Հայաստանը իբր ժամանակ է խնդրել Բաքվիցՙ որոշ տարածքներ վերադարձնելու համար: Ադրբեջանի հեռուստաընկերություններից մեկի եթերում այսպիսի հայտարարություն, իսկ ավելի ճիշտ բնութագրելու դեպքումՙ անհեթեթություն է ասել երկրի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը , որին որպես կանոն խոսեցնում են բոլոր այն «անդուր» հայտարարությունները անելու անհրաժեշտության դեպքում, երբ այդպիսիք չի ցանկանում բարձրաձայնել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Ազիմովի հայտարարություններում ողջամտությունն առավել պակաս է դրսեւորվել նաեւ հայ-թուրքական իրողությունների համատեքստին անդրադառնալիս: Մասնավորապես, ըստ ադրբեջանական կայքէջերի մեջբերումների, Ազիմովն ասել է, թե Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը առաջին փուլում կարող էր բացվել «հինգ շրջանները եւ Լաչինի ճանապարհն ազատելով», ինչն էլ իբր ցույց կտար Բաքվի «բարի մտադրությունները Երեւանի առնչությամբ»:
«Հինգ շրջանները պետք է ազատվեն, ու բացվի Լաչինի ճանապարհը: Լաչինը եւ Քելբաջարը ազատելու համար Հայաստանը ժամանակ է պահանջում: Այդ ժամկետները պետք է որոշվեն, ու այդ առնչությամբ համանախագահների առաջարկություն գոյություն ունի», բնույթով հետաքրքրական, բայց առավել շատ մտահոգիչ տոնայնություններով հայտարարության հեղինակը թերեւս Ազիմովը չէ, սակայն բարձրաձայնել է հենց նա:
Այսքանն, ըստ էության, նոր տեսակի հայտարարություն էր, իսկ մնացյալը, ինչին անդրադարձել է Արազ Ազիմովը, ադրբեջանական անլրջությունների այնպիսի շարքից է, ինչպիսին է, ասենք, Լեռնային Ղարաբաղին «ժամանակավոր կարգավիճակ տալու» հույսը, իսկ ավելի շուտՙ մտայնությունը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ