում: Իհարկե, դա տեղի է ունեցել մոտ հարյուր տարի առաջ, սակայն համադրումը, այնուամենայնիվ, տհաճորեն ապշեցնում է իր ստույգությամբ. ե՛ւ այն ժամանակ այնտեղ, ե՛ւ այժմ մեր երկրում խոսք է գնում կայսրապետական անցյալի, «ներքին թշնամու, մուսուլմանների ու քրիստոնյաների, իսկ ըստ էությանՙ էթնիկ օտարականների մասին»:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա