Հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը, ապա եւ վերահաստատել իրենց դիրքորոշումը ղարաբաղյան հիմնահարցում
Արձագանքելով Հայոց ցեղասպանության հարցը օրակարգ մտցնելու Իսրայելի խորհրդարան Քնեսեթի որոշմանը, ապրիլի 29-ին մամուլի հերթական ասուլիսում Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Բուրաք Օզուգերգինը հիշեցրել է նախորդ տարիներին ցուցաբերված համանման նախաձեռնությունների մասին, ասելով. «Ակնկալում ենք, որ այս նախաձեռնությունը եւս ապարդյուն կանցնի, ինչպես եղել է նախորդ տարիներին: Խնդիրը պայմանավորված չէ սոսկ Իսրայելի խորհրդարանով: Մեր տեսակետները հայտնի են: Լավ կլինի, եթե պատմությունը մեկնաբանեն պատմաբանները»:
Նա ասուլիսում նշել է, որ առաջիկայում Իսրայել կգործուղվի արտգործնախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուն: Այցի ընթացքում կքննարկվեն միջինարեւելյան խաղաղ կարգավորման գործընթացին եւ թուրք-իսրայելական հարաբերություններին առնչվող հարցեր: Հայկական կողմի հետ հանդիպման հնարավորության մասին վերաբերող հարցին ի պատասխան խոսնակը նշել է վաշինգտոնյան հանդիպումների մասին եւ ընդգծել, որ առաջիկայում Հայաստանի հետ որեւէ հանդիպում չի նախատեսվում:
Օզուգերգինը հրաժարվել է մեկնաբանել Մինսկի խմբի նախկին համանախագահող Մեթյու Բրայզայի Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան նշանակելու մասին լուրերը, ավելացրել է, որ Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններն ու սկզբնավորված հարաբերությունների նորմալացման գործընթացն իրենց ամենեւին էլ չեն զրկում Ղարաբաղով հետաքրքրվելու հնարավորությունից, այդպիսի տրամաբանության համար քննադատել է հայկական կողմին:
Ապա նա շարունակել է. «Անհնար է հասկանալ այդ տրամաբանությունը: Եթե արձանագրությունները ստորագրել են, ուրեմն պետք է ձեռ ու ոտք քաշե՞նք տարածաշրջանից: Տարօրինակ տրամաբանություն է: Սա այն խաղը չէ, որ արդյունքների գումարը զրոյի հանգի: Այսինքնՙ եթե Հայաստանի հետ նորմալացումը շահի, ապա մենք պարտադիր պիտի կորցնենք Ղարաբաղում, կամՙ հակառակը: Մաթեմատիկայում երկու պլյուս երկուՙ միշտ հավասար է չորսի, սակայն միջազգային հարաբերություններում այդ գումարը հինգ կամ վեց է լինում: Երբեմն գումարելիներն ավելի մեծ արժեք են ունենում, քան ընդհանուր գումարը: Այդպիսին է Կովկասի խաղաղությունը: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը նորմալացնեն իրենց հարաբերությունները, եւ մենք էլ նորմալացնենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ, ապա դրա հաղորդած լիցքը շատ ավելի մեծ կլինի: Աշխատում ենք հասնել դրան»:
Հ. Չ.