«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2010-04-27 | #76, 2010-04-28 | #77, 2010-04-29


«ԱՆԵԾՔՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ»

Ապրիլի 24-ին Ստամբուլում կազմակերպվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված երկու միջոցառում: «Թաքսիմ» հրապարակի միջոցառումը կազմակերպել էին մի խումբ մտավորականներՙ Հրանտ Դինքի մերձավորների գլխավորությամբ, հարգելու Ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը: Մյուս միջոցառումը Ստամբուլի «Հայդարփաշա» երկաթուղային կայարանում կազմակերպել էր Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղը, որպեսզի հարգանքի տուրք մատուցի 1915-ի ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Ստամբուլում ձերբակալված, ապա աքսորի ճանապարհին դաժանաբար սպանված հայ մտավորականների հիշատակին:

Ի դեպ, այդ մտավորականները աքսորի էին ուղարկվել հենց «Հայդարփաշա» կայարանից: Հայոց ցեղասպանությանը նվիրված այս միջոցառումները բուռն հակազդեցություն են առաջ բերել Թուրքիայում: Մի շարք կազմակերպություններ, հանդես գալով հաղորդագրություններով, դատապարտել եւ սպառնացել են միջոցառումների կազմակերպիչներին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Իրավունքների պաշտպանության հիմնադրամին:

Քեմալական ազգայնականության ջատագով այս հիմնադրամը, ինչպես ապրիլի 27-ի համարում նշել է «Զամանը», «Դատապարտում ենք հայամետ ցույցերը» վերնագրով հաղորդագրություն է տարածել, որտեղ հիշեցրել է, որ հայերը 1915-ին թուրք ազգի հանդեպ կատարած սպանությունների ու դավաճանության զոհը համարելով իրենց, ամեն տարի ապրիլի 24-ին նողկալի ցույցեր են կազմակերպում, աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվումՙ Երեւանում, այրում են Թուրքիայի դրոշն ու ղեկավարների նկարները:

Ապա եւ շարունակել է. «Թերեւս ամենաանփառունակը Թուրքիայի դեմ ուղղված հայկական ցույցերի այս տարի Ստամբուլում եւս կազմակերպումն է: Մի խումբ հայկական ծագումով Թուրքիայի քաղաքացիներ եւ մի բուռ, այսպես կոչված, թուրք մտավորականներ «Թաքսիմ» հրապարակում եւ «Հայդարփաշա» կայարանում ցույց են կազմակերպել, որ դատապարտեն հայերի, այսպես կոչված, տեղահանությունը: Անեծքով դատապարտում ենք Թուրքիայի դեմ կազմակերպվող ցույցերը: Հայկական նախաձեռնությունը, ստորագրված արձանագրությունները առիթ են ստեղծել նրանց համար, ովքեր ցանկանում են վիրավորանք եւ հայհոյանք հասցնել ինչպես թուրքերի, այնպես էլ Թուրքիայի հասցեին: Այս իրավիճակը ազգովին վշտացնում է մեզ: Կոչ ենք անում արհեստակցական միություններին, հասարակական կազմակերպություններին, համալսարաններին, քաղաքական կուսակցություններին եւ երկրի բոլոր քաղաքացիներին հրապարակավ դատապարտելու մեր միջի անզգամներին, որոնք ամբարտավանորեն աջակցում են այդ կարգի ցույցերին: Պատմությունը դատապարտելու է նրանց: Պատմական մոլորության եւ թյուրիմացության մեջ են նրանք, ովքեր մեջքով են շրջվել թուրք ազգի զգացմունքներին: Ոչ ոք չի խուսափելու պատասխանատվությունից»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4