«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2010-04-30 | #79, 2010-05-01 | #80, 2010-05-04


ԻՄ ԵՐԱԶԱՆՔՆ ԷՐ ԴԱՌՆԱԼ ԼՐԱԳՐՈՂ, ԵՎ ԴԱՐՁԱ...

Հարցազրույց Արմեն Դուլյանի հետ

Մամուլի ազատության միջազգային օրվա առիթով «Ազգը» հյուրընկալել էր շուրջ 3,5 տասնամյակ լրատվության բնագավառում աշխատող, անվանի լրագրող Արմեն Դուլյանին: Նրա ձայնի տեմբրը, կիսահումորային, երբեմն հեգնական շեշտերը, կարեւորագույն հաղորդումներն ու հաղորդաշարերը միշտ սպասելի են ե՛ւ ռադիոլսողներին, ե՛ւ հեռուստադիտողներին: «Ազգի» խմբագրությունում կայացած ջերմ զրույցի ընթացքում Արմեն Դուլյանը հետաքրքրական փաստեր ու դեպքեր էր պատմում Երեւանում եւ Պրահայում «Ազատություն» ռադիոկայանում աշխատելու տարիներից: Արմենն այն լրագրողն է, որը երբեւիցե չի դավաճանել իր սկզբունքներին, չի գոհացրել իր ղեկավարների պահանջները, եթե դրանք չեն համընկել իր տեսակետներին, հրաժարվել է գրել եւ անգամՙ աշխատել: Իսկ թե ինչպե՞ս եւ ե՞րբ սկսեց լրագրությամբ հետաքրքրվել, Արմեն Դուլյանն առանց երկմտելու ասաց. «Երազում էի դառնալ լրագրող եւ դարձա: Իսկ այդ ամենն սկսվեց, երբ դպրոցում մեզ հանձնարարեցին գրել շարադրություն «Ի՞նչ եմ ուզում դառնալ» թեմայով: Ես հենց այդպես էլ գրեցիՙ ես ուզում եմ լրագրող դառնալ եւ գնալ արտասահման, նստել Եվրոպայի կենտրոնում, մի գեղեցիկ քաղաքի սրճարանում, սուրճ խմելիս գրել ինչ-որ հոդված: Այն, ինչ ես գրել էի, հարյուր տոկոսով կատարվեց ու հիմա կարող եմ հստակ ասել, որ իմ երազանքն իրականացավ տարիներ անց: Ես գնացի Եվրոպա, ու Պրահայում, «Սլավիա» սրճարանում (ի դեպ, այդ սրճարանը մեր «Առագաստ» (այն ժամանակՙ «Պապլավոկ») սրճարանի պես միշտ եղել է հավաքատեղի անվանի մարդկանց, մտավորականների, պետական գործիչների համար: Այո, այդ սրճարանում էին հավաքվում նաեւ Վացլավ Հավելն ու իր թիմակիցները, ծրագրում ու մշակում «թավշյա» հեղափոխությունը ) նստած, սրճելով, ես գրեցի մեր «Պապլավոկի» մասին մի ակնարկ: Այսինքն, կատարվեց իմ դպրոցական երազանքը 24 տարի անց»:

Մեկ ամիս անց Արմենին հրավիրում են Պրահաՙ մշտական աշխատանքի, սակայն սկզբից նա չեմուչում է անում: «Ես Հայաստանում վազվզող ժուռնալիստ էի, սրանից-նրանից հարցազրույցներ էի պոկում, թուքումուր ստանում, հաճախ էլ, թե «դու ո՞վ ես, սուտ եք բոլորդ գրում» խոսքերին արժանանում եւ այլն. չգիտեի եւ չէի պատկերացնում, թե Պրահայում համակարգչի առաջ նստած ի՞նչ պիտի անեի: Ի վերջո, գնացի ու 10 տարի լռվեցի «Ազատություն» ռադիոկայանում»:

  «Ազգի» այն հարցին, թե մեզանում մոդային տուրք տալով, գրեթե բոլոր պետական ու մասնավոր բուհերում կան միջազգային լրագրության ֆակուլտետներ, բաժիններ, դուք արտերկրում բազմամյա աշխատանքային փորձ ունեք, ո՞վ է միջազգային լրագրողը, կամ ի՞նչ է միջազգային լրատվությունը եւ մեզանում դա զարգացա՞ծ է, Դուլյանը պատասխանեց. «Ինձ համար շատ զարմանալի է միջազգային լրագրող ասվածը: Դա պարզապես այդպես կոչվում է: Չգիտեմ: Մի անգամ «Ռոյթեր» գործակալությունը ինձ հրավիրեց Լոնդոն մեկամսյա կուրսերի եւ հրավերում գրված էր, որ դուք գնում եք սովորելու միջազգային լուրեր: Այդ միջազգային լուրերը պարզապես հասարակ լուրեր էին, որոնք զատվում էին տնտեսական, սոցիալական եւ այլ ոլորտներից ու պարզապես քաղաքական բնույթի էին: Մինչդեռ մեզ մոտ միջազգային ասվածը դրսում ոչ մի տեղ չեն սիրում, որովհետեւ այդ բնույթի ամենակարեւոր լուրն անգամ դրսում հետաքրքրական չէ ու մարդիկ չեն հետաքրքրվում դրանով: Զարգացած երկրներում մարդիկ թքած ունեն միջազգային լրատվության վրա: (Անշուշտ, ասածս չի վերաբերում, ասենք, սեպտեմբերի 11-ի նման դեպքերին. արտասահմանում միջազգային ասվածը մի քիչ հարաբերական է եւ ընկալվում է որպես պարզապես քաղաքական»:

Արմեն Դուլյանը ցավով նշեց, որ մեզանում գլխավոր լրատվամիջոցներումՙ լինի դա թերթ, թե հեռուստատեսություն, թե կայքէջ, պարզապես ներկայացնում են այն, ինչ վերցնում են օտար կայքերից առանց վերլուծության, համեմատության եւ թարգմանությամբ ներկայացնում: «Պարզապես ինձ էլ է զարմացնում, թե այդքան շատ լրագրողներ ունենալը մեր ինչին է պետք, բայց մյուս կողմից ես միշտ ասել եմ, որ լրագրությունը Հայաստանում դա մեր ժողովրդական տնտեսության գործող ճյուղերից մեկն է, ու միշտ էլ աշխատատեղ կլինի, քանի որ մի քանի տասնյակի են հասնում հեռուստաընկերությունները, թերթերը, էլեկտրոնային թերթերը»: Արմեն Դուլյանը, անդրադառնալով Հայաստանի լրատվության վիճակին, ասաց. «Ինձ թվում էր, որ այս հասարակությունը, մարդիկ, ճշմարտությունը չեն ուզում, նրանք ուզում են ինչ-որ մի բան, ասենք, մի թերթ են առնում, որտեղ հայհոյում են Սերժ Սարգսյանին: Ինքն էլ է այդ կարծիքին, որ վիճակը լավ չի, աշխատանք չունի եւ այլն: Այդպիսիները նման թերթերը հատուկ են առնում ու դրանցից հաճույք են ստանում. նրանց ոչ թե ճշմարտությունն է պետք, այլ որ այդ թերթը կարդալով բավարարում են իրենց դառնացածությունը, եւ հակառակըՙ ինչ-որ մեկը երբ Լեւոն Տեր-Պետրոսյանին քննադատում է, սկսում է հիշել մութ ու ցուրտ տարիները եւ այլն, ու դրանք էլ այդպես են բավարարվում: Եվ այդպես բոլոր լրատվամիջոցները ոչ միայն հասարակությանն են բավարարում, այլեւ որոշ խավերի, իշխանավորների, որոնք էլ թելադրում են, թե օրվա լուրերի գլխավոր լուրը ո՛րը պետք է լինի ու հաշվի չեն առնում, թե հասարակությանը այդ լուրը հետաքրքրո՞ւմ է, թե՞ ոչ: Ասենք, օրինակ, մեր երկրի նախագահին չգիտեմ որ երկրի դեսպանն իր երկրի հավատարմագիրը հանձնեց: Պարզապես, ժողովրդի լեզվով ասած, «մեզ էշի տեղ են դնում»: Եվ այսպես, ստեղծվում է ոչ ճիշտ հասարակական կարծիք: Ես հասկանում եմ, որ թելադրանքը վերեւից է գալիս, ոմանք ենթարկվում են, ոմանքՙ ոչ»:

Ո՞րն է ելքն այդ իրավիճակից: «Կա՛մ ընկնում ես այդ ջրերը, համակերպվում ես այդ իրավիճակին, կա՛մ քո սկզբունքներով պիտի առաջնորդվես: Ես դա ասում եմ այն լրագրողներին, որոնց տարբեր առիթներով հանդիպում եմ. ունեցեք սկզբունքներՙ սուտ չասել, մարդկային արժանապատվությունը չվիրավորել, ազգամիջյան թշնամանք չհրահրել, պատվերով նյութ չանել եւ այլն: Եթե պահպանում ես այդ սկզբունքներըՙ խիղճդ մաքուր է ու դու կարող ես ընդդիմանալ, անգամ գուցե կորցնես աշխատանքդ, ինչպես եղավ իմ պարագայում սովետական տարիներին «Արմենպրեսում» աշխատելիս: Արդյունքում ես կորցրեցի լավագույն 10 տարիներս եւ մի տող չգրեցի: Նման մի դեպք էլ եղավ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, երբ դաշնակցության գործունեությունը արգելվեց, հետո նաեւ չորս տարի «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը կասեցվեց»:

Չնայած այդ ամենին, Արմեն Դուլյանը շարունակում էր իր նոր նախագծերի ու ծրագրերի իրականացումը, նա հումորային հատուկ բաժին ուներ «Առավոտ» օրաթերթում, «Ազատություն» ռադիոկայանում: «Կիրակի» հումորային ծրագիրը փակվեց Հայաստանից ուղարկված բողոքի հիման վրա, մինչդեռ Արմեն Դուլյանը ցանկանում էր թերությունները, վատ բաները, ընտրախախտումները ծիծաղով, հումորով ու գրոտեսկով ներկայացնել, սակայն դա չընդունվեց: «Եթե ուզում ենք լավ ապրել, ապա պետք է օգտվել արդեն գործող այն երկրների փորձից, որ 200 տարի արդեն այդ ճանապարհն անցել են, այլ ոչ թե ասենք, թե գտնվում ենք անցումային շրջանում: Ցավոք, այդ անցումային շրջանը շատ է երկարում»:

Տպագիր մամուլի մասին ի՞նչ կարծիք ունի Արմեն Դուլյանը: «Ինձ թվում է, որ մամուլը երկու մասի են բաժանվել, մեկն ասում է շատ վատ է, մյուսըՙ շատ լավ է: Չեմ հասկանում, ինչո՞ւ չի կարելի ասել եւ վատը, եւ լավը: Վատ է նաեւ, որ սկսել են իրար դեմ գրել: Իմ թված սկզբունքների շարքում է նաեւ իրար դեմ չգրելը: Լավ չէ մեր մամուլի վիճակը, եթե լավ լիներ, ապա օրեր առաջ «Ֆրիդըմ հաուզը» հերթական անգամ իր զեկույցում Հայաստանին ոչ ազատ լրատվություն ունեցող երկրների շարքին չէր դասի: Դա սկսվեց դեռ 2002 թվականից, երբ փակեցին «A1+»-ը, եւ դա առիթ հանդիսացավ, որ մեզ դասեն Ադրբեջանի, Կամերունի եւ նման այլ երկրների շարքում: Իսկ ինչո՞ւ: Որպեսզի մի հեռուստատեսություն անգամ ճիշտը չներկայացնի: Ու խաղացին երկրի հեղինակության հետ... Լավ չի, իհարկե, լավ չի մեր մամուլի վիճակը, եթե լավը լիներ, միգուցե հենց մամուլից սկսվեր: Ես միշտ ասել եմ, որ եթե մենք ուզում ենք 1-ին, 2-րդ, 3-րդ իշխանություններն առողջացնել, եկեք մեզանից սկսենք եւ ինչ-որ բաներ անելով մի գուցե 4-րդ իշխանությունն էլ լավանա, ու հետո էլ մյուսները: Բայց մենք դա չենք անում տարբեր պատճառներով եւ այդ պատճառները հայտնի են ե՛ւ ղեկավարներին, ե՛ւ լրագրողներին: Ուստի արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Դրա համար ես չեմ հավատում թերթերում հրապարակված այնպիսի լուրերին, որ իբր իշխանություններին մոտ կանգնած աղբյուրներից թերթի առաջին էջին տալիս են լուր, ու հենց այդ օրվա համարի վերջին էջում նույն լուրն այլ կերպ են ներկայացնում: Բա էդ թերթը խմբագիր չունի՞, չեմ հասկանում, ու դրա համար չեմ հավատում 50-50 գրվող հոդվածներին եւ նման թերթերին:

Մամուլի ազատության օրվա առթիվ շնորհավորում ենք բոլոր լրագրողներին ու լրատվամիջոցներին եւ մաղթումՙ հավատարիմ մնացեք ձեր սկզբունքներին, եթե ... ունեք:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4