«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2010-04-28 | #77, 2010-04-29 | #78, 2010-04-30


ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Այս տարի «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը նշում է իր ստեղծման տասնամյակը: Այս կապակցությամբ «Ազգ»-ը սկսում է հրապարակումների շարք, որտեղ փուլ առ փուլ կանդրադառնանք Միության ստեղծմանը, նրա հիմնադրի, ակունքներին մոտ կանգնած անձանց գործունեությանն ու առհասարակ Ռուսաստանի հայերի միության իրականացրած եւ իրականացվող ծրագրերին, որոնց շնորհիվ Միությունն այսօր ձեռք է բերել վերհամայնքային կառույցի կարգավիճակ:

Ինչպե՞ս սկսվեց

2000-ի հունվարի 8-ին մերձմոսկովյան Ժուկովկայում տեղի ունեցավ Միության ստեղծման նախաձեռնող խմբի առաջին նիստը: Նախաձեռնող խմբի առաջնորդն ու միասնական հայկական կառույց ստեղծելու մտահղացման հեղինակը գործարար Արա Աբրահամյանն է, որի անմիջական ջանքերով հենց սկսեց կազմավորվել Միությունը: 2000-ի մի քանի ներհամայնքային հանդիպումներից հետոՙ նույն թվականի հունիսի 16-ին Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի հայերի միության հիմնադիր համագումարը, որին մասնակցեցին 183 պատվիրակներ` Ռուսաստանի 44 սուբյեկտներից: Համագումարի մասնակիցներին ողջունեցին ՌԴ ղեկավարությունը, պատրիարք Ալեքսի 2-րդը, Մոսկվայի քաղաքապետ Լուժկովը: 2000-ի սեպտեմբերի 14-ին ՌԴ արդարադատության նախարարությունը ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանին հանձնեց «Ռուսաստանի հայերի միության» գրանցման վկայականը: Այս փաստագրության հիմքում ընկած է կազմակերպական կոմիտեի ահռելի աշխատանքը, որոնք կարողացան համախմբել անծայրածիր Ռուսաստանում ապրող հայությանը` ստեղծելով հզոր մի հասարակական ուժ` Ռուսաստանի հայերի միությունը, եւ այսօր արդեն կառույցի տասնամյա գործունեության լավագույն գնահատականը, թերեւս, այն է, որ Ռուսաստանում ապրող հայերին հուզող ամեն մի հարց Միության ամենօրյա գործունեության դաշտից է: «Մենք գնահատում ենք Ռուսաստանի հայ քաղաքացիների հավասարակշված ու իմաստուն դիրքորոշումը հասարակության զարգացման կարեւորագույն գործում:

Նրանց շնորհիվ ամրապնդվում են բարեկամական հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ: Համոզված եմ, որ Ռուսաստանի հայերի միության աշխատանքը կնպաստի մեր երկրի քաղաքացիական խաղաղությանն ու համաձայնությանը», ահա այս խոսքերով է Միության գործունեությունը բնութագրել ՌԴ այն ժամանակվա նախագահ, այժմ վարչապետ Վլադիմիր Պուտինը :

Իսկ ո՞վ է այն հայը, որը միասնական դառնալու ճանապարհի սկիզբը դրեց

Մալիշկա գյուղում, բազմազավակ ընտանիքում ծնված Արա Աբրահամյանը, նախքան Մոսկվա մեկնելը, հայրենիքում աշխատում էր արտադրական ոլորտում` զբաղեցնելով մի շարք ղեկավար պաշտոններ: Մեկնելով Մոսկվաՙ տարիներ անց դարձավ խոշոր գործարար: Մոսկվայում ապրած բոլոր տարիներին նա հետաքրքրվում էր իր հայրենակիցների կյանքով եւ հենց այդ տարիներին որոշեց ստեղծել հայերին միավորող կառույց. «Երջանկության համար ինձ անհրաժեշտ է, որ շուրջս ոչ ոք դժբախտ չլինի», հաճախ կրկնում է Աբրահամյանը, եւ թերեւս Աբրահամյանի բնավորության այս գիծն է, որը ընկած է Ռուսաստանի հայերի միության ստեղծման ու գործունեության հիմքում:

Անկախ Արա Աբրահամյանի ցանկության, նախաձեռնության կշռից, ահնար կլիներ իրականացնել միասնական հայկական կառույց ստեղծելու ծրագիրը, եթե Աբրահամյանն իր կողքին չհավաքեր իր պես մտածող մարդկանց. Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան, Ռուսաստանի բժկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Առնոլդ Ադամյան, գործարար Գագիկ Ադիբեկյան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Սամվել Գիրգորյան, ՄՊՄՀԻ պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյան, ԽՍՀՄ եւ Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյան, բանաստեղծուհի Սեդա Վերմիշեւա, բժշկական գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Հենրի Աղայան, լեգենդար ֆուտբոլիստ եւ մարզիչ Նիկիտա Սիմոնյան, քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարով եւ շատ այլ ուրիշներ, այս մարդիկ կանգնած էին Ռուսաստանի հայերի միության ստեղծման ակունքներում, նրանցից շատերի գործունեությանը մենք դեռ կանդրադառնանք այս տարվա մեր համարներում:

Ի՞նչ նպատակներ են միավորել տարբեր ոլորտներում աշխատող այս մարդկանց

Այն բոլոր նպատակները, որոնք ունի Ռուսաստանում ապրող հայ մարդը, բավական դիպուկ ձեւակերպված են Միության կանոնադրության մեջՙ Ռուսաստանում ապրող հայության շրջանում հայապահպանություն, աշխատանքային, իրավական, կրթամշակութային շահերի պաշտպանություն, Ռուսաստանի քաղաքական-հասարակական կյանքում հայերի ներգրավվման ապահովվում եւ դրա շնորհիվ` Ռուսաստանի առավել ժողովրդավարացմանը նպաստում:

Ռուսաստանի հայերի միության գործունեության ուղղվածություններն ու նպատակները բազմաթիվ են. Միությունն իրականացնում է նաեւ լայնամասշտաբ միջազգային գործունեություն, համագործակցում է Հայ առաքելական եւ Ռուս ուղղափառ եկեղեցիների հետ, իրականացնում է բազմաթիվ ծրագրեր` ի բարօրություն Հայաստանի եւ Արցախի:

Ո՞րն է Միության հզորության հիմքը

Յուրաքանչյուր կազմակերպություն ուժեղ է իր ներքին օղակներով: Այսօր անծայրածիր Ռուսաստանում չկա մի երկրամաս, մարզ, խոշոր քաղաք, որտեղ Ռուսաստանի հայերի միությունը չունենա իր ենթակառույցը: Ընդ որումՙ այս բոլոր մարմիններն ակտիվ համագործակցության մեջ են ռուսական տեղական ինքնակառավարման մարմինների հետ, անմիջականորեն, հենց տեղում աջակցում են տեղացի եւ միգրանտ հայերի բազմաբնույթ խնդիրների լուծմանը: ՌՀՄ տարածքային կառույցներին, դրանց գործունեությանը, ինչպես նաեւ Միությանը վերաբերող բոլոր հարցերին մենք դեռ կանդրադառնանք «Ազգ»-ի առաջիկա համարներում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4