«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2010-04-27 | #76, 2010-04-28 | #77, 2010-04-29


ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ 6-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

Ավանդույթի համաձայն, Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում մեկնարկեց «Ազգային պատկերասրահ» միջազգային փառատոնը: Համերգից առաջ փառատոնի տնօրենությունը ներկաներին ցուցադրեց անցած հինգ տարիների իրենց գործունեությունը եւ դրանց արձագանքներըՙ հնչեցված անվանի հայ երաժշտագետների, երաժիշտների ու արտերկրից ժամանած երաժիշտների կատարմամբ: Քիչ անց «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը» գեղ. ղեկ. եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ հնչեցրին Մոցարտի, Բոկերինիի եւ Ալ. Հարությունյանի ստեղծագործությունները:

  «Ազգը» զրուցեց փառատոնի հիմնադիրներ Մարիամ Շահինյանի եւ Գարիկ Նազարյանի հետ եւ տեղեկացավ, որ փառատոնը կշարունակվի մինչեւ հունիսի 2-ը: Այդ ընթացքում կկայանան փառատոնային 7 համերգ, որոնք բնույթով բոլորովին տարբեր են լինելու մեկը մյուսից: Փառատոնը ընդլայնել է աշխարհագրությունը եւ ընդգրկել նոր երկրներից երիտասարդ երաժիշտների Սլովենիայիցՙ դուետ «Կլարիպիանո» Դուշան Սոջա (կլարնետ), Տատյանա Կաուչիչ (դաշնամուր): Այդ դուետի համերգը նշանակված է ապրիլի 29-ին: Մայիսի 5-ի համերգը նվիրվում է ժամանակակից երաժշտությանը, որի ընթացքում հանդես կգան Հյուգո Տիչիատին (ջութակ, Շվեդիա) եւ Հայկ Մելիքյանը (դաշնամուր):

Հայաստանի պետական կամերային երգչախմբի ելույթը (գեղ. ղեկ. եւ դիրիժոր Ռոբերտ Մլքեյան) կկայանա մայիսի 14-ին: Իսկ մայիսի 20-ին երաժշտասերներին կներկայացվի «Dominatus vo» նվագախումբը (գեղ. ղեկ. եւ գլխ. դիրիժոր Նատալի Գալստյան): Դաշնամուրային երաժշտության երեկոյի ընթացքում մայիսի 26-ին Ռուսաստանից Եվգենի Միխայլովը կկատարի հանրաճանաչ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Փառատոնը հունիսի 2-ին հանդիսավոր պայմաններում կազդարարի փակումը, որի ընթացքում կնշվեն ու կտոնվեն Գագիկ Հովունցի եւ Էդգար Հովհաննիսյանի 80, Ղազարոս Սարյանի եւ Ալեքսանդր Հարությունյանի 90-ամյա հոբելյանները: Այս տարի նաեւ համերգներ կլինեն Գորիսում, Չարենցավանում, Աբովյանում եւ Գավառում:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4