«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2010-04-28 | #77, 2010-04-29 | #78, 2010-04-30


ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ ԵՎՍ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԼՂՀ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովին երեկ իր նստավայրում ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը :

Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը շնորհավորել է Իգոր Պոպովին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը, որին մասնակցում էր արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման եւ բանակցային գործընթացին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը:

Հանդիպումից հետո Իգոր Պոպովը լրագրողներին ասել է, որ լավ տպավորություն է ստացել ԼՂՀ նախագահի հետ հանդիպումից: Նա միաժամանակ տեղեկացրել է որ Բակո Սահակյանի հետ, բացի քաղաքական խնդիրներից, քննարկվել են նաեւ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման հարցեր:

Գնահատելով իր նախորդի` Յուրի Մերզլյակովի ջանքերը միջնորդական առաքելությունում, նա հավաստիացրել է, որ ինքը եւս իր բոլոր ուժերը կներդնի` տարածաշրջանում վերջնական խաղաղության հասնելու համար:

Իգոր Պոպովը չի բացառել բանակցություններին ԼՂՀ ներգրավումը` դա համարելով անխուսափելի:

Ռուս դիվանագետի խոսքով, երկու շաբաթ հետո երեք համանախագահները միասին կհանդիպեն Վիեննայում եւ կքննարկեն ղարաբաղյան կարգավորման գործընթացն ավելի ակտիվացնելուն ուղղված հետագա անելիքները:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4