«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2010-04-27 | #76, 2010-04-28 | #77, 2010-04-29


ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ-ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐ ՉԿԱՅԻՆ

Շքեղության հարկը Պենտագոնից եւ եգիպտական բուրգերից ավելի մեծ շինություններ ունեցողների համար է

Կառավարությունն իր նիստում վերջերս քննարկել էր պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի «Շքեղության հարկի մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Վարչապետը նշել էր, թե պատգամավորի բարձրացրած հարցը մտահոգիչ եւ լուծման կարոտ է, սակայն ընդունելի չէ նրա առաջարկած տարբերակը, եւ կառավարությունն ու պատգամավորը համատեղ հարցի լուծում պետք է գտնեն: Եթե երկրում աղքատության խնդիր կա եւ մեծ բեւեռացում, ապա հասկանալի է, որ մեծ եկամուտ ունեցող քաղաքացիների վրա պետք է ավելի բարձր հարկ դրվի` համաձայն են եղել կառավարությունում, բայց դեռ պետք է աշխատել այս նախաձեռնության վրաՙ համագործակցելով ֆինանսների նախարարության հետ, առաջարկել է կառավարությունը:

  Վիկտոր Դալլաքյանը Ազգային ժողով-կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ պատրաստ է համագործակցել` նաեւ առաջարկելով կառավարությանը ստեղծել աշխատանքային խումբ եւ ժամանակացույց` համատեղ նախագիծ մշակելու: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը վերահաստատեց, որ ընդունում է Դալլաքյանի առաջարկի մոտեցումները, այն քննարկվել է, դիտողություններն իրավաբանական տիրույթում են, իրականացման մեխանիզմին են վերաբերում, աշխատանքային խումբ էլ կա` Դալլաքյանը կհրավիրվի միասին աշխատելու: Պատգամավորը դրական գնահատեց վարչապետի համարձակությունը եւ դրական դիրքորոշումը` այս օրինագծի ընդունման անհրաժեշտության առումով: Բայց Դալլաքյանը Դալլաքյան չէր լինի, եթե ինչ-որ մարդկանց ինչ-որ բան չհասկացներ, թե` Հայաստանի նման երկրում, որտեղ համատարած աղքատություն է տիրում, շքեղություն թույլ տալը հավասար է խրախճանքի` ժանտախտի ժամանակ, եւ կան բազմաթիվ մարդիկ, որոնք հենց ժողովրդից գողացած փողերով Պենտագոնից կամ եգիպտական բուրգերից ավելի մեծ շինություններ ունեն, կամ նրանց համերներն ու ջիպերը կարող են բավարարել նաեւ չինական բանակի վերազինմանը:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանի հարցը մի քանի տարի առաջ սեփականաշնորհված «Հայֆիլմ» կինոստուդիայի մասին էր, որի նոր սեփականատերը խոստացել էր մոտավորապես «Հոլիվուդ» ստեղծել Հայաստանում մի քանի տարվա մեջ. այդ տարիներն անցել են, «Հայֆիլմն» ավերված է ամբողջովին եւ չի երեւում` ե՞րբ պիտի գործի: Փաստորեն «Հայֆիլմ» կինոստուդիան անկանխատեսելի հեռանկարով անորոշ վիճակի մեջ է, ե՞րբ որպես արտադրություն պետք է գործի, հետաքրքրվեց պատգամավորը: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նկատեց, թե ժամանակին, երբ կնքվել է պայմանագիրը այդ գործարքի վերաբերյալ, երկու բաղադրիչ է նախատեսել: Մեկը ներդրումային ծրագրերին է վերաբերում, որի վերաբերյալ այժմ վերլուծություն է կատարվում, երկրորդ հատվածի պատասխանատուն, որը ֆիլմերի թվայնացման մասն է, մշակույթի նախարարությունն է. թվայնացման ավարտման ժամկետի պահին, որից մեկուկես տարի է անցել, հանձնված էր 260 ֆիլմ` 450-ից: Ֆիլմերի մի մասը չի թվայնացվել, պայմանագիրն էլ երկարաձգված չէ: Վերջնական եզրակացությունը կինոստուդիայի մասին ներդրումային ծրագիրն ուսումնասիրելուց հետո կլինի:

Ա. Շահբազյանը նկատեց, թե նույն սեփականատերը լավ նվեր է արել հասարակությանը` Կասկադի տարածքում թանգարան ստեղծելով, բայց եթե տարիներն անցել են, եւ մարդն իր պարտավորությունը չի կատարում (մեր մշակույթը չի կարող տնայնագործական մակարդակի վրա մնալ` պիտի ներկայացվի աշխարհին), գուցե լուծե՞նք այդ պայմանագիրը եւ նոր սեփականատիրոջ տանք, հետաքրքրվեց պատգամավորը: Նա կողմնակից էր ոլորտը կրկին պետությանը հանձնելուն` մշակույթի ոլորտի սեփականաշնորհումը ճիշտ չէ: Մշակույթի նախարարը համաձայնեց, որ հիմնական կինոարտադրական բազայից զրկված ենք, այդ հարցը Հայաստանի նախագահի հանձնարարությամբ ուսումնասիրվում է եւ լուծումներ կգտնվեն:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4