«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2010-04-29 | #78, 2010-04-30 | #79, 2010-05-01


ԾԱՓԵՐՈՎ ԼՑՎԱԾ ԼՌՈՒԹՅՈՒՆ

Քյոլնի Մուզիկտրիենալե փառատոնը բացվեց Մանսուրյանի ապրիլքսանչորսյան կոնցերտով

Ապրիլի 24-ին Քյոլնի Ֆիլհարմոնիայում առաջին անգամ հնչեց Տիգրան Մանսուրյանի «Ubi est Abel frater tuus?» (Ու՞ր է Աբել եղբայր քո) թավջութակի եւ նվագախմբի համար գրված կոնցերտը, որ փայլուն մեկնաբանեց հայտնի թավջութակահար Յան Ֆոգլերըՙ Սեմեոն Բիչկովի ղեկավարած WDR սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ:

Ինչպես օրեր առաջ էինք իրազեկել մեր ընթերցողներին, Մանսուրյանի հիշյալ ստեղծագործությունը գրվել է արեւմտագերմանական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի պատվերով: Ապրիլի 24-ին այն հնչեց մեքսիկացի կոմպոզիտոր Սիլվեստրե Ռեվուելթասի 1939-ին հեղինակած «La noche de los Mayas» նվագախմբի համար գրված սյուիտի, ինչպես նաեւ Իգոր Ստրավինսկու 1911-1913-ին հեղինակած «Le Sacre du printemps» երկու մասից բաղկացած ռուսական պատկերներ ներկայացնող ստեղծագործության կողքինՙ Մուզիկ տրիենալե փառատոնի բացմանՙ «Հայրենիքի ծեսերը» վերնագրյալ համերգին:

2010-ի ապրիլի 24-ից մայիսի 16-ը վեցերորդ անգամ (առաջինըՙ 1994-ին, այնուհետՙ 1997-ին, 2000-ին, 2004-ին, 2007-ին) անցկացվող արդի երաժշտությունը հանրությանը մատուցող Մուզիկ տրիենալեն 100 միջոցառում է նախատեսել անցկացնել, այդ թվումՙ 13 ստեղծագործություն հնչելու է առաջին անգամ: 20-րդ դարիՙ դասական, ջազ, աշխարհի երաժշտություն ներկայացնող ամենալուրջ փառատոններից մեկն է Քյոլնի Մուզիկ տրիենալեն: Փառատոնն այս անգամ կրում է «Հարենիք-հայրենազուրկ» խորագիրը: «Միստիկ բան կա, որ իմ կոնցերտը համընկել է հենց ապրիլ 24-ին», դեռեւս օրեր առաջ մեր զրույցում ասաց Տիգրան Մանսուրյանը:

Ֆիլհարմոնիայի դահլիճում հատուկենտ աթոռներ էին պարապ, հանրությունը բազմաշերտ էրՙ երաժշտության գիտակներ, ուսանողներ, նաեւՙ դպրոցականներ, իսկ ժամը 20.15-ից դահլիճում ներկաների ստվար բազմությանը միացան WDR 3-ի ռադիո եւ 3sat-ի հեռուստաունկնդիրները: Ի դեպ, 3sat-ը համերգը հեռարձակելիս, մանրամասն խոսել է օրվա խորհրդիՙ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա ու Մանսուրյանի կոնցերտի առնչության մասին, ընդգծելով նաեւ, թե հեղինակը հայ ժամանակակից ամենաճանաչված կոմպոզիտորն է: Նույնը թերեւս չներկայացվեց համերգի բացման ելույթներում, (միգուցե բավարար համարեցին համերգի ծրագիր գրքույկում մասնագիտական հանգամանալից անդրադարձը, ուր Մանսուրյանի կոնցերտի վերլուծությունը ներառում է հակիրճ պատմական ակնարկ Հայոց ցեղասպանության ողբերգությանը), բանախոսներն առավել կենտրոնացան հայրենիքՙ անվտանգություն, վստահություն, հայրենազուրկՙ կորուստ ընկալումները մեկնաբանելու վրա: Մանավանդ ապրիլի 24-ին «Հայրենիք-հայրենազուրկ»-ն ամենից լավ կարող է հասկանալ հայ մարդը, չհեռանանք նյութիցՙ հայ կոմպոզիտորը, ով ծնվել է Բեյրութումՙ ամերիկյան որբանոցում կյանք գտած հայ մորից սերելով, այնուհետ հայրենիքն Արթիկում որոնելով, Քյոլնի Ֆիլհարմոնիայի բեմից հենց այդ տառապագին ոդիսականն է ներկայացնում, ու հայ ունկնդիրս, խոստովանեմՙ չկարողացավ առանց հուզմունքի ունկնդրել թավջութակի լարերից դժվար պոկվող ողբը, որ ինչպես մաեստրոն է բնութագրումՙ ինքն իր տնից է բերում:

Ծափերը չէին լռում, մաեստրոն բեմ ելավ, խոնարհվեց, շնորհակալությամբ վերցրեց ծաղկեզամբյուղն ու չկարողացավ արագ հեռանալՙ «Ubi est Abel frater tuus?»-ի «լռությանը» դահլիճը երկարատեւ ծափն էր հակադրում:

Մասնագետները դեռ իրենց խոսքը կասեն «Ubi est Abel frater tuus?»-ի մասին, իսկ լրագրողիս վերապահված է ներկայացնել նույն օրը համերգից առաջ Քյոլնի Մայր տաճարի հարեւանությամբ գտնվող սրճարաններից մեկում մաեստրոյի հետ անցկացրած մեր երկժամյա զրույցիՙ կոնցերտի մասին պատմող հատվածըՙ հակիրճ շարադրանքով: (Տիգրան Մանսուրյանի հետ մեր հարցազրույցի ամբողջական շարադրանքըՙ «Ազգի» առաջիկա մշակութային հավելվածում):

- Այո, սա պատվեր է: Անուններ կան, որ նվագում են իմ երաժշտությունը, օրինակ Յան Ֆոգլերը, որը մեծ հեղինակություն էՙ Դրեզդենի Մորիցբուրգ փառատոնի գեղարվեստական ղեկավարն է, 2008-ից նաեւՙ Դրեզդենի երաժշտական փառատոնի գլխավոր տնօրենը: Թե՛ ակտիվ նվագող է, եւ թե՛ կազմակերպիչ: Իմ կոնցերտը, իմ գործերը քանի-քանի տարի նվագում է: Ըստ այդմ է այս պատվերը հայտնվել, իր նախաձեռնությունն է: Իսկ ես նրա գոյության մասին երկար ժամանակ ոչ էլ իմացել եմ, թե կա մեկը, որ նվագում է իմ երաժշտությունը: Երբ ինձ ներկայացրին գործի տեւողության, նվագախմբի կազմի մասին տվյալները (դրանք բոլորը պայմաններ են, որ նախօրոք պիտի իմանամ), նաեւ ժամկետների մասին, պարզվեց, որ ապրիլի 24-ին է, զարմացա եւ կարծեցի, թե իրենք նկատի են ունեցել իմ ապրիլ 24-ը: Հետո մտածեցի գրել իմ ապրիլ 24-ը, անկախ նրանիցՙ իրենք մտածել են այդ մասին, թե՞ ոչ: Առիթ ունեցա Ֆոգլերին հանդիպել Լոս Անջելեսումՙ իր համերգից հետո: Շատ ջերմ հանդիպում եղավ: Ես նրան հարցրիՙ դու գիտե՞ս ապրիլ 24-ն ի՞նչ է ինձ համար: Ասաց. «Ոչ, զուտ պատահականություն է եղել, որ հենց այդ օրն է ընտրվել, բայց ես փոքր տարիքից կարդացել եմ Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» եւ շատ տպավորված էի, հիշում եմՙ մի շաբաթ հանգիստ չէի կարողանում քնել գրքի ազդեցությանի տակ»: Այսպիսովՙ մի տեսակ ապրիլ 24-ն ինքնին արդեն ծրագիր էր ինձ համար գործը գրելիս, տեսա, որ ես պիտի գրեմ հենց էն գործը, որը այսօրվա համար ամենաճիշտն է լինելուՙ «Ու՞ր է Աբել եղբայր քո»: Աստվածաշնչյան այս տողը, որ մարդու կողմից մարդուն սպանելու մասին առաջին վկայությունն է եւ առաջին դատապարտումը Աստծո կողմից: Սա ոչ միայն խորագիրն է, ամբողջ բովանդակությունն է այդտեղից գալիս: Այս հարցի տակ մի զարհուրելի լռություն կա. սպանություն է, դրան հաջորդել է լռությունըՙ մեկը չկա, իսկ մյուսը հանցագործն է, այս երկուՙ անցյալ եւ ներկա էությունների լռությունը մի ահավոր լռություն է, եւ այդ լռության ֆոնի վրա է Աստծո հարցըՙ «Ու՞ր է Աբել եղբայր քո»: Այս լռությունը գործի կարեւոր ելակետերից մեկն է:

- Դրա ծնունդը պայմանավորված էր անպայման թավջութակի՞ մեկնաբանությամբ:

- Թավջութակն առհասարակ, այս տեսակ թեմաների հետ կապված, միշտ գերադասել եմ:

- Չարենցի «Մահվան տեսիլում» էլ առնչություն կա:

- Թերեւս, ահավասիկ կա, այդպիսի կապ գոյություն ունի: Բայց ես կընդգծեի գործիքի ներքին դրամատիզմը, արտահայտչականության մեծ կարողությունները: Էն դիապազոնը, էն նրբերանգները, որ ունի թավջութակը, չափազանց հարուստ են, մանավանդ մռայլ գույները, շատ գեղեցիկ են: Անշուշտ, թավջութակը շատ հարմար է այս տեսակ մի իրավիճակ ստեղծելուն: Մի տեսակՙ Վերածննդի շրջանի մռայլ մի ինտերիերի գունապատկերն է, ասենքՙ Լեոնարդո Դա Վինչի, թանձր գույների մի անկյունՙ թավջութակը սա է: Թավջութակը շատ դժվար մի պայման ունի, թվում է, թե մեծ հնչյուն ունի, զորեղ բան է, ունի այո՛, բայց նվագախմբի դեմ հայտնվելիս ինքը շատ շուտ փակվում է: Ամենաաննշան, ավելորդ ստվերը, որ նվագախմբից, երաժիշտների հնչյուններից կարող է գալ, նրա ձայնը, հնչողությունը շատ հեշտ կլանում են: Այդ տեսակետից փխրուն է, եւ գրելիս հաշվի պիտի առնես:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4