Հակահայ քարոզչական արշավի մոլուցքում թուրք պաշտոնատարները հաճախ են սայթաքումՙ չկարողանալով թաքցնել իրենց իսկական զգացումները, անգամ սպառնալիքները: Հերթական պաշտոնյան Թուրքիայի Չանաքկալե նահանգի (Դարդանել) կրթության տնօրենն էՙ Վեֆա Բարդակչին , որ 1914-ին Դարդանելի ճակատամարտին նվիրված նահանգային միջոցառումներից մեկի ժամանակ, ըստ Պոլսո «Մարմարա» օրաթերթի, թույլ է տվել հետեւյալ սպառնալիքը, որը կազմում է թուրքական դպրոցներում դասավանդվող պատմության դասագրքերի ուղնուծուծը, անշուշտ, ավելորդ է ասել, հակագիտակա՛ն դասագրքերի:
«Ես որպես հայրենակից հետեւյալ հարցն եմ ուզում տալ ձեզ,- ասել է նաՙ խոսքն անշուշտ ուղղելով հայերին, առավել եւսՙ Թուրքիայում ապրող հայերին:- Եթե դուք հավատարիմ քաղաքացի էիք, ո՞ւր էիք, երբ մենք Չանաքկալեում 7 թշնամու դեմ կուրծք էինք տալիս, երբ նահատակվում էինք թշնամու թնդանոթների կրակից, ինչո՞ւ ստիպվեցինք այդ կացության մեջ ձեզնով էլ զբաղվել: Ինչո՞ւ մեզ մեջքից դաշունահարեցիք: Մենք ոչ մի անմեղ մարդու արյուն չթափեցինք, անմեղ կնոջ կամ երեխայի կոկորդին սվինը դեմ չտվեցինք, քանի որ մենք խաղաղության պետություն ենք, մեր սրտերը բացում ենք բոլոր նրանց առաջ, ովքեր ցանկանում են խաղաղության մեջ ապրել: Միայն թե գիտենք մեզ մեջքից հարվածողների դասը տալ: Մեզ դավաճանողների պատասխանը տալ: Ոչ ոք թող չթաքնվի անմեղության պատմուճանի հետեւում: Դուք ձեր դավաճանության պատասխա՛նը ստացաք»:
Ավելորդ ենք համարում հերքել կամ պատասխանել Վեֆա Բարդակչիի այս խոսքերին, դրանք հանցագործի հոգեբանությանը 100 տոկոսով համապատասխանող ինքնարդարացումներ են: Միայն ասենք, որ Դարդանելի իսկապես ահեղ ճակատամարտում, որտեղ անգլիական եւ ավստրալական նավատորմն ու ծովային հետեւակ ուժերը ծանր պարտություն կրեցին, իսկ թուրքական բանակը արյունաքամ եղավ, վերջինիս շարքերում կռվում էին նաեւ հայ զինվորներ, որոնց հերոսական մաքառումների մասին թուրքերը չեն սիրում խոսել: Իսկ մեր պատմաբանները երեւիցե զբաղվե՞լ են մեր ազգակից զինվորների մաքառումների եւ խժդուժ սպանության ուսումնասիրմամբ: