Ֆրանկոֆոնիայի համաժողով Ազգային ժողովում
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայաստանի Ազգային ժողովում երեկ գումարված Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի տարածաշրջանային համաժողովին ներկա էին Եվրոպայի տարբեր երկրներից եկած 80 մասնակիցներ: Սա քառօրյա համաժողով է` բավական լուրջ կազմված ծրագրով, բավական լուրջ բանախոսներով, եւ ինչպես մասնակիցներն էին նշում, արդեն իսկ փաստը, որ ՖԽՀ-ի համաժողովն անցկացվում է Երեւանում (ԱԺ նախագահի հրավերով), դրական իրողություն է Հայաստանի համար: Մեր երկիրն այդ կազմակերպությունում ասոցացված անդամի կարգավիճակ է ստացել 2008 թվականին, ընդունելով ֆրանկոֆոնիայի ընդհանուր արժեքները եւ ստանձնելով դրանց տարածմանը նպաստելու պատրաստակամություն: Այս համաժողովն ամբողջովին նվիրված էր կրթական խնդիրներին եւ մասնավորապես` դպրոցական կրթությանը:
Ի դեպ, ելույթ ունենալով համաժողովում, Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ դարեր ի վեր ֆրանսերենը մեր ժողովրդի համար եղել է ավելին, քան իբրեւ հաղորդակցության լեզու:
«1915-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության հետեւանքով Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բերլգիայում, Կանադայում, Մերձավոր Արեւելքի երկրներում ապաստանած հայ ժողովրդի զավակների համար ֆրանսերենը դարձավ ստեղծագործելու եւ արարելու լեզու` Շառլ Ազնավուրի, Վահե Քաչայի, Անրի Վեռնոյի, Գառզուի, Ժանսեմի, Ալիս Սափրիչի եւ այլ հայազգի գործիչների համար», դահլիճում նստած ֆրանսախոս պատվիրակներին ասաց-տեղեկացրեց ԱԺ նախագահը` նշելով դարեր մայրենիի պահպանման համար պայքարող հայ ժողովրդի պարագան, նաեւ` այլոց լեզուն եւ մշակույթն իմանալու անհրաժեշտությունը եվրոինտեգրման քաղաքականություն որդեգրելու ճանապարհին: Հավանաբար նկատի ունենալով համեմատաբար լայն ներկայացված լսարանը` եվրոպական երկրների առումով, նա նաեւ խոսեց հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացներից: «Մինչ Հայաստանը բազմիցս հայտնել է ստանձնած պարտավորությունները կատարելու իր պատրաստակամությունը, Թուրքիան ի սկզբանե խուսանավում էր` զանազան պատրվակներ եւ պատճառներ բերելով, խոսքից հետ կանգնելով, արձանագրությունները կապելով ԼՂ հակամարտության հետ` ձգձգելով դրանց վավերացումը, դրանով իսկ արգելակելով հարաբերությունների կարգավորման գործընթացը: Նման նախապայմանների առաջադրումն անընդունելի է Հայաստանի համար: Եվ մեր երկրի նախագահը հրամանագիր է ստորագրել արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու համար: Հայաստանն առայժմ դուրս չի գալիս գործընթացից, մենք սպասում ենք, որ Թուրքիան կառուցողական մոտեցում ցուցաբերելու կամք դրսեւորի», ասաց Հ. Աբրահամյանը` նշելով, որ Հայոց ցեղասպանության հարցը չի կարող դրվել եւ չի դրվի որեւէ քաղաքական աճուրդի կամ սակարկության: ԼՂ խնդիրն էլ, ըստ ԱԺ նախագահի, կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ ոչ միայն այն պատճառով, որ արձանագրություններում այդ մասին խոսք չկա, եւ դրանք առանձին գործընթացներ են, այլեւ` որովհետեւ Ցյուրիխում արձանագրությունները ստորագրել են Հայաստանն ու Թուրքիան, ոչ թե ԼՂՀ-ն եւ Ադրբեջանը:
ԱԺ նախագահի ելույթից հետո ներկայացվեց ՖԽՀ գլխավոր քարտուղար Ժաք լը Ժանդրի ուղերձը, իսկ ՖՀԽ տարածաշրջանային առաքելության ղեկավար Ժան Պոլ Վահլը Հայաստանի եւ Ֆրանկոֆոնիայի կապերի համատեքստում կարեւորեց հայկական սփյուռքի դերակատարությունը Ֆրանսիայի քաղաքական, մշակութային եւ այլ ոլորտներում, նշելով, որ հայազգի հանահայտ մարդիկ հարստացնում են Ֆրանսիայի մշակույթը: ՖՀԽ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր խոսքում նկատեց, որ հայկական պատվիրակությունը ՖԽՀ-ում կունենա իր ուրույն դերը, նրա խոսքից պարզ դարձավ, որ ԱԺ պաշտոնական կայքէջը նաեւ ֆրանսերեն տարբերակ կունենա: Հայաստանի ԱԳ նախարարի խորհրդական Քրիստիան Տեր-Ստեփանյանը նշեց Հայաստանի իշխանությունների կամքի մասին` ֆրանսերենը համալսարանական մակարդակով զարգացնելու առումով:
Հետագա ելույթներն անդրադարձներ էին կրթական համակարգերի մարտահրավերներին` Հայաստանի, տարածաշրջանի եւ Եվրոպայի մակարդակով: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոսեց Հայաստանի կրթության համակարգի` «փոփոխվելով` պահպանել» կարգախոսի եւ գլոբալ աշխարհում առողջ ավանդույթի տարրերն ու ազգային դիմանկարը պահպանելու մասին, իսկ մի շարք եվրոպական երկրների խորհրդարանականներ ներկայացրին իրենց կրթական համակարգերի առանձնահատկությունները:
ԱԺ դահլիճը դեռեւս երկու օր տաք քննարկումների վայր կլինի ՖԽՀ տարածաշրջանային 23-րդ համաժողովի մասնակիցների համար: