Մշակվել եւ ձեռնարկվում են ոչնչացման քայլեր
Երբ 1976-ին ստեղծվեց Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը, նախատեսված էր, որ պետք է ժամանակավոր բնույթ կրի, սակայն այսօր «ԽՍՀՄ-ից հասած կտակը» լուրջ էկոլոգիական վտանգ է ներկայացնում ողջ երկրի համար: Երեկ կայացած ասուլիսի ընթացքում, որին մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածքների եւ բնակչության վարչության պետ Հովհաննես Եմիշյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փոխդեսպան Կարել Հոֆստրան եւ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Գրիգորյանը , բոլոր բանախոսներն էլ իրավիճակը գնահատեցին խիստ անհանգստացնող: «Ըստ նախկին արխիվներիՙ այսօր գերեզմանոցում կան 512 տոննա թունաքիմիկատներ, որոնցից ավելին, քան 300 տոննան, ըստ Ստոկհոլմի կոնվենցիայի, որը ստորագրել է նաեւ Հայաստանը, ենթակա են ոչնչացման», ասաց Եմիշյանը` ընգդծելով, որ վերջին ժամանակներում գերեզմանոցը գետաջրերի «մասնակցությամբ» տարածվել է 10 մետրով, հետեւաբար ավելացել է նաեւ վարակված տարածքի մակերեսը: ԵԱՀԿ փոխդեսպան Հոֆստրան նկատեց, որ հնարավոր է` վերոհիշյալ պատճառով, տարածքում լինի 6000 տոննա թունաքիմիկատ. «Անհրաժեշտ է անցկացնել նոր փորձաքննություն», նշեց Հոֆստրան : Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ իրենց գրասենյակը ակտիվորեն համագործակցում է արտակարգ իրավիճակների նախարարության, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների հետ, մշակվել է գործողությունների ծրագիր, որոնք պետք է ընթանան մի քանի փուլերով. «Նախ անհրաժեշտ է արտակարգ արձագանքում: Պետք է տարածքը, որը նախկինում փակ է եղել, եւ որը բացել են անհայտ անձինք, կրկին ծածկել, որպեսզի թունաքիմիկատները չտարածվեն: Ամբողջ վարակված տարածքը պետք է պարսպապատվի, որից հետո միայն մեր միջազգային գործընկերների հետ համատեղ կորոշենք, թե ինչպես պետք է ընթանա ոչնչացման փուլը: Առհասարակ այս գործողություններն իրականացնելու համար անհրաժեշտ են լուրջ ֆինանսական միջոցներ, միայն ոչնչացման համար, հնարավոր է, կարիք լինի շուրջ 15 մլն եվրոյի: Ես ուզում եմ շեշտել, որ ՀՀ կառավարությունը նախնական փուլի համար արդեն տրամադրել է որոշակի գումար», ասաց Հոֆստրան: Նա նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանում երկրորդ նման գերեզմանոցը գտնվում է Ալավերդիում. «Մենք այնտեղ էլ այժմ ուսումնասիրում ենք իրավիճակը», նշեց փոխդեսպանը: Նիկոլայ Գրիգորյանը, իր հերթին, տեղեկացրեց, որ այս ծրագրի իրականացման համար կառավարությունն արդեն բնապահպանության նախարարությանն է փոխանցել շուրջ 20-30 մլն դոլարի չափով գումար. «Բացի այդ, վարչապետը երեկ նամակներ է հղել մի շարք միջազգային համապատասխան կազմակերպությունների` ակնկալելով նրանց օգնությունը», ասաց Գրիգորյանը:
Ծրագրի ֆինանսավորումը, Հովհաննես Եմիշյանի խոսքերով, կատարվում է նաեւ ԵԱՀԿ գրասենյակի կողմից: Նա, անդրադառնալով թունաքիմիկատների գերեզմանոցի ոչնչացման աշխատանքների փուլերին, նշեց. «Առաջին փուլում մենք պետք է թունաքիմիկատները իդենտիֆիկացիայի ենթարկենք, պահեստավորենք դրանք, այնուհետեւ իրականացնենք ոչնչացումը: Ի դեպ, հաշվի առնելով երկրի շրջափակված լինելը, այս վերջին խնդիրը կարող է լուրջ խոչընդոտներ ունենալ, հուսով եմ, որ մեր միջազգային գործընկերները մեզ կօգնեն նաեւ այդ հարցում»: Եմիշյանը նաեւ տեղեկացրեց, որ «վարակված տարածքին» առավել մոտ են գտնվում մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանը, ինչպես նաեւ Ողջաբերդ, Գեղադիր, Մուշավան համայնքները. «Այս պահի դրությամբ մենք չունենք ուսումնասիրություններ տուժողների վերաբերյալ: Մենք չունենք նաեւ ուսումնասիրություններ, թե տվյալ տարածքում արածող կենդանիների կաթով արդյո՞ք վարակը փոխանցվում է մարդուն», ասաց Եմիշյանը` հավելելով, որ, եթե իրավիճակի լավացման ուղղությամբ քայլեր չձեռնարկվեն, ապա կլինեն նաեւ դիմումներ տուժողներից, քանի որ խնդիրն իրոք բավական լուրջ է: «Որեւէ քայլ չձեռնարկելու, տարածքը բաց թողնելու պարագայում, ջրերի միջոցով հնարավոր է, որ վարակն անցնի Գետառ, իսկ սրա լրջության մասին անիմաստ է խոսել», ավելացրեց Եմիշյանը: Ի դեպ` տարածքի բաց լինելու մասին. Նիկոլայ Գրիգորյանը նշեց, որ, «հայկական սովորության համաձայն», բացել են մարդիկ, որոնք «գանձ են փնտրել». «Այժմ ոստիկանությունում հարուցված է քրեական գործ, սակայն մեղավորները դեռեւս բացահայտված չեն», ասաց Գրիգորյանը:
Վերջում բանախոսները նշեցին, որ Հայաստանի տարածքում հնարավոր է, որ լինեն թունաքիմիկատների նաեւ անհայտ գերեզմանոցներ. «Մենք այժմ փորձում ենք ճշտել դրանց գոյությունը եւ գտնվելու վայրերը», եզրափակեց Հովհաննես Եմիշյանը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ