Մայիսի 30-ին Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, որոնց ինչպե՞ս եւ ի՞նչ արդյունքով անցկացումը Ջավախքում քննարկման թեմա էր դարձել երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված «Երկիր» միության խորհրդի նախագահ Սեւակ Արծրունու եւ միության ծրագրերի կոորդինատոր Ռոբերտ Թաթոյանի համար:
Սեւակ Արծրունին դեռեւս 2006 թ, հոկտեմբերին Վրաստանում անցկացված տեղական ընտրությունների հետեւանքով տեղի ունեցած բողոքի ցույցերի ու ծեծկռտուքների, նաեւ ձերբակալությունների ընթացքը միասնական էր դիտարկում սպասվող ընտրությունների համատեքստի հետ:
Արծրունին հիշեցրեց, որ վերջերս Արգիշտի Կիվիրյանն ասուլիսում արդեն հայտարարել է, թե նախորդ տարվա ապրիլի 30-ին իր դեմ իրականացված բռնության պատճառը Ջավախքի խնդիրներին վերաբերող հոդվածներն են, իսկ մահափորձի կազմակերպիչն էլ Ախալքալաքի ոստիկանության պետ Սամվել Պետրոսյանն է:
«Երկիր» միության խորհրդի նախագահը պարզաբանեց, որ Ջավախքում դժգոհության ալիք բարձրացավ, երբ բնակչությունը չհաշտվեց 2006-ի տեղական ընտրությունների կեղծիքների հետ: Ցույցի ելած ժողովրդի ուղղությամբ այդ ժամանակ կրակել էր Ջավախքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի որդին` Գեորգի Պետրոսյանը, որն այսօր հայտնվել է տեղական ընտրությունների իշխանական կուսակցության թեկնածուների ցուցակի երկրորդ տեղում:
Ընտրական «պայքարը» որոշ ժամանակ անց շարունակվեց Երեւանի մերձակայքում, երբ հարձակման ու ծեծի ենթարկվեցին Չախալյանները, դանակահարվեց Գուրգեն Շիրինյանը: Դրանից հետո Ախալքալաքի ոստիկանապետն էլի հայտնվեց «ընտրաբեմում», այս անգամ հայտարարեց իր տան բակում տեղի ունեցած պայթյունի մասին, որի հետեւանքով բանտում հայտնվեց Վահագն Չախալյանը տասը տարվա ազատազրկմամբ, իսկ Գուրգեն Շիրինյանն էլ, իր տանը խուզարկության ժամանակ ոստիկանի սպանության մեղադրանքով, դատապարտվեց, թեեւ գտնվում է փախուստի մեջ:
Սեւակ Արծրունին նշեց, որ Ջավախքում խնդիրներն, անշուշտ, միայն Սամվել Պետրոսյանով չեն պայմանավորված, սակայն հիմնական ուժային կառույցները ենթարկվում են նրան:
Դեռեւս 1997-ին այն ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը Սամվել Պետրոսյանի գործունեությունը հակասական գնահատելովՙ պահանջել էր հեռանալ, սակայն երկու տարի անց Սամվել Պետրոսյանը կրկին հայտնվել է Ախալքալաքում, այն էլ ոստիկանապետի պաշտոնով: Այստեղից հստակ է, թե ում հրամաններն է ամենայն անձնվիրությամբ կատարում Ախալքալաքի ոստիկանապետը:
Ըստ Արծրունու, այստեղ խնդիրը միայն Սամվել Պետրոսյանը չէ: «Խնդիրն ավելի ճիշտ է դնել ընդհանուր կոնտեքստի մեջ: Սա Վրաստանի իշխանությունների կողմից Ջավախքը հայաթափելու գործընթացի մի մասն է»:
«Երկիր» միությունը մտահոգություն է հայտնում այսպիսի մթնոլորտում ընթանալիք ընտրությունների առնչությամբ` կոչ անելով միջազգային կառույցներին դիտորդական առաքելությամբ հետեւել տեղական ընտրություններին Վրաստանում, հատկապես Ջավախքում, որտեղ պայքարի փորձ են ձեռնարկել Ջավախքի հայաթափման դեմ գաղափարներով հանդես եկող որոշ գործիչներ, բնականաբար, ընդդիմադիր կուսակցությունների ցուցակներում ներգրավվելով:
«Ազգը» հետաքրքրվեց, թե այլ ընտրություններում Ջավախքի անունից ներկայացվող գրեթե 100 տոկոսանոց մասնակցության տվյալների ֆոնին իրականում ինչ տրամադրություններ են գերիշխում ջավախահայության շրջանում: Սեւակ Արծրունին նախ տեղեկացրեց, որ եվրոկառույցների ներկայացուցիչները հանդիպումներում մտահոգություն են հայտնել այդ «գրեթե 100» տոկոսանոց մասնակցության տվյալների առնչությամբ: Այսօրինակ ցուցանիշների ներկայացումն էլ ժողովրդի մեջ ստեղծել է տպավորություն, թե գնան-չգնան ընտրությանՙ մեկ է, այդպիսին են ներկայացվելու արդյունքները:
Հետեւողական ներկայացնելով Վահագն Չախալյանի ու նրա ընտանիքի դեմ դատավարության մանրամասները` «Ազգը» այս հարցում գործուն մասնակցություն ունեցող «Երկիր» միության ներկայացուցիչներից հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում է Չախալյանի գործով վճռաբեկ բողոքի քննությունը: Միության ծրագրերի կոորդինատոր Ռոբերտ Թաթոյանը տեղեկացրեց, որ մայիսի 1-ին լրացել է վեցամսյա ժամկետը, որի ընթացքում վրացական վճռաբեկ ատյանը պետք է քններ բողոքը: Ըստ Թաթոյանի, որոշումը կարող է հրապարակվել օրերս: Եվ քանի որ տասը տարվա ազատազրկման դատապարտված Չախալյանն ու իր փաստաբանները առանձնակի հույս չունեն, թե Վրաստանի վճռաբեկ դատարանը կվերականգնի արդարությունը, նրանք պատրաստվում են եվրոպական դատարան դիմելու գործընթացը մեկնարկելուն:
Ի դեպ, բանտում գտնվող Չախալյանը փաստաբանների միջոցով տեղեկացրել է, որ հայտարարություն է պատրաստում իր եւ իր ընտանիքի վրա Երեւանի մատույցներում տեղի ունեցած հարձակման ու Վրաստանում սպասվող տեղական ընտրությունների առնչությամբ:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ