Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նախագահը շնորհավորել է դիվանագետին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նա իր կարեւոր ներդրումը կունենա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:
Սերժ Սարգսյանը եւ ռուսաստանցի Իգոր Պոպովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Դեռեւս նախորդ օրը Երեւան ժամանած ռուսաստանցի համանախագահը այցելելու է նաեւ Լեռնային Ղարաբաղ: Սա ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի առաջին տարածաշրջանային այցն է Հարավային Կովկաս:
Ու մինչ համանախագահները մեկ լրիվ կազմով, մեկ առանձին այցելում են տարածաշրջան, ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի միջնորդությամբ իրականացվող բանակցային գործթընացում իր ներդրումն ունենալու ժամանակի հայտարարությանը տեր կանգնել է ուզում ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետքարտուղար-ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը:
Վերջինս ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնելու պահից առաջարկել էր եռակողմ հանդիպում կազմակերպել Աստանայումՙ ղարաբաղյան բանակցությունների համատեքստում: Թերեւս այս առնչությամբ էլ Կանատ Սաուդաբաեւը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ:
Սաուդաբաեւը, մասնավորապես, իր զրուցակիցների հետ քննարկել է ԼՂՀ խնդրի կարգավորման իրավիճակն ու հեռանկարները: Նա խոսել է նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի, որպես ԵԱՀԿ նախագահող երկրի ղեկավարի, մասնակցության մասին:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ