Երեկ Ազգային պատկերասրահում բացվեց նկարչուհի Գայանե Խաչատուրյանի (1942-2009) ստեղծագործությունների ցուցահանդեսը, որի կազմակերպմանն աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Գայանե Խաչատուրյան» հիմնադրամը: Ցուցահանդեսը նվիրված է նկարչուհու մահվան տարելիցին:
«Իմ խոսքի մեջ միշտ նշել եմ` անհրաժեշտ է, որ լրանա նկարչի 100-ամյակը, որպեսզի մենք կարողանանք գտնել նրա տեղը կերպարվեստում, սակայն Գայանե Խաչատուրյանի դեպքում այդպես չէ: Թե՛ հայ, թե՛ համաշխարհային կերպարվեստում մնայուն է նկարչուհու արվեստը», ասաց Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը :
Գայանե Խաչատուրյանը ծնվել է Թիֆլիսում, ամբողջ կյանքում ապրել ու ստեղծագործել է Վրաստանում, անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում, Մոսկվայում եւ այլուր:
Նկարչուհու ստեղծագործական աշխարհը թափանցելը դյուրին չէ, սակայն հետզհետե նրա գույների ու տեսիլքների հեքիաթը դիտողին կտրում է իրականությունից, եւ տեղափոխում երազի ու հոգեւորի աշխարհ:
Արվեստաբան Շահեն Խաչատրյանը , ով մտերիմ է եղել նկարչուհու հետ իր ելույթում ասաց. «30-35 տարի առաջ Թբիլիսիում ծանոթացա Գայանեի հետ: Գայանեի մեծ մայրը Ագուլիս քաղաքում եղել է իշխանուհի: Ի՞նչն է արվեստագետի համար ամենակարեւորը` ինչպես հանքափորն է անընդհատ փորում եւ փնտրում ոսկի կամ ադամանդ, այդպես էլ արվեստագետն է անընդհատ ձգտում ինքն իրեն գտնել ու բացահայտել: Գայանեն ստեղծել է երազային ու հեքիաթային մի աշխարհ, որը բացառիկ էր հատկապես այն սերնդի համար, որը 1960-ականներին ինքնազատ ստեղծագործական մտածելակերպի հիմքը դրեց»:
Ըստ Շահեն Խաչատրյանի` Թիֆլիսը` թատերական բեմեր հիշեցնող իր հնամենի բակերով,պատմողի հազվադեպ ձիրքով օժտված ագուլիսցի մայրը արմատավորել են Գայանեի երեւակայությունն ու սնող հող դարձել նրա արվեստի համար:
3 ցուցասրահներից մեջտեղի սրահում ներկայացված են Գայանեի այն նկարները, որոնք անցյալ տարի ցուցադրվել են Վենետիկի Բիենալեում: Ի մի բերված 50 լավագույն գործերի մեջ առանցքային է «Ռեքվիեմ» նկարը, որը նաեւ ընկալվում է որպես Գայանեի` կյանքից վաղաժամ հեռանալու ծանր ողբերգ:
Արվեստաբան Վիտալի Պացյուկովը, ով եկել էր Մոսկվայից ու ներկա էր ցուցահանդեսին այսպես է գնահատում Գայանեի արվեստը. «Նա իր մեջ ներառում է եվրոպական գեղարվեստական «տեսողության» բացառիկությունը եւ պլաստիկ ժեստի բնական ազատություն»:
Գայանե Խաչատուրյանի կենդանության օրոք Վալերի Խանուկաեւը, Արտաշես Ալեքսանյանը եւ Բագրատ Նիկողոսյանը ստեղծեցին «Գայանե Խաչատուրյան» հիմնադրամը` նկարչուհուն օգնելու եւ նրա արվեստը տարբեր երկրներում ցուցադրելու նպատակով:
Վերջերս հրատարակվել է նկարչուհու ստեղծագործություններին նվիրված կատալոգ, որտեղ զետեղված են նաեւ կարծիքներ նկարչուհու արվեստի վերաբերյալ: Կատալոգի հրատարակումը հովանավորել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Կատալոգի հրատարակման , նաեւ ցուցահանդեսի կազմակերպիչներից է Շահեն Խաչատրյանը:
Ըստ Վալերի Խանուկաեւի ` Գայանեն հանճարեղ անհատ էր, իսկ հանճարների հետ շփվելը մեծ պատասխանատվություն է:
«Նրա գույների աշխարհը մշտապես մեր հետ է, Գայանեն իմ համար չի ապրում միայն անցյալում», նշեց Վ. Խանուկաեւը:
Գայանեն կերպարվեստը համարում էր սեղմված տիեզերք, որտեղ կատարվում է ամեն ինչ, որտեղ կա սկիզբ, բայց ոչ վերջ: Նրա աշխարհը տանում է դեպի հավերժություն:
«Գայանեին ճանաչում եմ շուրջ 35-40 տարի: Գայանեն նման է իր ստեղծագործություններին, իսկ վերջիններս էլ նման են իրեն: Գայանեն չուներ բարձրագույն կրթություն, սակայն ի վերուստ օժտված էր շնորհով: Մեզ համար դժվար է ընկալել, թե Գայանեն որերո՞րդ դարի նկարչուհի է` 21-րդ, 20-րդ, թե՞ 19-րդ: Նա Հայաստանում չի ապրել, սակայն Հայաստանը մշտապես նրա մեջ էր: Ինչպես Վիլյամ Սարոյանն էր լավաշը պահում իր սրտի մոտ, այնպես էլ Գայանեն իր սրտի մոտ էր պահում Հայաստանը, ավելի շուտ` Հայաստանը նրա սրտի մեջ էր», ասաց ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ