«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2010-04-29 | #78, 2010-04-30 | #79, 2010-05-01


ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՄՏԱԴՐՎԵԼ Է ՀԱՂԹԵԼ ՆՈԿԱՈՒՏՈՎ

Կարլ Ֆրոչը սպառնում էր ռինգ դուրս չգալ, եթե մրցավայրը փոխվի

Ինչպես հայտնի է, օգոստոսի 21-ին Արթուր Աբրահամը երկրորդ միջին քաշային կարգի 6 ուժեղագույն բռնցքամարտիկների մրցաշարի վերջին մենամարտը կանցկացնի բրիտանացի Կարլ Ֆրոչի հետ: Արթուրը ներկա է գտնվել ապրիլի 24-ին Դանիայում կայացած Միկել Կեսլերի եւ Կարլ Ֆրոչի մենամարտին: Այդ մրցավեճում մրցավարների միասնական որոշմամբ հաղթանակը շնորհվել էր Միկել Կեսլերին, որը դարձավ երկրորդ միջին քաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոն:

Այդ մենամարտից հետո Արթուր Աբրահամը հայտարարել է, որ չնայած մրցակիցն ուժեղ է, սակայն պատրաստվում է նոկաուտով հաղթել Ֆրոչին: Այդ մենամարտն ըստ նախնական պայմանավորվածության, պետք է կայանա անգլիական Նոթինգհեմ քաղաքում: Սակայն Արթուր Աբրահամը հույս ունի, որ մենամարտի վայրը կփոխվի եւ ինքը Ֆրոչի դեմ ռինգ դուրս կգա Բեռլինում:

Արթուրի պրոմոութեր Վիլֆրեդ Զաուեռլանդը տեղեկացրել է, որ մրցավեճի վայրը դեռեւս որոշված չէ: Մրցաշարի մրցակարգով միայն նախատեսված է, որ այդ մենամարտը պետք է անցկացվի Եվրոպայում: Իսկ մրցավայրի ընտրությունը պայմանավորված կլինի այն բանով, թե պրոմոութերներից որ մեկը մրցանակային ավելի մեծ գումար կառաջարկի:

Կարլ Ֆրոչը սպառնացել էր դուրս գալ մրցաշարից, եթե Արթուր Աբրահամի հետ մենամարտն Անգլիայից տեղափոխվի Գերմանիա. «Արդեն նախապես որոշված է, որ ես առաջին եւ երրորդ մենամարտերն անցկացնելու եմ տանը, երկրորդ մրցամարտըՙ հյուրընկալվելիս: Այդ մասին պայմանավորվել ենք Showtime հեռուստաալիքի ներկայացուցիչ Քեն Հերշմանի հետ: Ուստի կամ իմ մենամարտն Աբրահամի հետ կկայանա Անգլիայում, կամ ընդհանրապես տեղի չի ունենա եւ մրցաշարը ծիծաղի առարկա կդառնա»:

Սակայն հետագայում Ֆրոչը փոխել էր վճիռը, գտնելով, որ մրցաշարի մասնակցությունն ամենակարճ ճանապարհն է ոչ միայն հետ վերադարձնելու WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, այլեւ նվաճելու WBA-ի չեմպիոնական գոտին, որը պատկանում է մեկ այլ մասնակցիՙ Անդրե Ուորդին:

«Աբրահամի նկատմամբ հաղթանակն ինձ կիսաեզրափակիչի ուղեգիր կպարգեւի, իսկ հետո կլինի եզրափակիչ մենամարտը: Չի կարելի մոռանալ, որ 3 մենամարտից հետո կարող եմ աշխարհի բացարձակ չեմպիոն դառնալ: Կեսլերից կրած պարտությունն ինձ ավելի ուժեղ եւ նպատակասլաց կդարձնի», նշել է Ֆրոչը:

Հետաքրքրական է, որ երկրորդ միջին քաշային կարգի 6 ուժեղագույն բռնցքամարտիկների միջեւ անցկացված մենամարտերում առայժմ հաղթել են սեփական հարկի տակ հանդես եկած բռնցքամարտիկները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4