«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2010-04-27 | #76, 2010-04-28 | #77, 2010-04-29


«ԻՆՉՊԻՍԻ՜ ՆՈՂԿԱՆՔ... ԱՄՈԹ ՈՒ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ»

Հայոց ցեղասպանությունըՙ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծրագրում. ունկնդիրների կարծիքներ

«Դե իհարկե, Ցեղասպանություն չի եղել: Հայերն իրենք իրենց են սպանել, դա նրանք սիրում են», այսպես է ունկնդիրներից մեկն արձագանքել «Ինչո՞ւ են այսքան պատմաբաններ Թուրքիայում ուսումնասիրում Հայոց ցեղասպանության խնդիրը» ռադիոհաղորդմանը, որ եթեր է հեռարձակել ապրիլի 22-ին ամերիկյան «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, ապա նաեւ տեղադրել իր կայքէջում: Հաղորդումը պատրաստել է ռադիոկայանի Ստամբուլի թղթակցուհին:

Ի պատիվ (կամ անպատվություն) «Ազատություն» ռադիոկայանի, արձագանքները շատ են: «Ահմադինեժադը հերքում է Հոլոքոսթը, տիկին թղթակիցըՙ հայերի ցեղասպանությունը: Շնորհավորում եմ «Ազատություն» ռադիոկայա՜ն, դուք լավ շրջապատում եք»: «Այնպիսի ասպարեզ, ինչպիսին «Ազատություն» ռադիոկայանն է, սա ողորմելի է, առավել եւսՙ ապրիլի 24-ի նախօրեին: Ամաչում եմ «Ազատություն» ռադիոկայանի համար»: «Նյութը լսելիս տպավորություն է ստեղծվում, որ հայերը կոտորել են ողջ թուրք ժողովրդին...»: «Ազատություն» ռադիոկայանը պետք է ներողություն խնդրի ունկնդիրներից: Մի՞թե այսպիսիք են «Ազատություն ռադիոկայանի լրագրողական բարձր չափանիշները»: «Ամո՜թ, ամո՜թ ու խայտառակություն»:

Ինչո՞ւ են այսքան վրդովված «Ազատություն» ռադիոկայանի ունկնդիրներն ու ընթերցողները: Թուրք պատմաբանների կարծիքներից ու գնահատականների՞ց: Ոչ միայն:

«Դուք ներկայացրիք թուրքական կողմի կարծիքը: Փորձեք հարցնել հայերին»

Ստամբուլից ստացված հաղորդագրությունը հնչում էր եթերում 15 րոպե, դա չափազանց երկար է ռադիոհաղորդման ու անխղճորեն երկարՙ ունկնդրի համար: Արդեն միայն սա ոչ պրոֆեսիոնալիզմ է, սակայն, անշուշտ, խոսքը չափի մասին չէ, այլ պարունակության:

Օրինակ, ունկնդիրն իմանում է, որ ամերիկացի պատմաբան Դասթին Մաքքարթին «պնդում է, թե Ցեղասպանությունը պատմաբանների հնարածն է» (ենթադրվում էՙ ոչ թուրք), իսկ «հայտնի անգլիացի պատմաբան» Նորման Սթոունի գիրքը «Առաջին համաշխարհային պատերազմ. կարճ պատմություն», հերքում է Ցեղասպանության մասին բոլոր թեզերը»: Հենց այս գրքից մեջբերումով հաղորդագրության հեղինակը պարզաբանում է, թե ինչու են հայերը հատկապես ապրիլի 24-ին նշում Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Պարզվում է, որ հատկապես այդ օրն են ձերբակալվել «հայկական ավազակախմբերի ղեկավարները, ովքեր դավաճանել էին Օսմանյան կայսրությանը»: Իրադարձություններից անտեղյակ մարդը սա կընդունի իբրեւ լուրջ տեղեկությունՙ ստացված հեղինակավոր աղբյուրից: Սակայն յուրաքանչյուր հայ կփշաքաղվիՙ լսելով, որ հայ մտավորականության ողջ սերուցքըՙ գրողներ, բժիշկներ, պատգամավորներ, իրավաբաններ, հրատարակիչներ, ավազակախմբերի ղեկավարներ են անվանվում: Այդուհետեւ լրագրողը լկտի անամոթությամբ հարցնում էՙ հաստատելու պես կրկնելով թուրքական պաշտոնական տեսակետը, թե տեղ գտած տեղահանությունները փաստորեն պարտադրված քայլ էին, պատճառաբանված պատերազմական գործողություններով: Իսկ խմբագիրը հանգիստ դա եթեր է հեռարձակում:

Մենք նպատակ չունենք կրկնելու հաղորդման մեջ հնչած ստերն ու անհեթեթությունները կամ լրջորեն պատասխանելու դրանց: Մեր նպատակը ասածների անհիմն լինելն ապացուցելը չէ փաստերով ու արխիվային նյութերով: Սակայն կան ակնհայտ ստեր, որ լրագրողն էլ չէր կարող չտեսնել: Հաղորդագրության մեջ ձայն է տրվում «իրադարձությունների սակավաթիվ ականատեսներից մեկինՙ 107-ամյա Քեմալ Ակային. «Վանի նահանգում հայերն ապստամբություն բարձրացրին: Մեր գյուղում մոտ 200 բնակիչ կար, հիմնականում մնացել էին կանայք, տղամարդիկ գնացել էին ճակատ: Ես 5 տարեկան էի: Ես չեմ հիշում ամեն ինչ, սակայն հիշում եմ, որ բոլորին քշեցին մի տուն, մի քանի օր մնացինք առանց սննդի, մեզ միայն ջուր էին տալիս, հետո բոլորին գնդակահարեցին, ինձ փրկեց տատս, նա իր մարմնով ինձ փակեց...»:

Ինչպե՞ս է ստացվել, որ ծերունին, որ ծնվել է մոտավորապես 1903 թվականին, 1915-ին եղել է միայն 5 տարեկան, այլ ոչ թեՙ 12: Եվ ինչպե՞ս է, որ այս ակնբախ անհեթեթությունը, որ ի չիք է դարձնում հոգեցունց ողջ վկայության վավերականությունը, չեն նկատել ո՛չ Ստամբուլի թղթակիցը, ո՛չ Պրահայի խմբագիրը, որ այն եթեր է հեռարձակել: Ստացվում է որՙ (դարձյալ մեջբերում արձագանքից) «Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին նման հաղորդագրությունն առնվազն ստորություն է: Չգիտեմ, թե ինչ էր մտածում թղթակիցը, երբ գրում էր այս նյութը, ինձ համար առավել անհասկանալի է «Ազատություն» ռադիոկայանի ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը: Ձեր նյութը կողմնակալ է ու ունի հստակ հակահայ բնույթ»: Մեկ այլ ունկնդիր էլ գրել է. «Եկեք նաեւ ասենք, որ Սումգայիթում ու Բաքվում 1988-ին ջարդեր չեն եղել: Սիրտս արյունով է լցվում, որ հատկապես նման մի օր լսում ու կարդում ես այսպիսի անհեթեթություն, հատկապեսՙ ռուսներից»:

Ըստ որում, Ստամբուլի թղթակիցը գոնե կեսբերան պատասխանում է վերնագրի մեջ դրված հարցինՙ ինչո՞ւ է Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը դարձել այսպիսի զանգվածային զբաղմունք թուրք պատմաբանների համար. որովհետեւ, ինչպես նա նշում է հաղորդման վերջում, «պատմության շուրջը քննարկումներն այսօրվա Թուրքիայում կենտրոնական քաղաքական դիրք են գրավում»: Անշուշտ, թղթակիցը գոնե պետք է խոսեր այն թուրքերի հետ, ովքեր, հենց իր բառերով ասած, «աներկբայորեն ընդունում են Հայոց ցեղասպանության փաստը»: Դա, ավաղ, տեղի չունեցավ: Միեւնույն ժամանակ, պետք է նշենք, որ Ստամբուլից հաղորդագրություն ուղարկող թղթակցի հիմնական խնդիրը չէ տալ նաեւ հայերի կարծիքը: Ուստի վրդովմունքի հասցեատերը ոչ թե պետք է թղթակիցը լինի, այլ ամերիկյան «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանն իբրեւ զանգվածային տեղեկատվության, տվյալ պարագայումՙ ԱՊԱտեղեկատվության միջոց, քանի որ թուրքական տեսակետի մասին ռադիոհաղորդումը, որում չի հնչում կամ որին չի նախորդել հայկական կարծիքը, ինչպես նաեւ կարծիքը բազում այն պետությունների, որոնք արդեն իսկ Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին հայերի նկատմամբ էթնիկ արյունոտ քաղաքականությունը պաշտոնապես ճանաչել են իբրեւ ցեղասպանություն, մնում են օդում կախված: Բառի իսկական իմաստով: Նման հաղորդումը դառնում է, եւ դարձել է, հայկական ողբերգության պատճառների ու հանգամանքների սոսկ թուրքական տեսակետով տխեղծ ու միակողմանի շարադրանք, երբ զանգվածային լրատվամիջոցը գործնականում ձայնից զրկում է հանցագործության զոհին:

Ռադիոն գիրք չէ, եթերը հետ ու առաջ չես թերթի: «Նյուրնբերգյան դատավարության» մասին հատորներում է, որ նախ կարելի է կարդալ մեղադրանքի խոսքերը, ապաՙ պաշտպանականը կամՙ հակառակը: Ամերիկյան ռադիոկայանի եթերն ուղղակի գոչում է ոչ պրոֆեսիոնալիզմի մասին, որ խորապես վիրավորում է ունկնդիրներին: Եվ ոչ միայն հայ ունկնդիրներին, թեեւ, անշուշտ, նախ եւ առաջՙ մեզ: «Այս հոդվածը հարկավոր է թարգմանել հայերեն ու հրապարակել տեղական մամուլում: Դրանից հետո հարկավոր է հարցում անցկացնել, թե դեռեւս քանի՞ հայ կկամենա բացել «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի կայքէջը, քանի՞ մարդ կմիացնի այն լսելու, եւ քանի՞ երիտասարդ լրագրող կկամենա գործ ունենալ նրանց հետ», գրում է մեկ այլ ունկնդիր:

Ձուկը գլխից է հոտում

Ինչպե՞ս բացատրել խմբագրական նման ոչ պրոֆեսիոնալիզմը: Պարզ. դա անտարբերությունից է: Իսկ անտարբերությունը գալիս է ռադիոկայանում տիրող ընդհանուր մթնոլորտիցՙ երեսպաշտության ու ցինիզմի մթնոլորտից: Այստեղից էլ եթերը լցնող սոսկալի չափերի ու որակի, չհավասարակշռված նյութերի առկայությունն ու դրանց նույնքան սոսկալի արդյունքը: Խմբագրի համար միեւնույնն է:

«Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի բոլոր ազգային խմբագրությունների աշխատակիցները գիտեն, որ իրենք փողի դիմաց մարդու իրավունքների մասին եթերից խոսող իրավազուրկ վարձկաններ են: Նրանք բոլորը գիտեն, որ ռադիոկայանի նախագահն իրենց վրա այնպիսի իշխանություն ունի, որով չի կարող պարծենալ ինքնիշխան որեւէ պետության որեւէ ղեկավար հենց ռադիոկայանի հեռարձակման գոտում, նա ե՛ւ ոստիկանապետն է, ե՛ւ դատախազըՙ սեփական դատարանում, որտեղ չկան դատապաշտպաններ: Նա նաեւ դատավոր է, որի որոշումները վիճարկման ենթակա չեն, ու նաեւ սեփական վճիռներն իրականացնող: Ռադիոյում բոլորը գիտեն, որ Հայաստանի քաղաքացի Աննա Կարապետյանի հարուցած դատը ռադիոկայանի դեմ Չեխիայի Գերագույն դատարանում է, իսկ Խորվաթիայի քաղաքացի Սնեժանա Պելիվանը սպասում է մարդու իրավունքների Ստրասբուրգի դատարանի որոշմանը. բոլորը գիտեն, սակայն բարձրաձայնել վախենում են, քանի որ գիտեն, որ իրենց էլ կարող են հեռացնելՙ առանց պատճառաբանության: Բոլորը գիտեն, որ ռադիոյի դեմ հարուցված այս գործերի մասին պարբերաբար միջազգային մամուլում լույս են տեսնում հոդվածներ, սակայն դրանք երբեք տեղ չեն գտնում ռադիոյի մասին հրապարակումների համար «Ազատություն» ռադիոկայանի պաշտոնական կայքէջում նախատեսված բաժնում: Բոլորը գիտեն, որ ռադիոկայանի կադրային քաղաքականությունը մշակվում ու հաստատվում է Վաշինգտոնումՙ Հեռարձակող կառավարիչների խորհրդի կողմից: Մի խորհուրդ, որի անդամ է նաեւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ի պաշտոնե, նա նաեւ ռադիոկայանի տնօրենների խորհրդի անդամ է: Բոլորը գիտեն, որ սենատոր եղած ժամանակ նա վճռականորեն հանդես էր գալիս Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումը ԱՄՆ Կոնգրեսում իբրեւ Ցեղասպանություն ճանաչելու օգտին, իսկ պետքարտուղարի պաշտոնումՙ վճռականորեն դեմ է: Բոլորը գիտեն, որ Չեխիայի խորհրդարանը երկու անգամ լսել է ռադիոկայանում արտասահմանցի աշխատակիցների նկատմամբ ազգային խտրականություն կիրառելու հարցը: Բոլորը գիտեն...

Բոլորը գիտեն, ինչպես գրում է Ստամբուլից ստացված հաղորդագրությունից ցնցված ունկնդիրներից մեկը, որ «Ազատություն» ռադիոկայանն արդեն վաղուց «Ազատություն» ռադիոկայան չէ: Կամ, ինչպես Վաշինգտոնում հրապարակվող «Միջազգային անվտանգության հարցերի ամսագրի» (The Journal of International Security Affairs) վերջին համարում գրում է «Ազատություն» ռադիոկայանում ավելի քան 20 տարի աշխատած վերլուծաբան Վիկտոր Յասմանը. «Այսօր «Ազատություն» ռադիոկայանն ընդամենը ստվերն է նախկինում եղածի», այդուհետեւ նաեւ բացատրում է, թե ինչուՙ դատարկ խոսքերը տարբերվում են գործերից, իսկ գործերը վատից լողում են դեպի ավելի վատը:

Միեւնույն ժամանակ, դատելով Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայի տեսանկյունից հեռարձակված հաղորդման մեկնաբանություններից ու արձագանքներից, կարելի է ասել, որ «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի պատիվն ու վարկն ակտիվորեն ոչնչացնում են Պրագայում ու Վաշինգտոնում աշխատող երեսպաշտ ու անգործունակ բյուրոկրատները:

Բայց դեռ որքա՞ն կհաջողվի դա նրանց:

Հ. Գ. Ապրիլի 26-ին հաղորդման սղագրությունն ու 60-ից ավելի արձագանքները հանվել են «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ռուսական ծառայության կայքէջից:

ՀՐԱՆՏ ԴԱՐԲԻՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4