«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2010-05-01 | #80, 2010-05-04 | #81, 2010-05-05


ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՅԱՄԵՐՆԵՐԻ» ԳՅՈՒՏԱՐԱՐ ՌԱՅՄՈՆԴ ՏԱՄԱՏՅԱՆԻ ՀԵՏ

Ամերիկահայ մի շարք առողջապահական կազմակերպությունների, այդ թվումՙ բժշկական, դեղագործական եւ ատամնաբուժական ընկերությունների համատեղ ջանքերով ապրիլի 17-ին Բոստոնի «Թաջ» հյուրանոցում գարնանային գալա-հանդիպում է տեղի ունեցել բժշկագիտական սարքավորումների ասպարեզում հայտնի գյուտարար դոկտ. Ռայմոնդ Տամատյանի (Raymond Damadian) հետ:

Հայաստանում թե սփյուռքում քչերը գիտեն, երեւի, որ Տամատյանի մի շարք գիտական-տեխնոլոգիական նվաճումների արդյունքում ստեղծվել է մագնիսական ռեզոնանսային պատկերման (ժողովրդական լեզվովՙ «Յամերների») հույժ կարեւոր (MRA) սարքը, որը մեծ դերակատարում ունի մարմնի բազմաշերտ ուսումնասիրությունների ճշգրտման գործում:

1970-ին նա իր իսկ հայտնաբերած գիտական սկզբունքների հիման վրա ստեղծում է առաջին մագնիսական ռեզոնանսային սքաները: 1978-ին հիմնել է «Ֆոնար» ընկերությունը, որն արդեն 1980-ին թողարկել է աշխարհում առաջին կոմերցիոն «Յամերը»: 1981-ին նա ճանաչված գիտնական էր: Յոթ տարի անցՙ 1988-ին նախագահ Ռոնալդ Ռեյգանի ձեռամբ նա ստանում է (իր գործընկերոջ հետ) տեխնոլոգիաների զարգացման ասպարեզում շնորհված «Ազգային մեդալըՙ անհատական նվիրման համար»:

Մի տարի անց նա «մուտք է գործում» Մ. Նահանգների արտոնագրման գրասենյակի «Ազգային գյուտարարների պատվո սրահ» եւ իր արժանի տեղը գրավում այնտեղ այնպիսի հայտնի տեխնոլոգների կողքին, ինչպիսիք են Օրվիլ եւ Ուիլբուր Ռայթերը, Հենրի Ֆորդը, Թոմաս Էդիսոնը եւ Ալեքսանդր Գրեհեմ Բելը, որոնց հայտնագործությունները շրջադարձային են եղել աշխարհում գիտական զարգացման ասպարեզում:

Լինելով առաջատար նորարարական ընկերություն, «Ֆոնարն» այժմ ունի 400-ից ավելի աշխատողներ: Նրանց ուժերով 300 «Յամերներ» են տեղադրվել աշխարհի տարբեր երկրներում ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդագրության, որից թարգմանաբար վերցրել ենք նյութը:

Ավելացնենք պարզապես, որ դոկտ. Ռայմոնդ Տամատյանն ու դոկտ. Ավետիս Խաչատրյանը (համազիգոտային ընտանեկան հիպերխոլեստերոլեմիայի գենետիկայի բնագավառից), որի մասին «Ազգը» գրել էր 2009-ի հուլիսի 29-ի համարում, իրոք արժանի են ստանալու Նոբելյան մրցանակ, ինչպես քանիցս նշել են իրենց օտարազգի գործընկերները:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4