Նալչիկում ընթացող շախմատի Գրան պրիի մրցաշարում հայ շախմատիստուհիներին ոչ մի կերպ չի հաջողվում կարգավորել խաղը:
5-րդ տուրում նրանց միջեւ կայացած մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի: Իսկ ահա հաջորդ տուրում մեր շախմատիստուհիները կրկին անհաջողության մատնվեցին: Էլինան սպիտակներով պարտվեց Հոու Յիֆանին, Լիլիթը սեւերով զիջեց Մոնգոնտուլին: 6 տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը 2,5 միավորով 9-րդ տեղում է, իսկ Դանիելյանը մեկ միավորով շարունակում է եզրափակել աղյուսակը:
Հաղթարշավն է շարունակում մրցաշարի միանձնյա առաջատար Տատյանա Կոսինցեւան: Նա հերթական հաղթանակները տոնեց Նանա Ձագնիձեի եւ Բաիրա Կովանովայի նկատմամբ եւ 5,5 միավորով վստահորեն գլխավորում է աղյուսակը: Նրան 1,5 միավոր է զիջում Հոու Յիֆանը, որը բացի Դանիելյանից, հաղթեց նաեւ ժաո Քսյուին:
3,5-ական միավորով 3-5-րդ տեղերն են բաժանում Նանա Ձագնիձեն, Պիա Կրամլինգը եւ Ժու Չենը: Նրանց կես միավոր են զիջում Կովանովան, Կոներուն եւ Մոնգոնտուլը: Յիլդիզը վաստակել է 2 միավոր, Քսյունՙ 1,5:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ