Մայիսի 3-ին ամբողջ աշխարհում նշվում է մամուլի ազատության միջազգային օրը:
Երեկ Նկարիչների միությունում բացվեց «Մամուլի ազատություն. տեղեկատվություն ստանալու իրավունք» թեմայով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:
Միջոցառումը կազմակերպել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համատեղ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս տարի մամուլի ազատության համաշխարհային օրը նվիրել էր լրագրողների` տեղեկատվություն ստանալու իրավունքին:
«Միջոցառման նպատակն է հանրության եւ իշխանությունների ուշադրությունը հրավիրել Հայաստանում մամուլի եւ տեղեկատվության ազատության հիմնախնդիրներին», նշեց ԻԱԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը :
Ցուցահանդեսում ներկայացված են 30 լուսանկար, որոնք հետագայում հրապարակվելու են կատալոգում:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը , ով ներկա էր բացման արարողությանը, իր ելույթում նշեց.
«Այս օրը նաեւ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում այն լրագրողներին, որոնք իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս հանդիպում են բռնությունների ու հարձակումների: Լրագրողների հարցերով հանձնաժողովի 2009-ի հաշվետվության համաձայն` տարվա ընթացքում սպանվել են 71 լրագրողներ: Մենք դատապարտում ենք լրագրողների նկատմամբ ոտնձգությունները, պետք է ամեն միջոց ձեռնարկել, որպեսզի լրագրողների աշխատանքի համար ստեղծենք լավ պայմաններ»:
Մարի Յովանովիչը հավելեց, որ վերջերս Freedom House-ի զեկույցում Հայաստանը նորից նշված էր ոչ ազատ, եւ մամուլին վերաբերող խնդիրների շարքում նախանշված էին բռնությունները, ինքնագրաքննություններն ու կողմնակալ մոտեցումը:
Լուսանկարների հեղինակներն իրենց հերոսների միջոցով ցույց են տալիս, որ մեր երկրում բացակայում է խոսքի ազատությունը եւ լուսանկարների միջոցով նրանք փորձում են կյանքի կոչել տեղեկատվություն ձեռք բերելու իրենց իրավունքը:
Ֆոտոլրագրող Անահիտ Հայրապետյանը , որ ցուցահանդեսի մասնակիցներից էր ասաց. «Ցուցահանդեսը նվիրված է մամուլի ազատությանն ու մարդու իրավունքներին, բայց անգամ այս սրահում չեն հարգում ֆոտոլրագրողին»:
Ա. Հայրապետյանը դժգոհեց մի թիկնապահի վերաբերմունքից, որը կոպտորեն հրել էր նրան, որպեսզի մի պաշտոնյայի քայլելու համար տեղ ազատի:
Ըստ Ա. Հայրապետյանի` Հայաստանում ազատ է այն, ինչը, որ չպետք է ազատ լինի, իսկ մամուլի ազատությունը, որն անհրաժեշտ է, իսպառ բացակայում է:
«Մենք կոչ ենք անում, որ լրագրողների նկատմամբ հարձակումների ու ոտնձգությունների դեպքերը հետեւողականորեն քննության առնվեն, քանզի անպատժելիության մթնոլորտը կարող է նպաստել վիճակի հետագա վատթարացմանը: Ակնկալում ենք` կներդրվի զրպարտության մասին օրենքի նոր դրույթը եւ այս տարվա հուլիսից հեռարձակման նոր լիցենզիաները կտրամադրվեն արդարացի կերպով,- նշեց Մ. Յովանովիչը,-նաեւ ողջունում ենք Հայաստանի կառավարության կողմից էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը, որը հնարավորություն է ստեղծում, որ Հայաստանի քաղաքացիների համար կառավարության կողմից տնօրինվող տեղեկատվությունը հեշտությամբ հասանելի լինի»:
Ֆոտոցուցահանդեսը բաց է լինելու մի շաբաթ, ներկայացված լուսանկարներն արվել են սկսած 1988 թվականից:
Հետաքրքրական էր «ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան. իրազեկվելու պահը» լուսանկարը, որի հեղինակն է Գագիկ Շամշյանը:
Արմեն Աշոտյանը , որ ներկա էր միջոցառմանը, նշեց. «Կցանկանայի`որպես հասարակություն ինքներս կատարենք ազատության չափագրումը եւ այդ չափագրումները չվստահենք որեւէ միջազգային կազմակերպության եւ չընդունենք նրանց զեկույցները որպես վերջին ատյանի ճշմարտություն: Քաղաքական մշակույթի աճմանը զուգընթաց ցանկալի է` աճեր նաեւ խոսքի ազատության մշակույթը: Հայաստանում մամուլի ազատությունը դեռեւս աճելու տեղ ունի»:
Ֆոտոլրագրող Սարգիս Վիրաբյանը նշեց, որ մեր երկրում մամուլի ազատություն, անշուշտ չկա, բայց եթե դրան նվիրված միջոցառում է կազմակերպվում, ուրեմն ամեն ինչ դեռ կորած չէ:
Բացման արարողությանը ներկա էր նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը , ով իր ելույթում ասաց. «Տեղեկատվության ազատությունն ու մատչելիությունն առանցքային կարեւորություն ունեն մարդկային արժանապատվության պաշտպանության համար եւ քաղաքացիներին հնարավորություն են ընձեռում ակտիվ մասնակցություն ունենալ հանրային կյանքում»:
Խոսքի ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից է, որն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածում:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան ասաց.
«1993թվականին ՄԱԿ-ի կողմից մայիսի 3-ը հայտարարվեց մամուլի ազատության օր: Տեղեկատվության ազատությունն անքակտելիորեն կապված է արտահայտման ազատության հետ, ուստի հիմնորեն կապված է նաեւ լրատվամիջոցների ազատության հետ»:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ