Վերջերս Հալեպի համալսարանում հայկական մշակույթի շաբաթվա շրջանակներում` Սիրիայի ազգային ուսանողական միության Հալեպի մասնաճյուղի եւ Հայ ուսանողական միության համատեղ ջանքերով բացվեց «Հալեպը եւ նրա արվարձանները հայ լուսանկարիչների աչքերով» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը:
Ներկայացված էր Հալեպի` 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին հին թաղամասերն ու փողոցները: Լուսանկարներում արտացոլված էին քաղաքի սոցիալական եւ առեւտրային կյանքը, պատմամշակութային տները, հուշարձաններն ու Անտիոքը Քինեսրին կապող հռոմեական ճանապարհը: Առանձնանում էին քաղաքի հին շուկաները, պատմական մզկիթներն ու ժողովրդական տարազը ներկայացնող լուսանկարներն ու գյուղական համայնապատկերը:
Հղում կատարելով «Սանա»-ին` Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալությանը, «Discover Syria» կայքէջը հաղորդում է, որ ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են Բերիո Հայոց թեմի առաջնորդ տեր Շահան եպիսկոպոս Սարգսյանը, Հալեպի համալսարանի «Բաց կրթություն» ծրագրի պրոռեկտոր Սամիր Սաադը, Ուսուցիչների միության Հալեպի մասնաճյուղի նախագահ Ահմադ Իսան, Սիրիայի ազգային ուսանողական միության Հալեպի մասնաճյուղի նախագահ Մուստաֆա Ղարիբին:
ՄՈՎՍԵՍ ԽԵՉՈ