«Ազգի» երեկվա համարում Հայկ Մարտիրոսյանի ստորագրությամբ տպագրել էինք «Ցեղասպանությանն առնչվող երկու անընդունելի դեպք ԱՄՆ-ի հայ համայնքում» խորագիրը կրող հոդվածը, որի «երկրորդ դեպքի» առնչությամբ Նյու Յորքից ստացել ենք մեր աշխատակից, տեղի ԹՄՄիության ատենապետ Հակոբ Վարդիվառյանի բողոքը:
Հ. Մարտիրոսյանն իր հոդվածում մեջբերվել է ապրիլի 23-ին, Նյու Յորքի Ս. Վարդան եկեղեցիում ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի «ոչ բառացի եւ թարգմանված» խոսքը, որի հիման վրա էլ կառուցվել են յուրովի վերլուծություն եւ դեսպանի մասնագիտական կարողությունների մասին անընդունելի գնահատականներ, գրում է մեր թղթակիցը:
Նման կարեւոր հարցի առնչությամբ, որպիսին է Հայոց ցեղասպանության թեման, ցանկալի կլիներ, որ պատմաբանն իր մեկնաբանությունները հնչեցներ բառացիորեն նշվածի կամ ասված խոսքի հիման վրա եւ միայն հետո խոսքը կամ ելույթը ենթարկեր վերլուծության, քննադատության, մեկնաբանության:
Հոդվածագիրը նշում էր, որ դեսպանն իր խոսքում ասել է «ճնշված եւ հարստահարված ազգի ազատ լինելու ցանկությամբ պայմանավորված ապստամբելու արդար հանգամանքը որեւէ կերպ իրավունք չի տալիս հարստահարող եւ ճնշող միավորին իրականացնելու Ցեղասպանություն», իսկ մեկ այլ մասում նշում էր, թե դեսպանն արտահայտել է հետեւյալ միտքըՙ «իրենք (թուրքեր) ճնշել են հայերի ըմբոստությունները»:
Մինչդեռ, ըստ Հ. Վարդիվառյանի, այդ մտքերի փոխարեն նշվել է. «Պատմության ընթացքում Հայաստանը եւ հայերը բազմիցս ենթարկվել են անհանդուրժողականության սարսափելի հետեւանքներիՙ հիմնարար իրավունքներից եւ ազատություններից օգտվելու ցանկության համար:
Զարմանալի չէ, որ իշխող քաղաքական կամ ազգային խմբի` այլ խմբին տիրապետելու` այդ թվում նաեւ ճնշելու միջոցով, վճռականությունը, վերջ ի վերջո կարող է ստիպել ճնշված խմբին դիմել բողոքի` ազատության եւ ազատ ապրելու իրավունքը որոնելու եւ իր սեփական ճակատագիրը տնօրինելու համար»:
«Ֆիզիկական, մշակութային եւ խմբային գոյատեւությունն ապահովող Ժողովրդի այս բնազդն է, որը հաճախակի որպես պատրվակ օգտագործվում է արդարացնելու համար ճնշման գերագույն ձեւը, մեծապես ծրագրավորված գործողություններնՙ ուղղված այդ ժողովրդի բնաջնջմանն` այն էՙ ցեղասպանություն»:
Հ. Վարդիվառյանին հատկապես վրդովեցրել է հոդվածագրի այն միտքը, որ «թեպետ դեսպանի ելույթն արժանացավ ծափահարությունների, սակայն, ակնհայտ էր դահլիճում տիրող դժգոհությունը»:
«Չհասկցանք, գրում է մեզ Հ. Վարդիվառյանը, ինչպես կարելի է դժգոհելով ծափահարել»: Մինչդեռ, հուշ-երեկոյից անմիջապես հետո, բոլոր մասնակիցները եկեղեցու մեկ այլ սրահում կայացած ընդունելության ժամանակ ՀՀ դեսպանին որեւէ բողոք, ցասում, անհամաձայնություն կամ դժգոհություն (ինչպես որ նշում է հոդվածագիրը) կապված 15-20 րոպե տեւած նրա խոսքի առնչությամբ չի հայտնվել, չի նշվել, չի հնչեցվել` ընդհակառակը ...
Ցավում ենք մեր կողմից չստուգված տեղեկատվություն հրապարակելու համար:
«ԱԶԳ»