Բժիշկները եւ գիտնականներն անցյալում արդեն ասել են, որ գազավորված անալկոհոլ ըմպելիքներն արյան մեջ բարձրացնում են շաքարի մակարդակը, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վտանգ առաջացնում: Հիմա արդեն խոսքն այն մասին է, որ տվյալ ըմպելիքները վաղաժամ ծերության պատճառ են դառնում:
Մեղավորը կոլայում եւ գազավորված հյութերում պարունակվող ֆոսֆատն է, որը վառ արտահայտված համ է տալիս բազմաթիվ անալկոհոլ ըմպելիքների: Այդ հանքային միացությունը հաճախ ավելացնում են նաեւ մսամթերքին, կեքսին եւ հացին: Հարվարդի համալսարանի գիտնականները համոզված են, որ ֆոսֆատը «չորացնում» է մաշկն ու մկանները եւ կարող է վնասել սրտին ու երիկամներին:
«Դեյլի մեյլ» թերթը հաղորդում է, որ գիտնականներն իրենց պնդումը հաստատել են մկների երեք խմբերի վրա կատարած փորձերով: Առաջին խմբի մկները ծագումնաբանորեն ստեղծվել էին «կլոտո» գենով, որը հանգեցնում է ֆոսֆատի նախնական մակարդակի բարձրացմանը: Այդ մկներն ապրել են 8-15 շաբաթՙ տառապելով վաղաժամ ծերության հետ կապված առողջական մի շարք բարդություններից:
Երկրորդ խմբի մկները չունեին «կլոտո» գեն, այսինքնՙ օրգանիզմում ֆոսֆատի մակարդակը նորմային մոտ էր: Նրանք ապրել են 20 շաբաթ: Երրորդ խումբը եւս չուներ հատուկ գեն, բայց սնունդը պարունակում էր ֆոսֆատի մեծ քանակություն: Նրանք բոլորն ապրել են 15 շաբաթ:
Գիտափորձը ցույց է տալիս, որ ֆոսֆատի մեծ քանակությունը առաջացնում է լուրջ թունավորումներ: Գիտնականների կարծիքով, շաբաթական ընդամենը երկու շիշ կոլա խմելը էապես մեծացնում է այնպիսի հիվանդությունների ծագման վտանգը, ինչպիսիք են ոսկրերի փխրունությունը, մկանային թուլությունը, որոնք վաղաժամ ծերության նախադրյալներ են: