Երեկ առավոտյան ԵԽԽՎ լիագումար նիստի սկզբում նահագահող ֆրանսիացի պատգամավոր Ժան Կլոդ Մինյոնը հրապարակվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հայտարարություն, որի նախագիծը նախորդ օրը Հայաստանի պատվիրակությունն էր դրել շրջանառության մեջ: Մինյոնը տեղեկացրեց, որ հայտարարությունը բաց է ստորագրողների համար եւ ցանկացողները կարող են միանալ: Գրավոր հայտարարությանը միացել են ԵԽԽՎ-ում պատվիրակություն ունեցող 15-ից ավելի երկրների ներկայացուցիչներ, ընդ որում` այնպիսիք, որոնց երկրները դեռ Հայոց ցեղասպանությունը չեն ճանաչել (օրինակ` Մեծ Բրիտանիայի պատվիրակության ներկայացուցիչը): Փաստորեն ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն չի նախագահել երեկվա նիստը` խուսափելով այդ հայտարարությունը հրապարակելուց: Ընթացակարգն այնպիսին է, որ եթե 20 ստորագրություն է հավաքվում (դրանք հայկական պատվիրակությունը հավաքել էր), որեւէ հայտարարություն լիագումար նիստում պետք է հրապարակվի: ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը լրատվամիջոցներին է փոխանցել հայտարարության բովանդակությունը, որտեղ նշելով Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի մասին եւ այն, որ Ցեղասպանության ճանաչումը նպաստում է մարդկային արժանապատվության հարգմանը եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը, ինչպես նաեւ վկայակոչելով տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, վեհաժողովի ներքոստորագրյալ անդամները կոչ են անում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` 1915 թ. Օսմանյան կայսրության իրականացրած Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Այդ քայլերը, ըստ հայտարարության, կնպաստեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն, նպաստելով նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնեցմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
Մ. Խ.