Չին գիտնականները պնդում են, թե իրենք գտել են Նոյյան տապանի մնացորդները: Ֆրանսպրես գործակալության տվյալներով, չին հնագետները տապանի մնացորդները հայտնաբերել են Արարատ լեռան լանջինՙ 4 հազար մետր բարձրության վրա: Ածխաջրածնային տարրալուծումը ցույց է տվել, որ գտածոյի նյութերը պատրաստված են մոտ 4800 տարի առաջ:
«Մենք 99,9 տոկոսով վստահ ենք, որ խոսքը հենց Նոյյան տապանի մասին է», լրագրողներին հայտարարել է հետազոտողների խմբի ներկայացուցիչը: Ինչպես նշում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, հայտնաբերված տապանը բաղկացած է մի քանի հարկաբաժնից, որոնցում հավանաբար տեղավորված են եղել Աստծո կարգադրությամբ Նոյի փրկած զանազան կենդանատեսակները:
Մնացորդների հայտնաբերման վայրում մարդիկ չեն բնակվում: Ուստի գիտնականները բացառում են գտածոյիՙ ավերված կացարան լինելու հնարավորությունը:
2006-ին ամերիկացի գիտնականները հայտարարել էին, որ Նոյյան տապանը հիշեցնող առարկա են գտել, բայց... Իրանի հյուսիս-արեւմուտքումՙ մերձկասպյան Էլբուրսի լեռներում:
Տապանը որոնողների մեծ մասը այն փնտրում է Արարատի վրա: Ամերիկյան հետախուզության արխիվներում պահվում են 1950-ականների վերջերին արված տարօրինակ օբյեկտի լուսանկարներ, որն անվանակոչվել էր «Արարատյան անոմալիա»: 1997-ին ԿՀՎ-ն խոստացել էր գաղտնազերծել լուսանկարները, բայց առայժմ դա չի արել:
1989-ին ամերիկացի աստղագնաց Ջեյմս Իրվինը հերթական գիտարշավի ժամանակ Արարատի վրա նկարահանեց արտասովոր դարչնագույն առարկա: Տեսագրությունը դիտելուց հետո արեւմուտքցի մի շարք գիտնականներ ենթադրություն արեցին, որ Արարատի վրա իրոք Նոյյան տապանի մնացորդներն են:
2010-ի հունվարին Բրիտանական թանգարանի աշխատակից Իրվինգ Ֆրենկելը, մոտ 3700 տարվա բաբելոնյան կավե սալիկի գրությունը հիմք ընդունելով, հայտարարեց, թե Նոյյան տապանը (կամ դրա նախատիպը) հավանաբար ունեցել է եղեգնահյուս կլոր ու վիթխարի լաստի ձեւ: