«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2010-04-29 | #78, 2010-04-30 | #79, 2010-05-01


ՌՈԲԵՐՏ ԷՄԻՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ ԹԵԹԵՎ ԱՏԼԵՏԻԿԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ

Ինչպես տեղեկացանք ՀԱՕԿ-ի լրատվության պատասխանատու Նաթելա Հովասափյանից , Հայաստանի թեթեւ ատլետիկայի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսում անվանի հեռացատկորդ, ԽՍՀՄ, Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների բազմակի չեմպիոն եւ մրցանակակիր Ռոբերտ Էմիյանն ընտրվել է կազմակերպության նախագահ:

2006-2009-ի կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը : Լսվեց նաեւ վերստուգիչ հանձնաժողովի նախագահի զեկույցը: Մարզաձեւի զարգացման գործում ունեցած մեծ ծառայությունների համար թեթեւ ատլետիկայի մի շարք երախտավորների հանձնվեցին շնորհակալագրեր: Ֆեդերացիայի աշխատանքը գնահատվեց բավարար: 2006-ից ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցրած Սարգիս Խաչատրյանն առողջական վիճակի պատճառով հրաժարական տվեց: Էմիյանի առաջարկով նա ընտրվեց ֆեդերացիայի պատվավոր նախագահ:

Ռոբերտ Էմիյանը ծնվել է Գյումրիում, 45 տարեկան է: Ամուսնացած է, ունի երկու դուստր: Երկրաշարժից հետո Էմիյանը տեղափոխվել է Ֆրանսիա: Երկար տարիներ մարզիչ է աշխատել: 9 տարի գործել է Քաթարում. սկզբում որպես մարզիչ, այնուհետեւ այդ երկրի ԱՕԿ-ի նախագահի գլխավոր խորհրդական: Էմիյանի 1987-ին սահմանած եվրոպական ռեկորդը (8 մ 86 սմ) չի գերազանցվել մինչեւ օրս: Նորընտիր նախագահը մեծ ճանաչում ու հեղինակություն ունի միջազգային մարզական կազմակերպություններում:

Ծրագրերի եւ անելիքների մասին խոսեց Ռոբերտ Էմիյանը : Ասաց, որ նախօրյակին հանդիպել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Պարոն Ծառուկյանը ողջունել է Էմիյանի թեկնածությունը եւ հավանություն տվել նրա բոլոր ծրագրերին:

Հայաստանում չափազանց սուղ են մարզումային պայմանները: Չկա գոնե մեկ ժամանակակից թեթեւ ատլետիկական մարզաբազա: Բայց ամեն բան կարվի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղեր թեթեւ ատլետներ գործուղելու համար:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4