Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ներողություն է խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց իր հայտարարությամբ ապատեղեկատվություն է տվել` պնդելով, թե Չարենցավանի ոստիկանությունում մահացած Վահան Խալաֆյանին ոչ ոք ծեծի չի ենթարկել:
Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունը ձեռք բերված ապացույցներով պարզել է, որ 24-ամյա երիտասարդը բռնությունների է ենթարկվել Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանի կողմից, որը հինգշաբթի օրն արդեն կալանավորվել է: «Ես պատժելու եմ իմ այն աշխատակիցներին, որոնք ինձ սխալ ինֆորմացիա են տվել` ինձ դնելով անհարմար վիճակի մեջ: Ովքեր հանցանք են կատարել` ծեծել են երիտասարդին, խոշտանգել են, բոլոր այդ մարդիկ պատժվելու են օրենքի խստագույն տառով: Ես նախապես ասում եմ` ոչ մեկին չեմ պաշտպանելու, մեղավորները պատժվելու են: Ես ծեծը երբեք չեմ խրախուսել, աշխատանքի ավելի ճիշտ մեթոդներ կան,- ասել է Ալիկ Սարգսյանը եւ հավելել,- Ինձ թող ներեն այն մարդիկ, որոնց ես իմ հայտարարությամբ ապատեղեկատվություն եմ տվել: Իսկ ինձ խաբողները պատժվելու են օրենքի ամենայն խստությամբ: Ես ոչ ոքի չեմ ներելու»:
Միաժամանակ, ոստիկանապետը կրկին պնդել է, որ Վահան Խալաֆյանը ինքնասպան է եղել` բացառելով սպանության վարկածը: «Ես հիմա էլ պնդում եմ, որ դա ինքնասպանություն է եղել` նա է դանակը վերցրել ու իրեն սպանել», ասել է Ալիկ Սարգսյանը: