Մանկական ստեղծագործության թանգարանի 40-ամյակի առիթով
Հենրիկ Իգիթյանի գեղագիտական կենտրոնը կամ մանկական ստեղծագործության թանգարանըՙ Աբովյան փողոցի վրա, երեւանցիներին հայտնի ու սիրելի օջախ է վաղուց արդենՙ որպես արվեստի հանդեպ ոչ միայն վերաբերմունք մշակելու, նաեւ գեղագիտորեն սերունդ կրթելու բարձր չափանիշներով: Այս կենտրոնը ոչ միայն Հայաստանում, այլեւ Խորհրդային Միության տարածքում, իր տեսակի մեջ եղավ առաջինը, նախադեպը չունեցող: Եվ հիմնադիրը 20-րդ դարի 2-րդ կեսի հայ կերպարվեստի բուռն զարգացումների կիզակետում կանգնած ամենավառ անհատականություններից մեկըՙ Հենրիկ Իգիթյանն էր:
«Դա 1968 թվականն էր, պատմում է այրինՙ Արմենուհի Հարությունյան-Իգիթյանը, երբ Նկարիչների միության սրահում կազմակերպվեց երեխաների նկարչական մի ցուցահանդես: Շնորհալի շատերը կային, եւ Հենրիկն ու իր կինըՙ վաղամեռիկ Ժաննա Աղամիրյանը ցավում էին, որ այդ հրաշալի գործերը կորչել-գնալու են. ծնվեց մանկական ստեղծագործությունների մշտական ցուցադրավայրի գաղափարը: Երեւանի այն ժամանակվա քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը ընդառաջեց նրանց դիմումինՙ առավելություն տալով այդ առաջարկին: Գիտեք, երեւի, որ այս նույն վայրում դեկուստացիոն (գինու համտեսման) կենտրոն էր նախատեսված:
Առաջին ցուցահանդեսը կազմակերպվեց մեծ հաջողությամբ: Ցուցասրահի ապակիներին փակցված հայտագրերը շատ երեխաների բերեց այստեղ: Հավաքվեցին անթիվ նկարներ, որոնցից մի մասըՙ ամենաշնորհալիների գործեր, հիմք դարձան թանգարանի մշտական էքսպոզիցիայի»:
Այսպես ձեւավորվել սկսվեց Մանկական ստեղծագործության թանգարանը եւ հարուստ պատմություն ու ավանդույթներ ստեղծեց: Այս տարի մարտին լրացավ թանգարանի 40-ամյակը, որն առիթ հանդիսացավ տնօրեն Արմինե Հարությունյան-Իգիթյանի մի շատ ինքնատիպ մտահղացմանՙ կազմակերպելու թանգարանի առաջին ցուցահանդեսի մասնակիցների ներկայիս աշխատանքների ցուցադրություն, իհարկեՙ ովքեր ունեցան ստեղծագործական-նկարչական հետագա ընթացք:
Այս օրերին ցուցասրահը հյուրընկալել է նախկին սաներից հինգինՙ Նորա Հակոբյան, Արեգ Էլիբեկյան, Գագիկ Շահինյան, Հասմիկ Սեւոյան, Վաղարշակ Էլիբեկյան :
Տարբեր ոճեր, մտածողություններ, ուղղություններ միավորվել էին արվեստային ներդաշնակության մեջ: Արեգը նկարչական հայտնի Էլիբեկյան ընտանիքի ավանդույթների պահպանողն ու զարգացնողն էՙ ժամանակակից մտածողությամբ, ավելի տպավորապաշտական միտումներով ու գունային լուծումներով: Նա վաղուց ապրում է Կանադայում եւ բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել ինչպես այս, նաեւ եվրոպական այլ երկրներում, մասնավորապես Ֆրանսիայում: Նրա նկարչական աշխարհը սիրում է քաղաքային միջավայր ու բնության տեսարաններ, դրանց մեջ ձգվող տարածությամբ. սրճարաններ, փողոցային շարժուն պատկերներՙ մարդկային ֆիգուրներով, գետն իր կամրջով, որոնք հանդարտ, հիմնականում կապտականաչի մեջ են ներծծված:
Հետաքրքրական ու բազմաշերտ են Հասմիկ Սեւոյանի պատկերաձեւերն ու գունային մեկնաբանությունները. ինքը սիրում է թափանցիկ շերտերի հարթության միջով քնարական զգացումներ դրսեւորել: Վերացարկված ձեւերի մեջ ակնհայտ են ներքին տրամադրությունների շարժումներ. գունային եւ հատկապես դրանց միջից «առկայծող» պատկերները հիշեցնում են Էդուարդ Խարազյանի նկարչությունը:
Ֆիգուրների դեֆորմացիան գունանկար կոնտրաստներում հեքիաթային, անիրական իրավիճակներ են ստեղծում Գագիկ Շահինյանի կտավներումՙ գույների հանդարտությունը ստատիկ վիճակ է փոխանցում. ասես քնի մեջ են իր հերոսները:
Վաղարշակ Էլիբեկյանի գունային վառ դրսեւորումներովՙ մուգ կապտամանուշակի, դեղնակարմրի ու գորշի խաղացկուն գալարումները ասես թաքցնում են իր հայացքը:
Սրահի առանձին հատվածում Նորա Հակոբյանի «Պատկերների բնությունը» շարքի աշխատանքներն ենՙ անսպասելի հայտնության պես: Ուզում եմ խոսել Նորայիՙ մարդկային նկարագրի այս թանկ ու հազվադեպ գոյության մասին: Երբ ճանաչում ես, ներսումդ ծնվող տաք զգացումը պիտի փայփայեսՙ ինչպես հանկարծակի գտած հարստություն: Նորան իր նկարներում լուռ մենախոսում կամ թեՙ երկխոսում է բնության հետ: Բայց բնությունը ընդամենը արտաքին ներկայացում է, մակերես, պատկեր: Քիչ չեն այնպիսի ստեղծագործություններ, որտեղ պատկերի ռեալությունը տեսանելի իր վիճակից դուրս այլ աշխարհ է ներկայացնում: Բայց սա ուրիշ է, նկարչուհին նրբագծային ձեւերի մեջ ոչ թե զուտ բնության, այլ պատկերի բնությունն է նկարում, որոնց ամեն շարժման մեջ հոգեկան վիճակ-տրամադրությունների ելեւէջումներն ակնհայտ տարածված են:
Որքան կարոտ կա նկարի հեռուներում. մաքուր գծանկարների ետեւում որքան բանաստեղծական երազ, թույլ գույներից ծնվող խոհերՙ հարազատ ինքնարտահայտությամբ: Եվ այդ նույն քնքշությունը, մեղմությունը, տաքությունն անգամ չորացած ծառերի մեջ են: Ծառը մտածողակիր էակ է, եւ պատահական չէ ծառի այս կերպարըՙ իր բաց մերկության մեջ նույնքան գեղեցիկ ու խոսուն, որքանՙ սաղարթների մեջ փակված: Ծառի կերպարային լուծումով նկարչուհին բացում է ներաշխարհի գույներ, որոնց երկխոսությունը ետմիջօրեի հետ, մայրամուտի ու լուսաբացի հետ հոգեկան տրամադրությունների արտահայտություններ ենՙ երբեմն տագնապահար, երբեմն խաղաղ, երբեմն ունայնության, բայց միշտ կարոտի ելեւէջներն են ներկա... Ու ներկա է սերը:
«Ինչո՞ւ ծառ»: «Մարդ է ծառը, բնավորություն ունի, հոգի ունի, ամբողջ մի աշխարհ :
Դալմայի այգու ծառերն են, բայց որպես այսպիսին, չկան, տեղից տեղ շարժվումՙ մի ճյուղ այստեղից, մի կադր մյուսից եմ վերցնում: Իրենք օգնում են, բայց շատ են հզոր, քան դու, ու դա ինձ ջղայնացնում էր, ուզում ես դու ղեկավարես, բայց ինքն է քեզ ղեկավարում: Պիտի սիրես, մտնես այդ հարաբերությունների մեջ, որի համար ժամանակ է պետք: Կարեւորը ճանապարհն է այդ վիճակի մեջ հաճախ հայտնվելու» :
«Առանձնությունը գուցե օգնո՞ւմ է»: «Տրամադրությունը շատ կարեւոր է, մենակությունն ինձ համար վաղուց իրական վիճակ է, այնքան էլ հաճելի բան չէ. մարդկային ջերմությունն է ապրեցնողը, սիրո ջերմությունը...» :
Նորան Հակոբ Հակոբյանի ավագ դուստրն էՙ մասնագիտությամբՙ ճարտարապետ: Վարպետին էլ այստեղ հանդիպեցի ու զրուցեցի մի փոքր: «Ընդհանուր մաքրությունը իրենց գործերի, մթնոլորտի, ցույց է տալիս, որ արվեստի գործեր ենՙ որեւէ բանով չպայմանավորված: Հեղինակներն ազատ մարդիկ են, որ սիրում են իրենց գործը» : Վարպետը հետո խոսեց Հենրիկ Իգիթյանի մասին: «Կարծում եմՙ ավելի կարեւորություն պիտի տային այսօրվանՙ 40-ամյակն է այս թանգարանի, որ Սովետական Միության պատմության մեջ բացառիկ մեկ բան է: Արվեստի նկատմամբ հավատի ուժ պիտի ունենաս, որ կարողանաս այդ սարսափելի պայմանների մեջ, այդ դիմադրության մեջ ստեղծել այսպիսի թանգարան: Այս թանգարանը Իգիթյանը ստեղծեց :
Մի սկզբունք կա, որ շատ կարեւոր է, նախՙ արվեստագետն է գալիս, ապաՙ արվեստաբանը նրան հետեւում է: Իմպրեսիոնիզմը տերմին է արվեստաբանական. այն ստեղծվեց, երբ Կլոդ Մոնե նկարիչը նկարեց մի նկար, որ կոչեց «Իմպրեսիա», այսինքնՙ տպավորություն :
Արվեստաբանը տեսակ մը արվեստագետի եղբայրն է, իր կողքին է կանգնում, ուզում է օգնելՙ լուսաբանելով, պաշտպանելով: Եվ, ահավասիկ, Սովետական Միության մեջ քանի որ արվեստ չկար, արվեստաբան ալ չկար: Բայց ավելի սարսափելին այն էր, որ արվեստի տեսությունը արվեստից առաջ էր ընկած: Իգիթյանը արվեստաբանի նոր տեսակ էր, երբ հայտնվեցին Մինասը եւ ուրիշներ, նաՙ ազատ մտածող այդ տղան, կանգնեց նրանց կողքին, գնահատեց, ինքը սկսեց ընտրել :
Ահավասիկ այս թանգարանը խորհրդանշական իմաստ մը ունի: Երեխաները նրանք են, որ ստեղծագործում են նաեւ առանց իմանալուՙ ինչ են անում, դրանք անգիտակցականի արտահայտություններ են: Իգիթյանը ուշադրություն դարձրեց երեխաներին, նա հիմնեց նաեւ ժամանակակից արվեստի թանգարանը եւ մարդկանց, ում սիրում էր, պաշտպանում, ուզեց ցույց տալ, հակադրել, եթե կուզես: Իգիթյանը պետք է ըսել, բացառիկ մարդկանցից էր, որ հատուկ նշանակություն ունեցավՙ որպես մշակույթի գործիչ» :
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Նկար 1. Նորա Հակոբյան. «Պատկերների բնությունը» շարքից, 1994
Նկար 2. Արեգ Էլիբեկյան. «Փարիզ, Մարե թաղամաս»