Ռուսաստանը դեմ չէ Հայաստանի, Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպման առաջարկությանը, որ ներկայացրել է Իրանը` քննարկման թեման ղարաբաղյան հարցը դիտարկելու համատեքստում: Երեկ, «ՌԻԱ նովոստի» գործակալության տեղեկացմամբ, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:
Մեկնաբանելով Իրանի` եռակողմ արտգործնախարարական մակարդակով հանդիպում անցկացնելու առաջարկությունը, Նեստերենկոն հայտարարել է. «Նման հանդիպման առնչությամբ մենք դեմ ոչինչ չունենք: Եթե նման հանդիպում կայանա, ակնհայտորեն կարիք կլինի սպասել արդյունքներին եւ միայն այն ժամանակ խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իրանական կողմի միջնորդ լինելու հնարավորության մասին»:
Նեստերենկոն ընդգծել է, որ ներկա փուլում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը մասնակցելու առնչությամբ Իրանի առաջարկությունը վերաբերել է միայն եռակողմ հանդիպում անցկացնելուն:
Ինչ վերաբերում է Թուրքիայի` ղարաբաղյան գործընթացին ամեն կերպ խառնվելու նկրտումներին, ապա այդ առնչությամբ էլ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը պաշտոնապես որեւէ առաջարկություն չի ստացել Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի հարցով միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում Թուրքիան ներառելու համար:
«Ռուսաստանըՙ որպես Մինսկի խմբում համանախագահ երկրներից մեկը, նման առաջարկություն, եթե անգամ եղել է, պաշտոնապես չի ստացել: Ամեն դեպքում, որպեսզի այս խոսակցությունն անցնի գործնական հարթություն, նվազագույնը անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի համաձայնությունը», ասել է Նեստերենկոն, հստակ ենթատեքստով ավելացնելով, «որ, հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման հանգամանքը, «դժվար թե կարելի է հույս դնել նման համաձայնության վրա»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ