«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2010-04-29 | #78, 2010-04-30 | #79, 2010-05-01


ԹՈՒՐՔ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԽՈՍԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Բայց տողատակով հասկացրեց, որ Մուշը հայկական տարածք է

Թուրք հասարակական գործիչ, երիտասարդական միավորումների ասոցիացիայի նախագահ Սալի Յուջենն արդեն մեկ շաբաթ Երեւանում է: Այցելության նպատակն է երկխոսություն ծավալել հայ եւ թուրք հասարակությունների միջեւ, համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ:

«Մեր կազմակերպությունը գտնվում եւ գործում է Մուշում: Կարծում եմ` այս հանգամանքը հայերի համար շատ կարեւոր է», ասաց նա:

Յուջենի առաջարկությունն է հող պատրաստել երկխոսության համար:

«Եթե հայ եւ թուրք ժողովուրդները կարողանան մոտիկից ճանաչել իրար, խնդիրները մի օր կլուծվեն: Մենք իրար չենք ճանաչում, առկա է կանխակալ վերաբերմունք: Պետք է խոսել ոչ թե անցյալի, այլՙ ապագայի մասին: Եկել ենք այստեղ ապագան կերտելու: Մեր թիրախը հայ եւ թուրք երիտասարդների համագործակցությունն է: Եթե մի անգամ խոսենք անցյալից` անընդհատ կխոսենք», ասաց նա` հրաժարվելով խոսել Հայոց ցեղասպանության մասին եւ արգելելով լրագրողներին թեմայի վերաբերյալ հարցեր ուղղել իրեն:

Մեր կողմից հիշեցնենք, որ հրաժարվել խոսել պատմական անարդարության մասին, միաժամանակ առաջարկել համագործակցություն հասարակությունների միջեւ` խելամիտ չէ, որովհետեւ ողջ աշխարհն ու առաջին հերթին Թուրքիան քաջ գիտակցում է. հայ եւ թուրք հասարակությունների միջեւ երկխոսություն չի կայանա, մինչեւ Հայոց ցեղասպանության հարցը չճանաչվի: Հասարակությունների միջեւ այլ խնդիր չկա: Հետեւաբար, անիմաստ ժամանակի կորուստ է, երբ փորձում ես փրկել ինչ-որ բան, բայց ուղիղ ճանապարհով քայլելու փոխարեն վազում ես երկրորդական արահետներով:

«Ես չեմ ուզում խոսել Ցեղասպանության մասին: Եկել եմ երկու հասարակությունների միջեւ առկա խնդիրներից խոսելու», ասաց նա:

«Բացի Հայոց ցեղասպանության խնդրից, կա՞ն այլ խնդիրներ, որոնց պատճառով արդեն 95 տարի երկու հասարակությունների միջեւ երկխոսություն չի կայանում: Եթե կան` մատնանշեք», «Ազգ»-ի հարցին Յուջենը, երեւի պատասխան չգտնելով, բարկացավ, հրաժարվեց պատասխանել հարցին ու լքեց «Նովոստի» մամուլի ակումբի սրահը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4