«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2010-04-28 | #77, 2010-04-29 | #78, 2010-04-30


ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿ ՏԱՐԻՆ

Ինչպես ձերբազատվել միֆերից (մաս երրորդ)

Հայ-թուրքական երկխոսության մեկ տարին ոչ միայն ցրեց թուրքական, այսպես կոչված, հզոր դիվանագիտության մասին լեգենդը, այլեւ ի ցույց դրեց այն վախերը, որոնք առկա են այդ երկրի իշխանության եւ հասարակության մեջ, երբ խոսքը վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցին: Անցած մեկ տարվա ընթացքում թուրքական դիվանագիտությունը մեր առջեւ հառնեց իր ողջ «շքեղությամբ», ու պարզ դարձավ, որ թուրքական լեգենդար դիվանագիտությունն իրականում շանտաժի վրա հիմնված քաղաքական խղճուկ մի մեթոդ է, որտեղ ռացիոնալ մտածելակերպի փոխարեն գերիշխում է կայսերապաշտական մեծամտությունը: Ու չնայած Օսմանյան կայսրության անկումից անցել է 90 տարի, սակայն Թուրքիան չի կարողանում ձերբազատվել գերտերություն դառնալու երազանքից: Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրմանը պաշտոնական Անկարան վերաբերվում էր, որպես իր կայսերական նախկին հզորությանը վերադառնալու եւ ընդամենը իր «ծայրամասերի» հետ հարաբերությունները վերականգնելու փորձ: Սակայն շատ արագ պարզ դարձավ, որ սեփական երկվությունիցՙ նախկին հզորության եւ ներկա թուլության միջեւ, տառապող թուրքական կողմը գերագնահատել էր իր հնարավորությունները: Եվ Հայաստանը սեփական քաղաքական վեկտորը բերելու փորձերն անիմաստ են, իսկ Ադրբեջան անունը կրող խղճուկ պետության ճնշումըՙ բավարար, որ իրեն տարածաշրջանի տերություն երեւակայող պետությունը հրաժարվի իր իսկ ընտրած քաղաքական ուղղությունից եւ վերադառնա նախկին խրամատները, իրեն եւ աշխարհին ապացուցելով, որ այդ երկրի դիվանագիտության մասին հյուսված լեգենդներն իրականությանը չեն համապատասխանում:

Անցած մեկ տարին պարզորոշ ցույց տվեց նաեւ, որ Թուրքիան սարսափում է Ցեղասպանության համընդհանուր ճանաչման փաստից, քանի որ դա լուրջ տարաձայնություններ եւ քաղաքական պառակտում կառաջացնի հենց այդ երկրի ներսում: Թուրքական ինքնության անորոշության եւ կեղծված պատմության պայմաններում Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը կարող է լրջորեն բարդացնել այդ պետության հետագա գոյությունը, իսկ այնտեղ ապրող ազգային մյուս փոքրամասնություններիՙ հատկապես քրդերի համար լավ առիթ է ամենուրեք հայտարարելու, որ ցեղասպանություններ իրականացրած պետության կազմում մնալը վտանգում է նաեւ այդ ազգի գոյությունը: Աշխարհի տարբեր խորհրդարաններում Ցեղասպանության ճանաչման փաստի դեմ արշավի դուրս եկած թուրքական կողմը սարսափում է այդ խնդրի զանգվածային քննարկումից, առաջին հերթին, իր երկրի ներսում: Հետեւաբար, թուրքական կողմի վախըՙ Ցեղասպանության եզրույթի տարածումից, բացատրվում է նաեւ սեփական պատմության եւ ցեղասպան լինելու փաստի հետ առերեսվելու սարսափով, ու առավել եւսՙ այդ խարանի հետ հաշտվելու մտքի անհնարինությամբ: Թուրք ազգային գիտակցությունըՙ հիմնված քեմալական ազգայնականությանՙ սեփական մեծահոգության ու ազնվության կեղծ կարգախոսների վրա, մեկ օրվա մեջ կփշրվի, երբ պարզ դառնա, որ թուրքական ազգային արժեքային համակարգ կոչվածը կեղծ է: Հետեւաբար, պաշտոնական Անկարան իր պատմության սեւ կամ սպիտակ էջերին կանդրադառնա եւ հայերից ներողություն կխնդրի միայն Թուրքիայի անկման շրջանում, իսկ մինչ այդ, այդ երկրում իշխող քաղաքական ուժը կշարունակի ժխտողական քաղաքականությունը: Հետեւաբար սպասել, որ պաշտոնական Անկարան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, անիմաստ է: Առայժմ:

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, Արմենական-ՌԱԿ փոխատենապետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4