«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2010-04-30 | #79, 2010-05-01 | #80, 2010-05-04


ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՇԵՀԻԴՆԵՐԻ ԾԱՌՈՒՂԻ ՉԻ ԱՅՑԵԼԵԼ

Փաշազադեն հերքեց Մայր աթոռի պահանջից հետո

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեին, տեղեկություն էին տարածել, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը ապրիլի 26-ին Բաքու այցելության ժամանակ գիշերով այցելել է Բաքվի շեհիդների պուրակ, որտեղ թաղված են Ղարաբաղի պատերազմում զոհված ադրբեջանցիները:

Մայր աթոռ սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ` հերքելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը: «Լուրը միանգամայն մտացածին է եւ իրականությանը չի համապատասխանում: Մայր աթոռը հերքման պահանջով դիմել է Կովկասի մահմեդականների վարչություն», «Ազգ» -ին փոխանցեցին Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:

Արդեն երեկոյան Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչությունը հայտարարություն տարածեց, որ Գարեգին Երկրորդի այցելության մասին Ալլաշուքյուր Փաշազադեին կեղծ տեղեկություն են տրամադրել: Հաղորդագրության մեջ Փաշազադեն հերքել է շեհիդների ծառուղի այցելության մասին խոսակցությունները, հավելելով, որ պատժել է կեղծ տեղեկություն տրամադրող աշխատակցին:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ ադրբեջանական լրատվամիջոցները ստահոդ լուրեր են տարածում Գարեգին 2-ի Բաքվում կատարած այցելության մանրամասների վերաբերյալ: Մի քանի օր առաջ ադրբեջանական «Թուրան» գործակալությունն էր հաղորդագրություն տարածել, որ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ կաթողիկոսը հայտարարել է, թե «հայկական կողմը պատրաստ է իր ուժերով ու միջոցներով վերականգնել Բաքվի հայկական եկեղեցին, եւ խնդրել էր Ալիեւի աջակցությունն այդ հարցում»: Վերոնշյալ աղբյուրի փոխանցմամբՙ Ադրբեջանի ղեկավարությունը համաձայնել էր: Սակայն Մայր աթոռի մամլո դիվան Վահրամ քահանա Մելիքյանը հերքեց տեղեկատվությունը. «Նման բնույթի հարցի շուրջը այնտեղ խոսակցություն կամ քննարկում տեղի չի ունեցել: Լուրը չի համապատասխանում իրականությանը»:

Հիշեցնենք, որ ապրիլի 26-27-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարգեին Երկրորդը Ալլահշուքյուր Փաշազեդի եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Երկրորդի հրավերով մեկնել էր Բաքու` մասնակցելու միջազգային կրոնական գագաթաժողովին:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4