Սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական գործընթացների, պետական-պաշտոնեական ուղեգծի խորշակն առաջին հերթին հարվածում է հասարակական երեւույթներին, որոնք, որպես կանոն, զրկվում են զարգացման հեռանկարից, քանի որ դրանց առջեւ գոցվում են հնարավորությունների դռները: Հետխորհրդային Հայաստանի պատմական այս ընթացքում հասարակական երկու կարեւոր եւ առանձնահատուկ երեւույթներ հայտնվել են ներհայաստանյան խորշակին (թեպետ ինչո՞ւ միայն ներհայաստանյան) դեմ հանդիման` իրենց վրա ուղղակիորեն կրելով այդ խորշակի ավերիչ ուժգնությունն ու տեւականությունը: Դրանցից մեկը կրթությունն է, մյուսը` զանգվածային լրատվամիջոցները: Եթե կրթության ոլորտի եւ հեռարձակող ԶԼՄ-ների դեպքում ամեն ինչ պարզորոշ է եւ հստակ` ծավալուն եւ խորքային ավերածություններ, ապա տպագիր մամուլը, տեւական ժամանակահատված դիմագրավելով այդ խորշակին, աստիճանաբար դառնում է ուժահատ` ի զորու լինելով մղել բացառապես գոյատեւման պայքար` դրանով իսկ զրկվելով զարգացման հեռանկարից: Այս հանգամանքի վտանգներն ու տագնապներն ավելի քան իրական են. տպագիր մամուլի զարգացման հեռանկարի բացակայությունը նշանակում է հանրային կողմնորոշիչների կորուստ եւ հասարակության զարգացման անհեռանկարայնություն:
Ի տարբերություն հասարակական կյանքի մի շարք ոլորտների, մասնավորապես` կրթության ոլորտի, ուր արդյունավետ եւ տեւական ժամանակ գործում էին խորհրդային ժամանակների կրթական ավանդույթներն ու մեխանիզմները (դրանք հետո անգթաբար ոչնչացվեցին), նորանկախ Հայաստանի մամուլը ձեւավորվեց անապատում, քանի որ խորհրդահայ մամուլը փլուզվել էր այդ համակարգի հետ: Նոր ժամանակների հեւքը, ազատության քամիների թարմությունը, փոփոխությունների ծավալներն ու ընդգրկումը, հասարակական ձգտումների ուղղությունը, քաղաքական խնդիրների բարդությունը եւ նպատակների ազնվությունը ստեղծել էին այն պարարտ հողը, որի վրա աճեց հետխորհրդային մամուլի կենարար ծառը: Նորանկախ Հայաստանի Հանրապետությունում նորօրյա մամուլի ձեւավորումն ու կայացումն ավելի արագ եւ արդյունավետ իրականացան, քան մինչեւ անգամ պետական հաստատությունների ձեւավորման եւ կայացման գործընթացը: Այս հանգամանքն ազդակ հանդիսացավ նաեւ հասարակության ձեւավորման համար: Թեպետ 20-րդ դարի 90-ական թթ. հայաստանյան մամուլը բնավ միատարր չէր, սակայն այդ ժամանակների լրագրությունն ուներ մի շարք առանձնահատկություններ` կտրուկ, համարձակ, չհղկված: Հանուն ճշմարտության պիտի նշել, որ տպագիր մամուլի որոշ մերժելի հատկություններ ձեւավորվեցին հենց այդ շրջանում, հատկություններ, որոնցից մամուլն այդպես էլ չկարողացավ ձերբազատվել: 90-ական թթ. հայաստանյան մամուլն ուներ այն ամենը, ինչը կենսանյութ է հաղորդում մամուլին` ազատություն, ընթերցողներ եւ ֆինանսներ: Այս երեք կարեւոր պայմանները եւ իրողությունները հնարավոր դարձրին ազատ եւ ընդդիմադիր մամուլի կայացումը Հայաստանում` նպաստելով թերթերի տպաքանակի աճին, լրագրության նոր` հետխորհրդային սերնդի կայացմանը, տպագիր խոսքի հանդեպ հարգանքի ձեւավորմանը:
Անցումային երկարատեւ փուլում գտնվող Հայաստանի Հանրապետության համար տպագիր մամուլի կայացումն ու զարգացումը կարող էին դառնալ հանրային օրգանիզմի այն առողջ եւ երիտասարդ սիրտը, որն արյուն էր արտամղելու դեպի հասարակական կյանքի այլ ոլորտներ: Սակայն նորանկախ Հայաստանի մամուլը դարձավ տարաբնույթ գաղափարական հոսանքների եւ քաղաքական ուժերի բախման անդրադարձման թեժ կետ` դրանով իսկ աստիճանաբար նեղացնելով մասնագիտական բարձր որակների ձեւավորման հնարավորությունները: Թեպետ այս հանգամանքը միանգամայն օրինաչափ էր եւ հատկանշական հեղափոխական եւ հետհեղափոխական մամուլի համար, սակայն մամուլը պիտի կարողանար աստիճանաբար ձերբազատվել այդ վարքագծից: Դրանից ձերբազատվելու դժվարությունները մեծացան, երբ նոր ձեւավորվող եւ կայացող հեռուստաընկերությունները վերածվեցին պետական մակարդակով իրականացվող վերահսկողության կառավարելի կենտրոնների: Պետական քարոզչության միագիծ եւ կարծր ուղղորդումը հեռուստաեթերից դուրս մղեց թե՛ քաղաքական ընդդիմությանը եւ թե՛ խոսքի, արտահայտման, բազմակարծության ազատությունը: Նրանց բոլորին մնաց բացառապես տպագիր մամուլի դաշտը, որը ե՛ւ ազատ էր, ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ բազամակարծիք: Տպագիր մամուլը դարձավ վերահսկվող հեռուստաընկերությունների, գրաքննվող տեղեկատվության եւ ուղղորդվող հասարակական կարծիքի միակ իրական այլընտրանքը: Միաժամանակ, հեռուստաեթերի կոշտ վերահսկումը, հասարակական-քաղաքական գործընթացների բեւեռվածությունը երկփեղկեց նաեւ տպագիր մամուլի դաշտը` այն բաժանելով երկու հիմնական մասի` գործող իշխանության քաղաքական ուղեգիծը պաշտպանողների եւ այն մերժողների:
Խիստ փոքրաթիվ թերթերն էին, որ մնացին այդ երկու դաշտերից դուրս, որոնց տպաքանակները օրինաչափորեն անկում էին ապրում, քանի որ բեւեռացված էր նաեւ հասարակությունը: Վերահսկվող հեռուստաեթերը դարձավ այն քարը, որի վրա գայթեց ոչ միայն հեռուստաընկերությունների, այլեւ տպագիր մամուլի զարգացման, մասնագիտական բարձր արժեքների եւ որակների ձեւավորման հեռանկարը: Եթերից արտաքսված ազատ խոսքը եւ տեղեկատվությունը ապաստան գտան տպագիր մամուլում, որտեղ նաեւ որոշ ձեւախեղումների ենթարկվեցին: Հասարակական լսարանի համար տպագիր մամուլի եւ հեռուստաընկերությունների միջեւ ընթացող բնական մասնագիտական մրցապայքարի փոխարեն ծայր առավ հեռուստաընկերությունների միջոցով տպագիր մամուլը խեղդամահ անելու գործընթացը: Եթե հեռուստաընկերություններն այդ գործընթացն իրականացնող մեքենայի շարժիչն էին, ապա վերահսկվող խոշոր ֆինանսատնտեսական գործիչները` վառելանյութը:
Առեւտրային գովազդը դարձավ վերահսկվող հեռուստաեթերի մենաշնորհը, դրանով իսկ տպագիր մամուլին աստիճանաբար զրկելով գոյության հիմնական աղբյուրից` գովազդից: Գովազդի բացակայությունը թերթերին պիտի կանգնեցներ ստվերային ֆինանսավորման պարտադրանքի առջեւ: Իշխանությունների պայքարը` հայտնաբերել ստվերային ֆինանսավորողներին, ոչ այնքան թերթերի ֆինանսական շրջանառությունն օրինականացնելու, որքան տպագիր մամուլը վերջնականապես խեղդամահ անելու խնդիր է հետապնդում: Ընդ որում, թերթերի ֆինանսավորման խնդիրը Հայաստանում ոչ թե տնտեսական, այլ քաղաքական հարթությունում է, քանի որ վերահսկվող տնտեսության, ինչպես նաեւ գործարարության ու տնտեսության սերտաճման պայմաններում ֆինանսատնտեսական գործիչները չեն հանդգնի ներդրումներ անել կամ լայնածավալ գովազդ տեղադրել իշխանության կողմից չվերահսկվող թերթերում: Մանավանդ որ, այդ գործիչներն իրենց գործունեությամբ նաեւ խոցելի են: Բնականաբար, այսօրինակ իրավիճակում, երբ ազատական տնտեսական հարաբերությունները չեն գործում, թերթերը հնարավորություն չունեն կամ էլ անիմաստ են համարում բաժնետոմսեր թողարկել` ձեռք բերելով բաժնետերեր, այսինքն` ներդրումներ եւ ներդնողներ, որոնք կգործեն ոչ թե ստվերում, այլ հրապարակային պայմաններում: Այդ ժամանակ միայն թերթն իրենից ոչ միայն հասարակական, այլեւ ֆինասնական արժեք կներկայացնի:
Առեւտրային գովազդն այն կայմն էր, որին պիտի խարիսխ նետեր ազատ մամուլը` ձերբազատվելով քաղաքական բեւեռվածությունից, սահմանազատվելով ցածրարժեք լրագրությունից, առաջնորդվելով լրագրության միջազգային չափորոշիչներով եւ ստեղծելով իր ֆինանսատնտեսական եւ քաղաքական անկախության հիմքերը: Մամուլի ազատությունն ու անկախությունն այն սյուներն էին, որոնց վրա պիտի կառուցվեր եւ ամրանար ազատ հասարակության շենքը: Ազատ եւ անկախ մամուլը նաեւ այն ջրհորն էր, որն անընդմեջ եւ տեւական մարտերից հետո ժամանակ առ ժամանակ հայտնվում էր հակառակորդի դիրքերում, եւ կամ պիտի փակվեր, կամ թունավորվեր, կամ ազատագրվեր:
Իր քսանամյա նավարկության ընթացքում հետխորհրդային Հայաստանի մամուլը բազմաթիվ այլ խութերի բախվեց: Չկարողանալով ամբողջությամբ վերահսկել տպագիր մամուլը` իշխանություններն ամբողջական վերահսկում սահմանեցին թերթերն իրացնող տարածման գործակալությունների վրա` դրանով իսկ թերթ-ընթերցող բնականոն կապի պարանին հայտնվեցին-ավելացան նոր եւ բարդ հանգույցներ, որոնք դժվարանցանելի դարձրին այդ կապը` խաթարելով թերթերի վարկանիշի իրական պատկերը: Սոցիալ-տնտեսական բարդ պայմանները, ազգաբնակչության ցածր գնողականությունը դարձան թերթ-ընթերցող բնականոն կապի խաթարման հաջորդ պատճառը: Թերթ կարդալու սովորույթն այդպես էլ ավանդույթի չվերածվեց: Թերթերը կորցրեցին (թեպետ չէին էլ գտել) նոր սերնդին` երիտասարդությանը: Այսօր պետական բուհական համակարգում, անգամ` հումանիտար հատվածում, 100 ուսանողից հազիվ 5-ն է թերթ կարդում: Դրանով իսկ տպագիր մամուլն աստիճանաբար զրկվում է ապագայից:
Զրկված առեւտրային գովազդից, իր իսկ տպաքանակի իրացման վերահսկողությունից, բաժանորդագրությունների մեծ ծավալից, կքած տպագրական պարտքերի տակ` թերթերը գոյատեւման հարատեւ կռիվն էին մղում, երբ ժամանակ առ ժամանակ նրանց գլխին կախվում էր նոր օրենքների կամ օրենսդրական չարաղետ փոփոխությունների դամոկլյան սուրը, որը հեռացնելուՙ թերթերի պայքարը թեպետ կարճատեւ, բայց կարեւոր հաղթանակներ ապահովեց: Եվ թեպետ տպագիր մամուլի ազատության սահմանափակումների մեխանիզմներն օրենսդրորեն ամրագրվեցին, սակայն տպագիր մամուլի ամբողջական վերահսկումը ձախողվեց: Սակայն ամեն ինչ դեռ առջեւում է, եւ օրենսդրական նոր փոփոխությունները վկայում են իշխանությունների աննահանջ քայլքի մասին:
Լինելով հասարակական կյանքի անդրադարձը, հայելին` տպագիր մամուլն ինքն էլ զերծ չմնաց հասարակական արատներից, որոնցից ամենամտահոգիչը մասնագիտական որակների, պրոֆեսիոնալիզմի նահանջն էր: Այն հետեւանք է նախ եւ առաջ լրագրության հայաստանյան նոր դպրոցի չկայացման, ինչը զրկում էր թերթերին լրագրողական սահուն սերնդափոխություն ապահովելուց: Մասնագիտական որակների նահանջի մյուս պատճառը հայաստանյան այն արատավոր շրջանն էր, որի մեջ հայտնվել էր հասարակությունը` չկարողանալով տարբերել ոչ միայն թացը չորից, գեղեցիկն այլանդակից, սուտը ճշմարտությունից, այլեւ արժեքավորն անարժեքից, մնայունն անցողիկից, պարկեշտությունն անպարկեշտությունից: Եթե տպագիր մամուլին հաջողվեր դուրս մնալ այդ արատավոր շրջանից կամ ճեղքել այն, ապա ոչ միայն մասնագիտական արժեքներն անխաթար կպահեր եւ վերելք կապրեր, այլեւ մեծապես կնպաստեր հասարակական կյանքի եւ գործընթացների առողջացմանը: Դա կորցրած հնարավորությունների շրջանն էր հայաստանյան մամուլի համար: Այդ արատավոր շրջանը նպաստեց մասնագիտական ցածր որակներով թերթերի ի հայտ գալուն, թերթեր, որոնք նույնքան, գուցե ավելի պահանջարկված էին, քան լրջմիտ թերթերը: Սա զուտ ներհայաստանյան երեւույթ չէ. միջազգային մամուլում միշտ էլ առկա են երկու կողմեր` էլիտար, ազդեցիկ, լուրջ թերթեր եւ աղմկահարույց, դյուրին ընթերցվող, զանգվածային թերթեր, որոնք անգլիացիները քամահրանքով թեբլոիթներ` թերթոններ են կոչում: Սա հավերժական բանավեճ է, հավերժական պայքար եւ կավարտվի տպագիր մամուլի հետ: Հայաստանյան մամուլի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ, նախ, հստակ սահմանազատված չեն թեբլոիթները եւ էլիտար թերթերը` դրանցից յուրաքանչյուրը հաջորդ համարում կարող է սահմանազանց լինել: Բացի այդ: Գրեթե բոլոր թերթերը մղում են գոյության պայքար, եւ առանձնապես չեն պայքարում առանց այն էլ ոչ մեծաթիվ ընթերցողների համար: Հայաստանյան թերթերը խեղճ են հավասարաչափ` իրենց ձեւաչափերով, փոքրաթիվ էջերով, սեւ-սպիտակ տպագրությամբ, ցածր տպաքանակներով նրանք հիմնականում լուծում են նույն խնդիրը` ոչ թե երկարակեցության եւ զարգացման, այլ գոյության, ոչ անգամ վաղվա, այլ այսօրվա խնդիրներ:
Հայաստանյան տպագիր մամուլի առջեւ կանգնած հաջորդ խնդիրը նրա բովանդակային մասն է, որի լավ կամ վատ լինելուց թերթի կյանքը թեպետ չի փոխվում, սակայն այդ բովանդակությունը կարող է փոխել հասարակական ընկալումները` հանրությանը դարձնելով ավելի տեղեկացված, մտածող, պրպտող, հետաքրքրասեր, լայնախոհ, ընդգրկուն աշխարհընկալմամբ: Հայաստանյան մամուլը տեղայնացված է, ներփակված հիմնականում հայաստանյան խնդիրներով, ժանրային եւ թեմատիկ բազամազանության պակասով, ոչ այնքան հետեւողական իր իսկ առաջ քաշած խնդիրների հետագա ճակատագրով:
Այս ամենով հանդերձ տպագիր մամուլը համընդհանուր անազատության մեջ իսկական ապաստան է: Այն նման է անապատի երկար եւ անվերջ թվացող ճանապարհից հետո երեւացող բնակավայրի, ապաստանի, որտեղ բնակվում կամ պատսպարվում են ազատ տեղեկատվությունը, ազատ խոսքը, ազատ մտքերը եւ ազատ մարդիկ: Այն ամենը, ինչը հնարավոր է եղել փրկել անապատի ուժահատ անող քամուց եւ խանձող արեւից: Այն ապաստանը, որը ցավալիորեն հնարավոր չի լինում վերածել տան, որտեղ մարդիկ ոչ միայն պատսպարվեն, այլեւ որտեղ բնակություն հաստատի հասարակությունը: Աճի, առաջադիմի եւ զարգանա:
Տպագիր մամուլին դատապարտելով գոյատեւման, նրան զրկելով զարգացման հնարավորություններից` նշանակում է հասարակությանը եւս զրկել զարգացման հեռանկարից: Իսկ առաջադիմություն եւ զարգացում չապրող հասարակությունը չի կարող առաջադեմ եւ զարգացող պետություն կայացնել:
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ