«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի ապրիլի 3-ի համարից թարգմանաբար (չնչին հապավումներով) ներկայացնում ենք ամերիկացի լրագրող Դոն Թոմասսոնի հոդվածը, որը գրված է եղել Սկրիպս Հովարդ ցանցի համար:
Ժամանակին այս երկրում մայրերը սովորություն ունեին իրենց երեխաներից պահանջելու, որ ուտելիս լավ մաքրեն իրենց ափսեները եւ հիշեն «խեղճ, քաղցած հայերին»: Այս հորդորանքն այնքան ամուր էր դրոշմվել իմ հիշողության մեջ, որ առաջին մի հայի հանդիպելով, չհավատացի որ հայ կարող էր լինել, որովհետեւ քաղցած չէր:
Դրա հիմքում, անշուշտ, ընկած էր 1,5 միլիոն հայերի (կամ այդ ազգաբնակչության ամբողջ քանակի կեսի) բնաջնջումը թուրքերի կողմից Օսմանյան կայսրության տարածքում 1915-1919 թթ. ջարդերի եւ տարագրության միջոցով: Դա մի ողբերգություն էր, որին, կարելի է ասել, գերազանցեց միայն (հրեաների) Հոլոքոսթը, եւ դրանից հետո` կարմիր խմերների կողմից 2 միլիոն կամբոջացիների սպանդը: Դա նաեւ պատճառ դարձավ, որ «ցեղասպանություն» բառեզրը օգտագործվի նման սարսափելի իրադարձությունները նկարագրելու համար:
Թուրքիայի Հանրապետությունը հրաժարվում է բնաջնջման այս քաղաքականության պատասխանատվությունը վերցնելուց: Թուրքիան նաեւ որպես ցեղասպանություն չի ճանաչում կատարվածը, չնայած պատմությունը եւ առնվազն 20 երկրներ այդ ժամանակվա իրադարձությունները բնորոշել են որպես այդպիսին:
Ամերիկացիներից շատերը հիմա չգիտեն կամ չեն հասկանում նշանակությունն իրենց տատիկների ու պապիկների այն հորդորանքի, որ մատուցված ճաշը եւ դրանից օգտվելու առավելությունը թանկ արժեքներ են, որ բոլորին տրված չեն:
Ավերածությունից մազապուրծ շատ հայեր Ամերիկայում հաստատվեցին եւ դարձան այս երկրի ամենաբարգավաճ եւ ամենաարդյունավետ քաղաքացիները: Նրանց թվում էին Ֆրեզնոյիցՙ հայտնի գրող Վիլյամ Սարոյանը եւ Սան Ֆրանցիսկոյից հայտնի ֆինանսիստ եւ բարերար Ջորջ Մատիկյանը:
Թուրքիայի կառավարության դիմադրությունըՙ ընդունելու եւ ճանաչելու է այն, ինչ ամբողջ աշխարհն արդեն գիտի, մի նոր հարված է ստանալու ամերիկահպատակ ժառանգներից այն մարդկանց, ովքեր իրենց հոգիներն ավանդեցին մոտ 100 տարի առաջ: Դա լինելու է Վաշինգտոնի կենտրոնական մասում վեր խոյացող նոր թանգարանի տեսքով: Այնտեղ միլիոնավոր զբոսաշրջիկներ եւ ամերիկացիներ իրազեկ են դառնալու մարդու կողմից մարդու հանդեպ կիրառված անմարդկային վերաբերմունքին: Այդ շենքից կես մղոն այն կողմ է գտնվում Հոլոքոսթի թանգարանը, որտեղ մարդիկ արդեն իրազեկ դարձել են նացիստական Գերմանիայի կիրառած քաղաքականության զոհ դարձած հրեաների պատմությանը:
Ովքեր մտածում են, որ դա սոսկ մեկ ուրիշ թանգարան է լինելու առանց այն էլ թանգարաններով հարուստ այս քաղաքում, չեն հասկանում էականը, որ գտնվելով Հոլոքոսթի թանգարանի եւ Սպիտակ տան ու Կապիտոլի մոտակայքում, այս թանգարանը նշանակալիորեն ընդգծելու է մարդու իրավունքների պաշտպանության կարեւորությունը, մի սկզբունք, որ անգամ եթե միշտ չի հարգվել, համենայն դեպս գտնվել է այս երկրի հիմնադրման ակունքներում:
Ինչպես մեր մայրերը, մեզ էլ անհրաժեշտ է հիշել, որ մեզանից պակաս բախտավորներ կան այս աշխարհում, եւ գոյատեւելը պահանջում է հարատեւ պայքար: Անհրաժեշտ է խորանալ մարդկանց հոգու մեջ, ճանաչել զոհաբերության դասերը եւ չմոռանալ անցյալի ողբերգությունները: Դա դժվարին ու ծանր բեռ է, բայց մեր մայրերը, ինչպես միլիոնավոր ուրիշներ, նույնիսկ «Մեծ ճգնաժամի» այդ օրերին կարողացել էին «քաղցած հայեր» երկու բառի մեջ կուտակել, հիշեցնելով մեզ, որ չպետք է անտեղի վատնենք:
Եթե աշխարհն էլ նույնքան ուշադրություն դարձրած լիներ հայերի ողբերգությանը, հետագա ցեղասպանությունները գուցե տեղի չունենային: Ժամանակն է, որ Թուրքիան ճանաչի ու ընդունի (կատարվածը):
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ