«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2010-04-27 | #76, 2010-04-28 | #77, 2010-04-29


ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ ՆՈՐ ԶԵԿՈՒՅՑ` ԵԽԽՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

Ռուսաստանի եւ Վրաստանի 2008-ի օգոստոսյան պատերազմի հետեւանքները արդեն որերորդ նստաշրջան քննարկման առարկա են դառնում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում` տեսակետների փոփոխության ու տարբեր լինելու հարցում ակնկալիքներ չթողնելով, թեեւ հարկ է նշել, որ այս հարցը մնում է ԵԽԽՎ օրակարգի այն խնդիրներից, որոնց հանդեպ հետաքրքրությունը չի մարում:

Դեռեւս երկուշաբթի օրը Ստրասբուրգում մեկնարկած վեհաժողովի այս նստաշրջանը երեկ անդրադարձավ ռուս-վրացական թեմային` բնականաբար առավելապես ռուս եւ վրաց պատգամավորների ելույթներով ու այլ ներկայացուցիչների հակառուսական տրամադրությունների արտահայտություններով:

Փոխադարձ պիտակումները հետաքրքրական էքսկուրս էին ներկայացնում, սակայն առավել զրնգուն ստացվեց վրացի խորհրդարանական Ակակի Մինաշվիլու խոսքում հնչած համեմատությունը, թե ռուսաստանցի պատգամավորներն Աբխազիան եւ Հարավային Օսիան «ազատագրելու մասին խոսելիս» հիշեցնում են նույն վրացի պատգամավորի հայրենակցին` Ստալինին, որը «նույն կերպ խոսում էր Արեւելյան Եվրոպայի ու այլ երկրների հետպատերազմյան վիճակի մասին»:

Իհարկե, վրացի խորհրդարանականի տրամաբանության համար հարցեր էին առաջանում, ասենք, թե ինչո՞ւ են Վրաստանին համարում օգոստոսյան պատերազմը սկսող այն դեպքում, երբ այդ փաստը նույն ԵԽԽՎ մի քանի բանաձեւերում է արտահայտվել:

Ռուսական կողմն էլ իր հայտարարությունների յուրօրինակությամբ վրացիներից հետ չէր մնում, ասենք, թե աբխազները եւ օսերը չեն ուզում ապրել Սաակաշվիլու ղեկավարությամբ այն դեպքում, երբ Աբխազիան ու Հարավային Օսիան անկախ ապրելու տարբերակն ընտրել են, երբ Վրաստանի ներկայիս նախագահ Սաակաշվիլին որեւէ նշանակալի պաշտոն չէր զբաղեցնում:

Վրաստանում հակամարտության առնչությամբ փաստահավաք միջազգային խմբի նախկին ղեկավար, դեսպան Հեյդի Տալիավինին որպես եզրափակում նշեց, որ չկա հստակ դեղատոմս հարցը լուծելու, սակայն ապագայի առումով Ռուսաստան-Վրաստան երկխոսությունը միակ ճանապարհն է հաղթահարելու խնդիրները, եթե, իհարկե, այդ բանակցությունները հրապարակային չլինեն, քանի որ հանրային քննարկման դեպքում դժվարություններ կառաջանան:

Ըստ դեսպանի, երկխոսությունն անհրաժեշտություն է, որին զուգահեռ, սակայն, պետք է փոքր քայլեր կատարվեն, մասնավորապես եւ առաջին հերթինՙ անվտանգության ապահովման, տեղահանվածների վերադարձի ուղղությամբ:

Ամեն դեպքում, ԵԽԽՎ-ն պատրաստվում է առավել լրջորեն զբաղվել 2008 թ. օգոստոսյան ռուս-վրացական զինված բախման հարցերով: Հնարավոր է, որ ԵԽԽՎ-ն աշնանային նստաշրջանում Ռուսաստան-Վրաստան պատերազմի հետեւանքների առնչությամբ նոր բանաձեւ քննարկի, ինչին, ի դեպ, այս անգամ անդրադարձ չեղավ:

Այդ հավանականությունը մեծանում է այն մոտեցման պատճառով, ինչը երեկ բարձրաձայնել է ԵԽԽվ-ում ՌԴ պատվիրակության փոխնախագահ Լեոնիդ Սլուցկին: Նրա խոսքերով, ռուս-վրացական հարցերով համազեկուցող Դրիդ Ուիլշիրը բավականին առողջ տեսակետներ է ներկայացրել այն դեպքում, երբ երկրորդ համազեկուցող Մատիաշ Յորշի փոխարեն պետք է նորը նշանակվի: Այդ հարցը կարող է քննարկվել մոնիտորինգի հանձնաժողովի մայիսի 19-ին կայանալիք նիստում: Բանաձեւի պատրաստումից առաջ զեկուցողները կայցելեն Մոսկվա, Թբիլիսի, Աբխազիա եւ Հարավային Օսիա:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4