ՀՀ նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյի հրավերով մեկնում է Չինաստան` մասնակցելու «Շանհայ-Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը:
ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարները, պաշտոնատար այլ անձինք:
Այցի ընթացքում ՀՀ նախագահն առանձնազրույց կունենա ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոյի հետ: Հայաստանի ղեկավարը ներկա կգտնվի «Շանհայ-Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը: «Շանհայ-Էքսպո-2010» ցուցահանդեսը տեղի է ունենում հնգամյա պարբերականությամբ եւ ներկայացնում է տարբեր երկրների նորագույն նվաճումները տնտեսության, գիտության, կրթության եւ այլ ոլորտներում: Նախագահ Սարգսյանը Հայաստանի տաղավարից զատ կայցելի նաեւ ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի տաղավարներ:
ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը կլինի նաեւ Ձզյանսի նահանգի Սուժոու քաղաքում: Նախագահ Սարգսյանը կայցելի Սուժոուի գիտության, մշակույթի եւ արվեստի կենտրոն, նաեւ` գիտության եւ կրթության ինովացիոն կենտրոն, կլինի HIGER ավտոբուսների գործարանում:
Սերժ Սարգսյանը Շանսի նահանգի Դաթուն քաղաքում ներկա կգտնվի հայ-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկի` քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության բացման արարողությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Երեւան կվերադառնա մայիսի 3-ին: