«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2010-04-27 | #76, 2010-04-28 | #77, 2010-04-29


ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

Իսկ մինչ այդ` գործողություններ «վարագույրի հետեւում»

Նման կանխատեսմամբ «Մեդիամաքս» գործակալության հետ հարցազրույցում հանդես է եկել ամերիկյան RAND Corporation վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Սթիվեն Լարրաբին : «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` դժվար կլինի կարճաժամկետ հեռանկարում հասնել նշանակալի առաջընթացի: Հավանաբար գործընթացը խոր սառեցում կապրի, սակայն կարող է կենդանանալ Թուրքիայի ընտրություններից հետո, եթե «Արդարություն եւ բարգավաճում» իշխող կուսակցությունը հաջող հանդես գա դրանցում», նշել է վերլուծաբանը` հավելելով, որ մինչ այդ, իհարկե, շահագրգիռ կողմերը «ձեռքերը ծալած» չեն նստելու: «ԱՄՆ-ը կշարունակի ջանքերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար` դա անելով «վարագույրի հետեւում» եւ առանց բարձրաձայնելու, քանի որ գործընթացի հաջողությունը կբացի նոր շահեր: ԱՄՆ-ը չի ցանկանում տեսնել երկխոսության ձախողում կամ տապալում եւ հուսով է, որ որոշակի փուլում, միգուցե Թուրքիայի ընտրություններից հետո երկխոսությունը կվերականգնվի: Այսօր խնդիրը կարգավորման գործընթացի ամբողջական ձախողումը թույլ չտալն է», ընդգծել է Լարրաբին:

Իսկ որ գործընթացի կասեցման մեղավորներն Անկարան եւ Բաքուն են, «պարզվում» էՙ գիտեն նաեւ ԱՄՆ-ում: Այսպեսՙ ամերիկացի վերլուծաբանը նշել է. «Հայ-թուրքական գործընթացի` փակուղում հայտնվելու պատճառները Թուրքիայի ներքաղաքական կոնյունկտուրան եւ Ադրբեջանի դիրքորոշումն են: Էրդողանի կառավարությունն ու Օբամայի վարչակազմը թերագնահատել էին Բաքվի, ինչպես նաեւ թուրքական ընդդիմության բացասական արձագանքի մակարդակը, որոնք խնդիրն օգտագործեցին քաղաքական նպատակներով»:

Լարրաբին նաեւ խոսել է ԱՄՆ-ից վերջին օրերին Բաքվի դժգոհության վերաբերյալ: Ամերիկացի վերլուծաբանը սրա պատճառը համարում է այն, որ Միացալ Նահանգները սկզբունքորեն դեմ է հայ-թուրքականը Ղարաբաղի հիմնահարցի հետ կապելուն. «Ես համոզված չեմ, որ Բաքուն իր դժգոհությամբ ցանկանում է որեւէ այլ բան ասել», եզրափակել է Լարրաբին:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4