«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2010-04-28 | #77, 2010-04-29 | #78, 2010-04-30


ՈՐՔԱՆ ՄՈՏ ԵՆ 2012-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Օհ, անսպասելիորեն հասկանում ես` որքա՜ն մոտ են 2012 թվականի գարնանը տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները. թվում է` երկու տարի կա, դեռ կարելի է ճմլկոտալ, բայց ոչ, իրականում աշնանն արդեն քաղաքական ուժերը պետք է հասկանան, թե ո՞ւմ թեւի տակ են գնալու այդ ընտրություններին, ով ո՞ւր հասավ, ո՞ր կուսակցությունն ու ո՞ր առաջնորդն են դոմինանտ լինելու, որովհետեւ հասկանալի է` այժմյան քաղաքական ուժերն ա՛յս տեսքով, առանց վերախմբավորվելու ու նորոգվելու սպառում են իրենց քաղաքական ռեսուրսը: Ներկա քաղաքական ուժերը` իշխանական եւ ընդդիմադիր, բայց նախ եւ առաջ` իշխող մեծամասնությունը, արդեն այս աշնան ավարտին հանկարծ կհասկանան, որ նոր` 2011 թվականի սկզբին կողմնորոշում հետաձգածներին սպառնում է գծից դուրս ընկնելն ու ընդհանրապես ակտուալ չլինելը: Այնպես որ քաղաքականներն այս ամառ արդեն պետք է իրենց բարդ կոմբինացիաներն ու քաղաքական առեւտուրն անեն (ցավոք` Հայաստանում քաղաքականության վերաբերյալ ավելի հարմար կամ զուտ քաղաքագիտական տերմին դժվար է գործածել):

Ամբողջ խնդիրն այն է, որ տարուց ավելի տեւող հայ-թուրքական սեանսը բավական շեղել էր մեր քաղաքական ուժերի եւ, առհասարակ, ողջ հասարակության ուշադրությունը հայկական քաղաքական դաշտին հատուկ ինտրիգներից եւ զանազան «տուսովկաներից»: Պարտիան ավարտվեց, բոլորը մի պահ հետ եկան «էյֆորիկ» վիճակից կամ հայ-թուրքական «լոմկայից» ու հոպ` ընկան վերստին այն վիճակի մեջ, որտեղ կամ պետք է դու կեր դառնաս, կամ կուլ տաս ուրիշներին, երրորդ տարբերակ հայկական հասկացություններով չկա:

Մեկ վերապահում սակայն:

Այս վերապահումը վերաբերում է ղարաբաղյան խնդրին, որ այս պահին կարող է դառնալ մի ուրիշ պարտիա, ինչն ընդհանրապես կարող է նոր շեշտադրումներ անել մեր քաղաքական դաշտում: Որոշ քաղաքական ուժեր վախ ունեն, թե հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիայի խորհրդարանում դեռ կարող է համադրվել Ղարաբաղում մեզ միակողմանի զիջումներ պարտադրելու գործընթացի հետ եւ դեռ հարկ կլինի միասնականություն` դիմակայելու համար այդ հարթության մեջ մեզ պարտադրվելիք արտաքին ճնշումներին: Եթե այդ պահը մոտենա, ինչն, ի դեպ, չի բացառվում համարյա բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների կանխատեսումներում, Հայաստանի քաղաքական ուժերն ընդհանրապես չեն կարողանա հետ գալ մի վիճակից, որ մինչեւ այժմ առկա էր եւ անմիջապես կընկնեն անընդհատ զիգզագներով մի նոր գործընթացի մեջ, որտեղ սեփական «ես»-ն ու կուսակցական շահն արդեն ոչ մի նշանակություն չեն ունենա: Իսկ որ այդ պահը մոտիկ կարող է լինել, դրա նշանները երեւում են, օրինակ, նրանից, որ ռուս համանախագահ Իգոր Պոպովը Ստեփանակերտում ասել է, թե ինքը տրամադրված է գործադրելու բոլոր ջանքերը` հակամարտությունը հնարավորինս շուտ կարգավորելու համար:

Բայց մինչ այդ, այնուամենայնիվ, ժամանակ կա... գոնե մինչեւ աշուն, եւ ահա բոլոր նշանները մատնացույց են անում, որ նախագահ Սարգսյանը ձեռնամուխ է եղել ներքին խնդիրների կարգավորմանը, ինչի հրամայականի մասին շատերն են նրան հուշել: Ասենք, որ ներքին խնդրի ամենալավ կարգավորումը առանց կրիմինալի, առանց փողի գործոնի գոնե տանելի ընտրություններն են, որի արդյունքները գոնե մոտավորապես արտացոլում են ժողովրդի տրամադրությունները: Անցած խորհրդարանական ընտրությունները, պահելու բան չէ, այդպիսին չեն եղել, նորերը դեռ հեռու են, այնպես որ նախագահը ներքին խնդրի կարգավորման իր եղանակները պետք է գտնի, որոնք, եթե ուզենա էլ, չեն կարող 100 տոկոսանոց մաքուր մեթոդներ լինել, այլ` նույն տնտեսական եւ այլ ազդեցությունները պետք է օգտագործվեն, ինչը կողմնորոշիչ է եղել նաեւ այս կամ այն ուժը ձեւավորելիս 2008-ի ընտրություններին, այդ է առայժմ հայաստանյան իրականությունը: Իսկ թե մասամբ կեղտոտվելով` կարելի է մաքրություն հաստատել սեփական տանը, դա հարց է, բայց ուրիշ տարբերակ էլ չկա, եկել- հասել ենք այդպիսի իրավիճակի, որտեղ ոչ մի մաքուր մեթոդ եւ ոչ մի մաքուր ֆիգուր ի զորու չեն աշխատելու, իսկ այսպես շարունակելը կործանարար է պետության ու նրա ժողովրդի համար` հայ-թուրքական պարտիան դրա պերճախոս վկան է: Համեմատաբար մաքուր մեթոդներով քաղաքական դաշտը պարզաջրելը չստացվելու պատճառների մասին զրույցը մի առանձին թեմա է, իսկ մինչեւ նոր ընտրություններ զանազան արհեստական միավորներին պետք է բերել ռեալ դաշտ, թույլ չտալով նրանց` գոտկատեղից ներքեւ հարվածներ հասցնելու եւ սեփական խաղը տանելու:

Կհասցնի՞ այս բոլորը նախագահը (անկախ նրանից` ո՞վ էր լինելու այդ մարդը, հանգամանքների ու պատճառահետեւանքների կապի արդյունքում դա ներկա նախագահի խնդիրն էր լինելու), թե այս անգամ էլ ղարաբաղյա՛ն խնդիրը կկապի նրա ձեռքերը, եւ այդ դեպքում հստակ կարելի կլինի ասել, որ անհասկանալի կլինի նաեւ Հայաստանի քաղաքական ապագան: Հասցնելու խնդիրը` չգիտենք, եւ ոչ ոք չի կարող «այո» կամ «ոչ» ասել այդ հարցադրմանը: Բայց որ ձեռքերը ծալած չնստելն ու տան ներսը կարգավորելը հրատապ են` դա երեւում է անգամ գործընթացները հպանցիկ իմացող մարդկանց պատուհանից: Եվ այստեղ կոսմետիկ գործողությունները միայն կարող են ընդհանրապես փակել մեր ներքին կյանքը կարգավորելու լուսանցքը: Մարդիկ հոգնել են այս կյանքով ապրելուց, մարդու հայտնի տեսակի անպատժելիությունից, կրիմինալի հաղթական կեցվածքից, սովորական մարդուն ոչ մի կերպ ձեռք չերկարող իշխանավորից, տնտեսական կապիտալին սերտաճած քաղաքական «կրիշաների բեսպրեդելից», ախպերական վարքուբարքից, օլիգարխիկ մենաշնորհներից, սովորական մարդուն ընդհանրապես բոլոր ոլորտներում խաղից դուրս թողնելուց: Լավ, մենք պետություն դառնալո՞ւ ենք, թե՞ ոչ, մենք կարողանալո՞ւ ենք գոնե համեմատական նորմալ բարքեր հաստատել մեր երկրում, համեմատական արդարություն եւ օրենքի իշխանություն ստեղծել: Համեմատական` բացարձակին ձգտել մի հարյուր տարի չենք կարող: Ու այս բոլորը մեռանք սպասելով երկրի բարձրագույն իշխանությունից: Իսկ մյուսները, անգամ ընդդիմությունը, համեմատաբար արդար խաղի կանոններում կկարողանան տեղավորվել:

Միայն թե չասեք` սո՜ւրբ միամտություն:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4