«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2010-04-30 | #79, 2010-05-01 | #80, 2010-05-04


«ԱՅՍՏԵՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԻՊԵԼ ԸՆԴՈՒՆԵԼ ՈՒԶԱԾԴ ՄԵՂԱԴՐԱՆՔ»

Հայ լրագրողը` «լրտեսության» մեղադրանքի ներքո

«Հանուն բոլոր սրբությունների, օգնեցե՛ք իմ կնոջն ու երեխաներին: Ինձ պարտադրում են խոստովանել, թե լրտեսել եմ Մոլդովայի օգտին ու դավաճանել հայրենիքին: Շրջահայաց ձեւով ծեծում են, սպառնում հետքեր չթողնելով ավելի դաժան խոշտանգումների ենթարկել: Սպառնում են մեղադրել ու ձերբակալել նաեւ կնոջս` արատավորելով նրան: Սպառնում են ֆիզիկական հաշվեհարդար տեսնել կնոջս ու երեխաներիս հետ», այսպիսի հայտարարություն է տարածվել Մերձդնեստրում արդեն մոտ մեկ ամիս անազատության մեջ գտնվող հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի անունից:

Ըստ մոլդովական լրագրողական կազմակերպությունների, Վարդանյանն ահազանգել է իր նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների մասին: «Ես լրտես չեմ եւ ոչ մեկին չեմ դավաճանել, ասել եմ միայն ճշմարտությունը` հանուն մարդկանց կյանքի բարելավման», ասված է Վարդանյանի հայտարարության մեջ, հավելմամբ, հարցաքննություններում հենց իր գործունեությունն էլ ներկայացվում է որպես մեղադրանք, իբր ավել-պակաս է խոսել լրագրողը:

Ներկայացնելով, որ հարցաքննությունները տեսաձայնագրվում են ընտրովի ու դրվագային, Վարդանյանն իր հայտարարությամբ կոչ է անում չհավատալ ու չվստահել իշխանությունների ու քննչական մարմինների կողմից իրեն վերագրվող լրտեսության եւ դավաճանության պնդումներին: «Այստեղ յուրաքանչյուրին կարող են ստիպել ընդունել ուզածդ մեղադրանք: Ինձ ստիպում են վարկաբեկել եւ ցուցմունքներ տալ իշխանություններին քննադատող այլ անձանց դեմ»:

Էռնեստ Վարդանյանը օգնություն է հայցում լավ փաստաբան ունենալու հարցում, «անգամ եթե ես տեսաձայնագրություններում ու դատարանում հրապարակավ ինձ մեղավոր ճանաչեմ»: «Հանուն ընտանիքիս անվտանգության պատրաստ եմ ինքս ինձ զրպարտել ու ազատազրկման մեջ մնալ այնքան, որքան պետք կլինի իշխանություններին», ասված է հայտարարությունում, որը Վարդանյանը բանավոր փոխանցել է ազատազրկման վայրի անվտանգության աշխատակիցներից մեկին, որն էլ, իր հերթին, բառացի փոխանցել է LiveJournal կայքին:

«Ազգը» նախապես ներկայացրել է, որ ծնունդով գյումրեցի, 33-ամյա Էռնեստ Վարդանյանը անազատության մեջ է ապրիլի 7-ից: Մերձդնեստրի իշխանությունները նրան մեղադրում են լրտեսության ու հայրենիքի դավաճանության մեջ: Առաջադրված մեղադրանքով Վարդանյանը կարող է դատապարտվել 12-20 տարվա ազատազրկման:

Վարդանյանի ձերբակալությունը դատապարտել են միջազգային տարբեր լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպություններ եւ Մերձդնեստրի իշխանություններից պահանջել ազատ արձակել լրագրողին: Հայ լրագրողի հարազատներն աջակցություն են խնդրել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանից: Իսկ մինչ այդ Էռնեստ Վարդանյանի փաստաբան Ալեքսանդր Պոստիկեն դիմել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող եվրոպական կառույցներին:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4