«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2010-04-28 | #77, 2010-04-29 | #78, 2010-04-30


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՄՈՒՏՔԸ ՔՆԵՍԵԹԻ ՕՐԱԿԱՐԳ ՈՒՇԱԳՐԱՎ ԵՐԵՎՈՒՅԹ Է

Հատկապես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ուղերձի ֆոնին

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Ապրիլի 28-ին Իսրայելի խորհրդարանումՙ Քնեսեթում օրակարգ մտավ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցը: Երեւույթն ինքնին կարեւոր է, որովհետեւ Թուրքիան տարիներ շարունակ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչումը կասեցրել է Իսրայելից ուղղորդվող հրեական լոբբիների միջոցով, նաեւ ուշագրավՙ հատկապես նախագահ Օբամայի ապրիլի 24-ի ուղերձի ֆոնին:

  «Ազգը» նախորդ համարում հարցին անդրադարձել էր: Դրան կիսապաշտոնական «Անադոլու» գործակալության հաղորդագրության հիման վրա անդրադարձավ նաեւ թուրքական տպագիր եւ էլեկտրոնային մամուլը: Անդրադարձը հետաքրքրական էրՙ քննարկման մասնակիցների ելույթների առումով:

Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցը Քնեսեթի ապրիլի 28-ի նիստում քննարկման է դրվել ընդդիմադիր Մերեց կուսակցության նախագահ Խաիմ Օրոնի առաջարկով: Ելույթում նա ասել է, որ հրեաները որպես ցեղասպանության ենթարկված ժողովուրդ պետք է զգայուն լինեն ուրիշների ողբերգության նկատմամբ, ընդգծել է Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը եւ ավելացրել. «Պետք է վերականգնվի արդարությունը»:

Ճանաչման օգտին է արտահայտվել նաեւ Խադաշ կուսակցության պատգամավոր Դով Հենինը: Նա ընդգծելով այլ ժողովուրդների դժբախտության հարցում նրբազգաց լինելու անհրաժեշտությունը, ասել է, որ, չնայած դիվանագիտական զգայունություններին, չպետք է մոռանալ նաեւ հարցի «բարոյական» չափանիշները: Հենինը առաջարկել է հարցը ներկայացնել Քնեսեթի կրթության հանձնաժողովին:

«Հրեական տուն» կուսակցությունից Ուրի Օրբահը ցեղասպանության հարցում համերաշխության դրսեւորում է պահանջել Քնեսեթից, ապա եւ շարունակել է. «Հրեական ժողովուրդը պետք է դասեր քաղի ուրիշների ողբերգությունից»: Մերեց կուսակցության մեկ այլ ներկայացուցիչՙ Նիցան Խորովիցը, պաշտպանելով Խաիմ Օրոնի առաջարկը, նշել է. «Հարցը որեւէ առնչություն չունի թուրք-իսրայելական հարաբերություններին, որովհետեւ Թուրքիայի եւ թուրք ժողովրդի դեմ ուղղված չէ»:

Թերեւս Հայոց ցեղասպանության առաջարկին հակաճառել է «Իսրայելը մեր տունն է» կուսակցության պատգամավոր Ռոբերտ Իլաթովը, պատճառաբանելով, թե Քնեսեթը հետաքննության միջազգային կոմիտե չէ, Իսրայելը չպետք է միջամտի հարցին, դրա լուծումը հայկական եւ թուրքական կողմերի խնդիրն է, ուստի հարցը պետք է դուրս բերվի Քնեսեթի օրակարգից:

Իսրայելի կոալիցիոն կառավարության տեսակետներն արտահայտելու համար ամբիոնին է մոտեցել Լիկուդ կուսակցության ներկայացուցիչ, շրջակա միջավայրի նախարար Գիլադ Էրդանը: Նա ասել է, որ Իսրայելը պատմական իրադարձությունների մասին վճիռ կայացնելու մտադրություն չունի, հուսադրող է համարել Հայաստան-Թուրքիա երկխոսությունը եւ առաջարկել է ցեղասպանության ճանաչման հարցը ներկայացնել Քնեսեթի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովին: Քնեսեթի նախագահ Ռովեն Ռիվլին, որը նույնպես Լիկուդ կուսակցությունից է, մատնանշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի ընդգրկումը Քնեսեթի օրակարգում Թուրքիայի դեմ ուղղված սադրանք չէ, ոչ էլ ճիշտ է կատարվածի անտեսումը Քնեսեթում:

Քննարկումների ավարտին Հայոց ցեղասպանության ճանաչման Օրոնի առաջարկը փոխանցվել է խորհրդարանական հանձնաժողով, որտեղ էլ կորոշվի հարցը, ինչպես կառավարությունն է պահանջում, Քնեսեթի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանությա՞ն, թե՞ կրթության հանձնաժողովին ներկայացնել:

Թուրքական մամուլը Քնեսեթում Հայոց ցեղասպանության հարցի հետագա ընթացքի մասին որեւէ կանխատեսում չի արել, սակայն առանց դրա էլ հարցի մուտքը Քնեսեթի օրակարգ պայմանավորվում է թուրք-իսրայելական հարաբերությունների լարվածությամբ, լարվածությունն էլՙ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակաիսրայելական հայտարարություններով, դա համարվում է ժամանակավոր, այս ամենի, ինչպես նաեւ 2007, 2008 եւ 2009 թթ. անհաջող փորձերի հիմքի վրա կարծիք է հայտնվում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Քնեսեթում անհավանական է:

Հիրավի, Քնեսեթը 2007, 2008 եւ 2009 թթ. մերժել է Հայոց ցեղասպանության ճանաչումը, չի բացառվում, որ նորից մերժի: Սակայն ամեն անգամ, երբ հարցը օրակարգ է մտնում, ինքնաբերաբար սպառվում են մերժման պատճառաբանությունները, իսկ դա հետզհետե սահմանափակում է հարցը մերժելու Քնեսեթի հնարավորությունը: Սա մեկ: Երկրորդ. չի կարելի սոսկ թուրք-իսրայելական լարվածությամբ պայմանավորել ցեղասպանության հարցի մուտքը Քնեսեթի օրակարգ, իսկ լարվածությունըՙ վարչապետ Էրդողանի հակաիսրայելական հայտարարություններով:

Այն առումով, որ վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը որքան էլ իսլամամետ լինի, նրա միանձնյա իշխանությունը երկրում մեծապես ոգեւորել է թուրք իսլամիստներին, որոնք «Իթթիհատ վե Թերաքքիին» համարում են հրեական կուսակցություն, Թուրքիայում հայերի ցեղասպանության իրականացումը պայմանավորում են հրեաների ձեռագրով, իթթիհատականների հետ նաեւ Քեմալ Աթաթուրքին եւ նրա մերձակա շրջապատին հրեական ծագում են վերագրում, քեմալականների ժամանակակից Թուրքիան անվանում են «20-րդ դարում հրեաների ստեղծած երկու պետություններից մեկը», եւ գրում են, որ այս պետությունը ստեղծվել է էթնիկ թուրքերին կեղեքելու նպատակով:

Այլ կերպ, եթե Էրդողանի հայտարարություններից բխող լարվածությունը հաղթահարվի թուրք-իսրայելական հարաբերություններում, միեւնույնն է, իսլամականության վերելքի հետ Թուրքիայում վերելք է ապրում նաեւ հակասեմականությունը: Սա կնշանակի, որ Հայոց ցեղասպանության հարցը Քնեսեթի օրակարգում ընդգրկելու պատճառը սոսկ Էրդողանի հայտարարությունները չեն, այլ ցեղասպանության միջազգային ճանաչման ծավալումը, զուգընթաց դրանՙ թուրքական ժխտողականության դիրքերի սպառումն ու պատմական արդարւթյան վերականգնմանը հետամուտ լինելու իսրայելցի պատգամավորների ձգտումը: Համենայն դեպս, չպետք է կասկածի տակ դրվի Խաիմ Օրոնի եւ նրան աջակցող պատգամավորների անկեղծությունը հայերի ցեղասպանության հարցում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4