«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2010-05-04 | #81, 2010-05-05 | #82, 2010-05-06


ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵԱԴՐՎՈՂ ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՈՒԶՈՒՄ Է ՌՈՒՍ ՓԱՍՏԱԲԱՆ ՈՒՆԵՆԱԼ

Մերձդնեստրում կալանավորված հայ լրագրող Էռնեստ Վարդանյանի` Գյումրիում բնակվող հարազատները երեկ բաց նամակներ են հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին եւ վարչապետ Վլադիմիր Պուտինինՙ հայցելով նրանց անձնական միջամտությունը լրագրողի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության հարցում:

  «Ազգը» տեղեկացրել է, որ Էռնեստ Վարդանյանը կալանքի տակ է առնվել ապրիլի 7-ից, Մերձդնեստրի իշխանությունները նրան մեղադրում են Մոլդովայի օգտին լրտեսություն կատարելու եւ հայրենիքի դավաճանության մեջ:

«Ելք չունենալով ստեղծված իրավիճակում, դիմում ենք Ձեզ` որպես մեծ երկրի ազդեցիկ ղեկավարների, միջազգային ասպարեզում առաջատար քաղաքական գործիչների եւ հումանիստների, ակնկալելով Ձեր անձնական միջամտությունը Էռնեստ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության եւ Մերձդնեստրի բանտից նրա անհապաղ ազատ արձակման հարցում», Ռուսաստանի նախագահին եւ վարչապետին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, գրում են հայազգի լրագրողի հարազատները:

Էռնեստ Վարդանյանի կինը հայտնել է, որ ցանկանում է ռուսաստանցի փաստաբան վարձել ամուսնու շահերը դատարանում պաշտպանելու համար: «Մինչեւ ռուսական կառավարությունը չճնշի Մերձդնեստրի իշխանություններին, հարցը չի կարող լուծում ստանալ», ասել է Իրինա Վարդանյանը:

Կալանքի տակ գտնվող ամուսնուն Իրինա Վարդանյանին երկու անգամ են թույլատրել տեսակցել, որից մեկը` կեսգիշերին մոտ, որովհետեւ այդ ժամին է ավարտվել քննչական գործողությունը: Ամուսնու վիճակը նրան դուր չի եկել` Էռնեստ Վարդանյանը եղել է հոգնած, անուշադիր, ցրված, նաեւ` շատ նիհարած: Ինչ վերաբերում է Էռնեստ Վարդանյանի` իր վրա ճնշումների մասին հայտարարությանը, Իրինա Վարդանյանը համոզված չէ, որ դա ամուսինն է փոխանցել, սակայն կարծում է` պատկերն այնպես է ներկայացվում, ինչպիսին կա:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4