Եվ ավելի կնվազի հեղինակային իրավունքների օրինագծի ընդունումից հետո
«Պիրատության» (բանագողության) ցուցանիշն անցյալ տարվա 92 տոկոսի փոխարեն այս տարի մեր եւ ոստիկանության համատեղ գործողություններից հետո նվազել է 2 տոկոսով, ընդհանուր վնասը կազմել է 17 մլն դոլար», երեկ «Նովոստի» մամուլի ակումբում հայտարարեց BSA միջազգային ընկերության եւ Microsoft-ի իրավական ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը: Բանախոսն ավելացրեց, որ 90 տոկոս ցուցանիշն էլ, անշուշտ, պատիվ չի բերում մեր երկրին, մանավանդ որ Հայաստանը համեմատվում է որոշ աֆրիկյան երկրների հետ: «Ցուցանիշի նվազեցման գործում մեծ նշանակություն ունեցավ մեր ընկերության ձեռնարկած պայքարը, որը մենք կազմակերպում ենք ոստիկանության` կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության հետ համատեղ: Ըստ այդմ, մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի դիսկ վաճառող 5 խանութներում կատարած մեր ստուգայցերի արդյունքում, հարուցվել են քրեական երեք գործեր, իսկ 2 խանութներ համաձայնել են փոխհատուցել պատճառած ֆինանսական վնասը` մոտ 5000 ԱՄՆ դոլարի չափով: Ընդհանուր առմամբ, միայն դիսկ վաճառող խանութների պատճառած վնասը կազմում է 33 մլն 144 հազար դրամ», նշեց Մկրտչյանը: Ինչ վերաբերում է բանագողության իրավիճակինՙ առեւտրային ընկերություններում, ապա այստեղ, ըստ Մկրտչյանի, խնդիրներն ավելի լուրջ են. «Սկզբում նրանք չէին պատասխանում մեր դիմումներին, սակայն երբ մենք սկսեցինք համագործակցել ոստիկանության հետ, իրավիճակը փոխվեց, ընկերությունները սկսեցին բանակցել մեզ հետ», ասաց բանախոսը:
Իրավիճակը, Մկրտչյանի խոսքերով, էլ ավելի մեծ չափերով կփոխվի, երբ ԱԺ-ն հաստատի Կարեն Վարդանյանի հեղինակած հեղինակային իրավունքի մասին օրինագիծը. «Ես` որպես մասնագետ, իմ գոհունակությունն եմ հայտնել պատգամավորին` նման նախաձեռնության համար: Օրինագիծն ունի երեք կարեւոր հատկանիշներ. առաջինը` կարեւոր է, որ պետությունն է սկսում մասնակցություն ունենալ այս հարցում, երկրորդ` օրինագիծը շատ հրատապ է մեր երկրի համար, եւ երրրոդ` սա լուրջ խթան է մտավոր սեփականության իրավունքները օրենսդրական դաշտում ամրագրելու համար», նկատեց Նարինե Մկրտչյանը: «Պատկերացրեք, խանութը վաճառում է «պիրատ-դիսկ», սակայն թե ո՞վ է պատրաստել այն, ոչ մի տեղեկություն չկա: Իսկ երբ այս օրինագիծը ընդունվի, խանութում պարտավոր են տեղեկացնել թողարկման հեղինակի անունը եւ այլն», նշեց Մկրտչյանը:
Վերջում բանախոսը ընդգծեց, որ Microsoft ընկերությունը` իր հեղինակային իրավունքների պաշտպանության առումով, վարում է բավական մեղմ քաղաքականություն. «Օրինակ, երբ մեր ծրագրերը «պիրատական» ճանապարհով օգտագործում են տանը, մենք քրեական գործ չենք հարուցում, դա անում ենք միայն առեւտրային ընկերությունների պարագայում, քանի որ վերջիններս իրենց գործունեությամբ շահույթ են ապահովվում: Պետք է նշեմ նաեւ, որ չնայած շահույթ ապահովող կազմակերպություններ են նաեւ ԶԼՄ-ները, սակայն մեր կազմակերպությունը բավական մեղմ է վերաբերվում նրանց` այս առումով», եզրափակեց Նարինե Մկրտչյանը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ