Դրա հրավիրումը ժխտողականության միջնաբերդ Անկարայում հակասում է ցեղասպանության թուրքական թեզին
Հ. ՉԱՔՐՅԱՆ
Չնայած հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման փաստին, Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվել: Դա բնույթով շարունակում է մնալ հակահայկական: Չի փոխվել նաեւ Հայոց ցեպասպանության հարցում Թուրքիայի որդեգրած ժխտողական դիրքորոշումը: Այսինքնՙ Թուրքիան դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար չի հրաժարվում Հայաստանին նախապայմանների առաջադրումից, ոչ էլ վերանայում է ցեղասպանության ժխտողականությունը:
Սակայն դա չի խանգարում, որ ապրիլի 24-25-ը երկօրյա գիտաժողով հրավիրվի ժխտողականության միջնաբերդ Անկարայում, այն էլ Մեծ եղեռնի զոհերի հիշատակման օրը, ընդ որում գիտաժողովին թուրքահայ Սեւան Նշանյանի հետ հրավիրվեն «Արմինյն Ուիքլի» շաբաթաթերթի Խաչիկ Մուրադյանի, Բոստոնում «Հրանտ Դինքի բարեկամների» ընկերության նախագահ Հարրի Բարսեղյանի պես ամերիկահայ գործիչներ, եւ «Հայկական հարցը: Ի՞նչ պետք է արվի եւ ինչպե՞ս» թեմայով գիտաժողովը քննարկի ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման, այլեւ փոխհատուցման հարցեր, թե Թուրքիան պարտավոր է վերադարձնել բոլոր բռնագրաված ինչքերը, ներառյալՙ հողային եւ նյութական, ընդհուպ եկեղեցապատկան ունեցվածքը:
Էլ չենք խոսում կոնֆերանսի թուրք մասնակիցների մասին, որոնց թվում են այնպիսի անուններ, ինչպիսիք են հայտնի գիտնական Իսմայիլ Բեշիքչին, իրավապաշտպան, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն, նրա հետեւորդ Սաիթ Չեթինօղլուն, Թեմել Դեմիրերը եւ այլք: Այս մտավորականները, մասնավորապես Զարաքոլուն, Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ճանաչելու համար բանտարկվել կամ հետապնդվել են դատական կարգով: Նրանցից ոմանք առ այսօր հետապնդվում են, մինչդեռ Թուրքիայում գիտնական են համարվում պաշտոնական թեզիՙ ժխտողականության պաշտպանները, այլ ոչ թե ցեղասպանությունը ճանաչողները:
Ակամա հարց է ծագումՙ ինչո՞վ պայմանավորել ապրիլի 24-25-ը փոխհատուցման պահանջներով գիտաժողովի հրավիրումը Անկարայում: Ակնհայտ է, որ առանց գիտաժողովի արդյունքներն ամփոփելու եւ դրա հրավիրման իսկական առաջադրանքը ճշտելու ու բուն նախաձեռնողին պարզելու դժվար է միանշանակ պատասխանել հարցին:
Նախաձեռնողին եւ առաջադրանքը պարզելու համար անհրաժեշտ է գիտաժողովի արդյունքների ամփոփումը, իսկ դա ենթադրում է զեկուցումների մասին գոնե մասնակի տեղեկությունների իմացություն: Հատկանշական է, որ 1915-ի ցեղասպանության 95-րդ տարելիցին աննախադեպ գիտաժողով է կազմակերպվում Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի «Մտքի նախաձեռնության ազատություն» հասարակական կազմակերպության մտահղացմամբ, ավարտին կազմակերպիչները հաղորդագրություն, ըստ ամենայնի, չեն տարածում, ոչ էլ թուրքական մամուլն է արձագանքում գիտաժողովին:
Մինչդեռ այդ նույն մամուլը դեռեւս անցյալ տարվա վերջերից շարունակ արծարծում էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի առաջիկա ուղերձի հարցն ու կանխատեսումներ էր անում ուղերձի հնարավոր բովանդակության մասին: Այս ամենի լույսի տակ կարելի է ասել, որ փոխհատուցման պահանջներով Անկարայում հրավիրված գիտաժողովը առաջացնում է լուրջ հարցականներ: Ըստ երեւույթին բուն կազմակերպիչները իրազեկվածությունը մասնակիցների նեղ շրջանակով սահմանափակելու նկատառումով գիտաժողովի աշխատանքները լուսաբանելու հնարավորություն չեն տվել թուրքական մամուլին: